ՙ- Самозванец! - От самозванца и слышу!
Արխիվ 12-16- Самозванец!
- От самозванца и слышу!
ԻՍԿ ԵՐԲ ԵՆՔ ԿԻՍԵԼՈՒ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸԽղճուկ հանրահավաք անցկացրած ՀԱԿ-իստների սրտին յուղի հաստ շերտ նստեց. որոշ միջազգային կառույցներ ԱԺ ընտրությունների վերաբերյալ իրենց զեկույցներում ՙքըխ՚ բաներ էին ասել: Զորօրինակ` ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ցնծությամբ հայտարարում է` իբր Հայաստանը չի հանձնել քննությունը: Մինչդեռ, օրինակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նկատում է. ՙՄեր ողջ աշխատանքը, բոլոր բարեփոխական ծրագրերը, իրագործվում են մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելու, ոչ թե արտաքին դոնորներին կամ միջազգային կառույցներին ինչ-որ բան համոզելու համար՚:
ՈՎ Է ԱՄԵՆԱԳԼԽԱՎՈՐ ԸՆԴԴԻՄԱԴԻՐԸ
Էդուարդ Շարմազանովը նաեւ նշում է, որ չի կարծում, թե ՙֆինանսական աջակցության պարագան պայմանավորված է մեր ընտրությունների որակով կամ ժողովրդավարության աստիճանով՚: Խոշոր հաշվով, Արեւմուտքի կրկնակի չափանիշները էապես կապ ունեն աշխարհաքաղաքական գործոնների հետ:
Իսկ մեզանում գնալով ամրապնդվում է կապը ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ, խորանում են գործընթացները այնպիսի կառույցներում, ինչպիսին է, օրինակ, ՀԱՊԿ-ը, իսկ ամերիկյան ազդեցություն հաստատելու հնարավորությունները դառնում են ավելի ու ավելի մշուշոտ: ՙՍիվիլիթասի՚ պարագայում պետությունը նաեւ ցույց տվեց, որ չի ընկրկում ամերիկյան ճնշումներից կամ միջամտության փորձերից:
Այո, փաստ է, որ արեւմտյան կառույցները փորձում են ուժգնացնել ճնշումը այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են առաջիկա նախագահական ընտրությունները, Արցախի հիմնահարցը, հայ-թուրքական հարաբերությունները: Սակայն այդ ամենը եւ անգամ գրանտային ՙկանաչների՚ առատ հոսքը ՙնարնջագույն՚ գործընթացների կարող են հանգեցնել միայն գործունակ ՙնարնջագույն՚ ընդդիմության պարագայում: Իսկ այդ վերջինը, որպես այդպիսին, բացակայում է: Վկայությունը` ՀԱԿ-ի վերջին, առավել քան խղճուկ, հանրահավաքն է: ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը իրավացիորեն նկատում է, որ իշխանափոխությանը ձգտող փողոցի ընդդիմությունը պարզապես սպառվել է, իսկ ՀԱԿ-ի հույսերը ԲՀԿ-ի հետ համագործակցելու վերաբերյալ լոկ պատրանք են: Դե, խոշոր հաշվով, եթե իրերն իրենց անունով կոչենք, ապա ԲՀԿ-ի հետ ՙհամագործակցությունը՚, ըստ ՀԱԿ-ի, ավելի նման է ԲՀԿ-ի շալակ բարձրանալով ինչ-որ հարց լուծելու ձգտմանը:Սակայն ուշագրավ է հետեւյալը. այսպես, ե°ւ ԼՏՊ-ն, ե°ւ Օսկանյանը գործնականում նույն տերմինաբանությամբ խոսում են, որ Արցախի հիմնախնդիրը մտել է փակուղի ու, փաստորեն, թափանցիկ ակնարկում են, որ եթե իրենց հնարավորություն տրվի, ապա նրանք փակուղուց հանող են: Այդ առումով բավականին թեեւ քաղաքավարի, բայց կոշտ Օսկանյանի պնդումները ջախջախել է Վիգեն Սարգսյանը, իսկ բազում վելուծաբաններ պարզապես արձանագրում են Օսկանյանի քաղաքական ինքնասպանության իրողությունը:
Իսկ խոշոր հաշվով, ՙնարնջագույն՚ դաշտում ընթանում է մրցակցություն ՙնարնջագույն՚ միասնական թեկնածու դառնալու համար: Այդտեղ ե°ւ տարատեսակ ինտրիգներ են առկա, ե°ւ այս կամ այն ձեւով ամերիկացիներին ՙէստի համեցեք՚ ասելը, ե°ւ տարատեսակ ՙփիլոյաբանությունները՚: Ու սկզբունքորեն ուրվագծվում են հետեւյալ` միասնական թեկնածուի թեկնածուներ` ԼՏՊ, Րաֆֆի Հովհաննիսյան, Արամ Զ. Սարգսյան, Վարդան Օսկանյան:
Ու քանի որ ՙՍիվիլիթասի՚ շուրջ ընթացող մորմոնական փողերի լվացման հետ կապված իրողությունները բավականին ՙզիբիլիթաս՚ ընթացք եւ միտումներ ունեն, շատ բարձր է հավանականությունը, որ Օսկանյանի գործոնը, որպես այդպիսին, չեզոքացված է լինելու: Իսկ դա նշանակում է, որ էապես սահմանափակվում է ԲՀԿ-ի` ՙնարնջագույն՚ մանեւր անելու հնարավորությունը: Բավականին դժվար է պատկերացնել, որ, օրինակ, նույն ԲՀԿ-ն պաշտպանի ԼՏՊ-ի, Րաֆֆի Հովհաննիսյանի կամ, առավել եւս, Արամ Զ. Սարգսյանի թեկնածությունը: Այդտեղ առանցքային նշանակություն ունեն, անշուշտ, Ռոբերտ Քոչարյանի մոտեցումները, ու ՀՀ երկրորդ նախագահից դժվար է սպասել այդպիսի բան, քանզի նա ԲՀԿ-ն դիտարկում է որպես իշխանական համակարգ վերադառնալու միջոց, բայց ոչ ինչ-որ ՙնարնջագույն՚ ընդդիմադիր կառույց, որը սպասարկելու է ամերիկացիների շահերը, երբ չկա երաշխիք, որ նույն ամերիկացիները Ռոբերտ Քոչարյանին կհամարեն նախընտրելի խաղացող: Դեռ հետաքրքրաշարժ պահ էլ կա` բրիտանական ծագում ունեցող կառույցները, ինչպիսիք են` ՙՉաթթամ հաուզը՚ կամ Միջազգային ճգնաժամային խումբը, դեռ իրենց զեկույցներում մի բան էլ, մեղմ ասած, ոչ նրբանկատ խոսքերով են բնութագրում Ռոբերտ Քոչարյանին:
Սակայն վերադառնանք ՙմիասնական թեկնածու՚ գաղափարին: Եթե Վարդան Սիվիլիթասովիչի հետագա չեզոքացումը նույն տեմպերով ընթանա, ապա ԼՏՊ-ի, Րաֆֆու եւ Արամ Զ.-ի թիմակիցները դժվար թե գան ընդհանուր հայտարարի եւ մեկը մյուսին զիջելու: Գումարած դրան` դեռ օրակարգում է ՀՅԴ-ի կողմից առանձին թեկնածու առաջադրելը: Այնպես որ, ՙնարնջագույն՚ դաշտը տալու է մի քանի մի քանի տոկոսանոց թեկնածուներ: Ու այդ տոկոսները տեղից շարժվելու առանձնապես միտում էլ չունեն, եթե ի հայտ չգան ինչ-որ ֆորսմաժորային իրավիճակներ: Ու այդ առումով, զորօրինակ, ՙՀարսնաքարի՚ ողբերգությունը փորձ արվեց օգտագործելու ընդդիմադիր ակտիվության ալիք ստեղծելու համար: Բայց, ինչպես ցույց կտանք ստորեւ, դա էլ ՙնարնջագույններին՚ շոշափելի արդյունք չի խոստանում:
ՙՀԱՐՍՆԱՔԱՐԻ՚ ԳՈՐԾՈՆԸ
Հարկ է նշել, որ շաբաթ երեկոյան ՙՀարսնաքարի՚ մոտ ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հիշատակին նվիրված մոմավառության ակցիան աննախադեպ մարդաշատ էր, եւ, չնայած հորդ անձրեւին, այն իր ակտիվությամբ շեշտակիորեն տարբերվում էր ՀԱԿ-ի վերջին հանրահավաքից: Ճիշտ է, ընդդիմադիրները շտապեցին այդտեղ` տեսախցիկի առջեւ երեւալու, իսկ Լեւոն Զուրաբյանին ուղեկցող ՀԱԿ-իստները փորձեցին նաեւ հականախագահական կարգախոսներ վանկարկել, սակայն ներկաների մեծամասնությունը, մեղմ ասած, այդ ուղղությամբ ոգեւորություն չդրսեւորեցին:
Հետագա ակցիաները` նախագահական նստավայրի մոտ, դատախազության մոտ եւ այլն, արձանագրեցին մասնակիցների նվազող քանակ այն պայմաններում, երբ հենց ընդդիմադիրների ակտիվության բաղադրիչը այդ ակցիաներում սկսեց աճել: Խոսքը ՙԺառանգության՚ երիտասարդական թեւի եւ Ժիրայր Սէֆիլյանի ՙՍարդարապատ՚ շարժման մասին է, ու պետք է նշել, որ էլի նվազագույն հաջողության ՙդափնին՚ բաժին հասավ Լեւոն Զուրաբյանին:
Ինչն է դրա պատճառը: Թերեւս այն միտումը, որ դրսեւորվեց դեռ ԱԺ ընտրություններից առաջ` որ հանրությունը առավել պատրաստակամ արձագանքում է կոնկրետ խնդիրներին, քան վերացական ՙիշխանափոխությանը՚: Նախընտրական շրջանում դա երեւացել էր Մաշտոցի պուրակի պարագայում, երբ նույնպես ընդդիմադիր գործիչներն ու տարատեսակ գրանտածիծ խառախուռան փորձել էին միավորներ ձեռք բերել, սակայն դա առանձնապես հաջողությամբ չէր պսակվել:
Բայց ՙՀարսնաքարի՚ հետ կապված ու, հատկապես` առաջին ակցիայի մասշտաբները նաեւ, ի տարբերություն այլ խնդիրների, իրենց առանձնահատկությունն ունեն: Անշուշտ, այլ զվարճավայրերում եղել են ոչ պակաս սահմռկեցուցիչ հանցավոր դրվագներ (ամենաթարմը` Իջեւանի ՙՄարմարիկ՚ ռեստորանում տեղի ունեցած դանակահարությունը), սակայն ՙՀարսնաքարի՚ պարագայում հանրային վրդովմունքի կատալիզատոր էր այն հանգամանքը, որ ոճրագործության մասնակիցների մեջ կային օլիգարխի թիկնապահներ, իսկ հանցագործության զոհը ռազմական բժիշկ էր, սպա: Հարկ է նշել, որ տարիներ առաջ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահների կողմից ՙԱռագաստ՚ սրճարանի արտաքնոցում Պողոս Պողոսյանին ծեծելով սպանելը ու անպատիժ մնալը ստեղծել էր հույժ վտանգավոր նախադեպ, որը բազմիցս կրկնօրինակվել էր տարբեր օլիգարխների թիկնապահների կողմից: Խոսքը ե°ւ Լեւոն Սարգսյանի թիկնապահների կողմից ՙՕդնոկլասնիկի՚ սրճարանում կատարված արյունոտ հանցագործության մասին է, ե°ւ նաեւ նույն ՙՀարսնաքարում՚ մինչ այդ տեղի ունեցած, սակայն այդքան աղմուկ չհանած դրվագները, ե°ւ նմանատիպ հաշվեհարդարային դրվագներ ամենատարբեր, այդ թվում` եւ ԲՀԿ-ական օլիգարխիայի թիկնապահների սանձարձակ վարքագիծը: Ե°վ օլիգարխիայի, ե°ւ օլիգարխիկ թիկնազորերի նկատմամբ հանրության ծայրաստիճան բացասական վերաբերմունքը փաստորեն խտացավ այդ ակցիաների մեջ: Անշուշտ, թեեւ կան ոչ քիչ թվով կալանավորվածներ, նաեւ դրսեւորվում է որոշակի թերահավատությունը արդարադատության հնարավորության վերաբերյալ: Բայց կա եւ ուրիշ պահ: Օրինակ` տարիներ առաջ ՙԱռագաստի՚ սպանությանը հաջորդել էր մոմավառության ակցիա, բայց սակավամարդ, հազիվ 100-150 մասնակիցներով: Իսկ նման ակցիայի բազմամարդությունն արդեն ՙՀարսնաքարի՚ մոտ կապ ունի նաեւ այն հանգամանքի հետ, որ հանրությունը նաեւ նկատում է միտում, որ եթե հարց է բարձրացվում, ապա իշխանությունը դա անարձագանք չի թողնում եւ լուծման որոշակի հավանականություն կա: Այդպես էր թեկուզ նույն Մաշտոցի պուրակի պարագայում, ընդամենը մեկ շաբաթ առաջ ՀՀ նախագահն անմիջապես արձագանքեց հեռուստաեթերը մաքրելու վերաբերյալ մտավորականության բաց նամակի ու կոնկրետ հանձնարարություն տվեց Հանրային խորհրդին, գումարած դրան` ներկայիս իշխանության հակումը երկխոսությանը նույնպես ստեղծում է ավելի բարենպաստ մթնոլորտ հանրության կողմից խնդիրներ բարձրացնելու համար:
Կոնկրետ այս դեպքում խոսքը գնում է իրավապահների եւ արդարադատության նկատմամբ հանրային վստահության մեխանիզմների մասին, այսինքն` դեռ տարվա սկզբին միանգամայն իրավացի էր ՀՀ նախագահի կողմից դատաիրավական բերափոխումների կտրուկ ակտիվացման պահանջը: Նաեւ, ինչպես երեւաց հանրության ռեակցիայից, բավականին սուր է ընկալվում թիկնազորերի խնդիրը: Ու թեեւ 2013-ի հունվարի 1-ից օրենքով խիստ սահմանափակումներ են մտնում այդ հարցով, եւ, ինչպես մատնանշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, արդեն աշնանը կառավարությունը կոնկրետ դրա իրականացման մեխանիզմներն է մշակելու` լինեն դրանք օրինագծերի, թե ենթաօրենսդրական ակտերի տեսքով, այնուամենայնիվ, դեռ մինչեւ այդ հրատապ է ոստիկանության կողմից թիկնազորային տարատեսակ ապօրինությունները եւ հանրությանը գրգռող դրսեւորումները առավել վճռականորեն կասեցնելը: Եվ վերջապես օլիգարխիայի նկատմամբ հանրության հույժ բացասական վերաբերմունքը նաեւ ցույց է տալիս, որ տնտեսական դաշտում էլ խոշոր բիզնեսը նորմալ մրցակցային պայմանների շրջանակ մտցնելը հանրության կողմից միանշանակ դրական կընկալվի: Այսինքն` այդ ուղղությամբ էլ բարեփոխումների տեմպը կարող է լինել ավելի արագ, քան նախատեսված էր ի սկզբանե:
Սակայն վերադառնանք ընդդիմադիրների` ՙՀարսնաքարի՚ գործոնը օգտագործելու հանգամանքին: Անշուշտ, քարոզչական ջանքերը բազմապատկվել են, եւ քիչ չեն նաեւ ամենաանբարեխիղճ հնարքների կիրառման դեպքերը (զորօրինակ` ՙՍիվիլնեթ՚ օսկանյանական ինտերնետ-հեռուստատեսությունը ձգտում էր ինչքան հնարավոր է շատ ցուցադրել ակցիաներին` ագրեսիվ պահվածք դրսեւորող հատուկենտ մասնակիցների` գրեթե չանդրադառնալով հիմնական կիրթ ֆոնին): Սակայն նույնիսկ անպիսի չկարգավորվող միջավայրում, ինչպիսիք են սոցիալական ցանցերը, դժվար թե համընդհանուր ագրեսիա կամ, առավել եւս, իշխանափոխության տրամադրություններ հրահրելու փորձերից ռեալ բան դուրս գա: Համ էլ չմոռանանք, որ չկարգավորվող միջավայրում արհեստական բաները բավականին արագ մարում են: Այսպես, ի տարբերություն իբր ՙհանրային պահանջարկով՚ առաջնորդվող հեռուստատեսությունների, համացանցում մասնակիցների լեզուն գնալով ավելի ու ավելի կիրթ ու մաքուր է դառնում, մինչդեռ հեռուստասերիալային բառապաշարը զգալիորեն ավելի կեղտոտ է, քան նույնիսկ ռեալ քրեականացված միջավայրում: Այսինքն` ուզած, թե չուզած, այդ պարագայում հիմնավոր ձեւով կասկածներ են առաջանում միտումնավորության վերաբերյալ եւ հիշվում է Ալեն Դալեսի հայտնի թեզը հասարակությունները փչացնելու տեխնոլոգիաների մասին:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

