Անշուշտ, ՀԱԿ-ի ցանկացած հանրահավաք զարմանալու առիթներ է տալիս:
Արխիվ 12-16Դրա կապակցությամբ բավականին զարմանալի դիտարկում է արել այժմ ՙԺառանգության՚ փոխնախագահ, վաստակավոր կուսակցափոխ ՌՈՒԲԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ. ՙԱյն, որ ներկայացվում է, թե ԲՀԿ-ն Քոչարյանից հեռու է, դա նրանց համար է, ովքեր ուզում են դրան հավատան: Իսկ այն դիտարկումը, թե նման տեսակետը չպաշտպանողները պաշտպանում են Սերժ Սարգսյանին, պարզագույն շանտաժ է քաղաքական դաշտի նկատմամբ՚: Դե ինչ, Ռուբիկ Հակոբյանին կարելի է հասկանալ, քանի որ նրան Սերժ Սարգսյանի կողմնակից են անվանում ինչպես լեւոնական, այնպես էլ քոչարյանական քարոզչամիջոցները: Բայց, բոլոր դեպքերում, եթե հետեւենք ՀՀՇ-ականների տրամաբանությանը, ապա կստացվի, որ ՀՀ բնակչության համարյա 100 տոկոսն է պաշտպանում Սերժ Սարգսյանին, այդ թվում` եւ ՀԱԿ-ի անդամները: Զի միայն խելապակասը մեր երկրում կարող է հավատալ, որ ԲՀԿ-ն ու Ռոբերտ Քոչարյանը ոչ մի կապ չունեն, կամ էլ այն մարդը, ում ձեռնտու է հավատալ դրան:
Ի դեպ, ՀԱԿ-ի թեմայով հետաքրքիր եւ զարմանալի դիտակում է արել դեռեւս ՀԱԿ անդամ, անմանդատ մնացած ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԸ: Պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյոք Օսկանյանը լինել նաեւ ՀԱԿ-ի թեկնածուն, Մակեյանը նկատեց, որ եթե ՀԱԿ-ը նման քայլի գնա, այլեւս ՀԱԿ չի լինի. ՙՎարդան Օսկանյանը դեռ թող ԱԱԾ-ի հարցերին պատասխան տա՚: Դե ինչ, զարմանալիորեն այդքան տարի լինելով ՀԱԿ-ի անդամ, Մակեյանը այդպես էլ չի հասկացել, որ ՀԱԿ-ը ցանկացած դեպքում կմնա ՀԱԿ, զի ՀԱԿ-ի գլխավոր սկզբունքը քաղաքական սկզբունքայնության իսպառ բացակայությունն է: Մի±թե Մակեյանի աչքից վրիպել է այն, որ առաջ ՀԱԿ-ի համար ԲՀԿ-ն ՙքըխ՚ էր եւ ՙավազակապետության՚ բաղկացուցիչ մաս, որը մեղքի բաժին ունի մարտիմեկյան ողբերգությունում, իսկ հիմա հանկարծ դարձել է միանգամայն ՙպուպուշ՚ եւ ՙավազակապետությունից՚ նույնքան հեռու, որքան տողերիս հեղինակը Չինաստանի կայսեր տիտղոսից:
Ինչպես հայտնի է, մեր երկրում գրեթե ոչ ոք չի օգտագործում լիցենզիոն համակարգչային ծրագրեր (այդպես չեն վարվում մեր նախարարություններից ընդամենը երեքը): Սակայն դրա համար պատասխանատվության ենթարկվելը զարմանալիորեն ջարդվեց առաջին հերթին ՙԲՐԱԲԻՈՆ ՖԼՈՐԱ ՍԵՐՎԻՍ՚ ծաղկի խանութի վրա: Դատարանը համակարգչահենային ծրագիր օգտագործելու համար մտադիր է 2 միլիոն 400 հազար դրամ փոխհատուցում գանձել` հօգուտ ՙՄայքրոսոֆթ՚ ընկերության: Դե, արդեն զզվացրին թողին բացարձակեցրած ՙհեղինակային իրավունքով՚: Օրինակ` աղանդապետ Արթուր Սիմոնյանը հենց ՙհեղինակային իրավունքի՚ վկայակոչումով ՙՅութուբից՚ հանել է տալիս իր դիմակը պատռող տեսանյութերը: Դե, իսկ ՙՄայքրոսոֆթի՚ պես հսկան արդեն գերշահույթներ ամբողջ աշխարհից կորզելու իր անհագ մարմաջով բռնաբարեց ամբողջ երկրագնդի բնակչությանը: Ախր, գրողը ձեզ տանի, եթե գները սահմանեք եղածից 15-20 անգամ քիչ, էլի շատ մեծ եկամուտներ կունենաք, համ էլ այլեւս գրեթե ոչ ոք ցանկություն չի ունենա օգտվել ոչ լիցենզիոն ծրագրերից, խեղճ ոստիկաններն էլ հարկադրված չեն լինի քթները խոթել մարդկանց համակարգիչների մեջ: Չնայած այն, որ հենց ՙԲրաբիոնի՚ վրա է կոտրվել այդ պատմությունը, նաեւ արդարության տարրեր է պարունակում, զի ՙԲրաբիոնն՚ էլ այդքան հեռու չէ գերշահույթներ ստանալու ցանկությունից:
Զարմանալի հանցագործություն է կատարվել Արարատի մարզում: 45-ամյա ոմն ԱՐԹՈՒՐ իր ամենամերձավոր հարեւանից, ոչ ավել, ոչ պակաս, թռցրել է օղի թորելու սարքի կաթսան: Հարեւանն էլ այնքան է վիրավորվել այդ փաստից, որ դիմել է իրավապահներին ու ոստիկանները ձերբակալել էին ապերախտ հարեւանին, որին այդքան շատ է հյուրասիրել այդ նույն թորման սարքի միջոցով ստացած օղով: Այդտեղ են ասում, որ լավություն անողի գլուխը ծակ է, ու չնայած հասցված վնասը ընդամենը 20 հազար դրամ է գնահատվում, բայց...
Ի դեպ, զարմանալիորեն պարզվեց, որ Երեւանի նախկին քաղաքապետ, իսկ այժմ տրանսպորտի եւ կապի նախարար ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ լավ էլ լավատես մարդ է: Կառավարության նիստից հետո լրագրողները նրան, բնականաբար, հարց ուղղեցին Դոմինգոյի համերգների վերաբերյալ: Ու ի±նչ ասած լինի, որ նա դեռ չգիտի իր կենսագրության վրա Դոմինգոյի համերգը լավ, թե վատ հետք է թողել. ՙԵս միշտ իմ ճակատագրից գոհ եմ եղել, որովհետեւ իմ ճակատագիր կերտողը մեծամասնությամբ ես եմ՚: Դե ինչ, մնում է ոչ պակաս լավատեսություն մաղթել բոլորին, եւ բոլորն էլ թող հնարավորություն ունենան գոհ լինելու սեփական ճակատագրից եւ սեփական ճակատագրի կերտողը լինել:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

