Եվրո-2012-ի Պորտուգալիա-Իսպանիա առաջին կիսաեզրափակչի հաղթողը հայտնի դարձավ միայն հետխաղյա 11 մետրանոցների արդյունքում: Առաջին խաղակեսում իսպանացիները պորտուգալացիների դարպասի ուղղությամբ ընդամենը երկու վտանգավոր հարված կատարեցին: Երկու անգամ Կասիլյասի դարպասի ուղղությամբ ոչ այնքան վտանգավոր հարված կատարեց Ռոնալդուն: Ընդմիջումից հետո խաղի տեմպն ավելի ընկավ: Վտանգավոր գոլային պահերը գրեթե բացակայում էին: Լրացուցիչ առաջին խաղակեսում Խորդի Ալբայի փոխանցումից հետո Անդրես Ինյեստան մեն-մենակ հայտնվեց Պորտուգալիայի հավաքականի դարպասապահի դեմ, մեկ հպումով հարված կատարեց դարպասին, սակայն Պատրիսիուն կարողացավ փրկել պորտուգալացիներին:
Երկրորդ 15 րոպեների ընթացքում իրական գոլային պահեր չգրանցվեցին: Հետխաղյա 11 մետրանոցների ժամանակ Չավի Ալոնսոյի ու Ժոաու Մոուտինյուի հարվածներից հետո դարպասապահները հետ մղեցին գնդակը, Անդրես Ինյեստան ու Պեպեն չվրիպեցին, Պիկեն ու Նանին ոչ մի շանս չտվեցին Պատրիսիուին եւ Կասիլյասին: Սերխիո Ռամոսը գրավեց Պատրիսիուի դարպասը, իսկ Բրունու Ալվեշը հարվածեց հորիզոնական դարպասաձողին, եւ Սեսկ Ֆաբրեգասի հարվածը հաղթանակ բերեց Իսպանիային` 4:2: Ընդհանուր առմամբ խաղը դիտարժան չէր, միայն լրացուցիչ ժամանակի առաջին խաղակեսում իսպանացիները հիշեցին ու հիշեցրեցին, որ իրենք աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոնն են: Շատերի կանխատեսած Իսպանիա-Գերմանիա եզրափակիչը կարող էր կայանալ, բայց... Իտալիա-Գերմանիա կիսաեզրափակչում Բալոտելիի խփած երկու գոլերը հաղթանակ պարգեւեցին իտալացիներին (Օզիլի` 11 մետրանոցից խփած գնդակը զուտ սփոփեց գերմանացիներին), եւ հուլիսի 1-ին կկայանա Իսպանիա-Իտալիա եզրափակիչը: Հիշեցնենք, որ նրանց հանդիպումը խմբային փուլում ավարտվել էր 1:1 հաշվով: Մինչդեռ մասնագետները նախապատվությունը տալիս էին Գերմանիային, թեեւ գերմանացիները պաշտոնական խաղերում երբեք չեն կարողացել հաղթել իտալացիներին: Վերջին անգամ կողմերի միջեւ պաշտոնական հանդիպում կայացել է 2006թ. աշխարհի առաջնության կիսաեզրափակչում, երբ Գերմանիան սեփական հարկի տակ լրացուցիչ ժամանակում 0:2 հաշվով զիջեց Իտալիային: Իտալացիները Գերմանիային հաղթել են նաեւ ՙԵվրո-1982՚-ի եզրափակչում ու աշխարհի 1970թ. առաջնության կիսաեզրափակչում: Գերմանիան վերջին 15 պաշտոնական խաղերում հաղթանակ է տոնել` սահմանելով համաշխարհային ռեկորդ: Գերմանիան 6 անգամ է դուրս եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ ու պարտվել է միայն 1988թ.: Գերմանացիները վերջին 20 հանդիպումներում կարողացել են գրավել մրցակիցների դարպասը: Չեզարե Պրանդելիի գլխավորությամբ Իտալիան պաշտոնական խաղերում պարտություն չի կրել: