Օրերս էլեկտրոնային մամուլն անդրադարձել էր Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տան արտաքին հատվածում իրականացող շինբարեկարգման աշխատանքներին:
Ըստ շրջանառվող լուրերի, գմբեթի շրջանում ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի գունավոր որմնանկար-քանդակները ծածկվել են սպիտակ գունանյութով, ապաª ցեմենտի շերտով: Այս հարցի շուրջ ՙԻրավունք՚-ը պարզաբանում ստացավ Կոմիտասի անվան Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ԱՐՄԱՆ ԾԱՏՈՒՐՅԱՆԻՑ, ով արդեն իսկ իր ֆեյսբուքյան էջում հասցրել էր արտահայտել վրդովմունքը. ՙԱսեմ Ձեզ, թե ինչպես սկսեց ամբողջ պատմությունը: Քաղաքապետարանում մեկնարկեց մի ծրագիր, որով ամբողջ քաղաքի, մասնավորապես, կենտրոնի հին շենքերում, որոնք հուշարձան շենքեր են, կկատարվեն մակերեսի մաքրման աշխատանքներ: Եվ մենք էլ, որպեսզի անմասն չմնանք այդ ՙխրախճանքից՚, այսպես ասած, դիմեցինք քաղաքապետարան, եւ մեզ արձագանքեցին: Շենքի աջ կողմի հատվածում բարբարոսները ներկերով տարբեր բաներ էին գրել ու փչացրել շենքը: Ամբողջ շենքը մաքրեցին: Եվ պետք է սկսվեր երկրորդ փուլը, որի ընթացքում պետք է մաքրվեր նաեւ շենքի այն հատվածը, որը զգալիորեն տուժել էր անձրեւաջրերից ու կեղտաջրերից, ծորացել եւ աղավաղվել էր ընդհանրապես: Այստեղ խոսքը զարդաքանդակի մասին է, այլ ոչ թե ֆրեսկոների, ինչպես բոլորը նշում են: Ավելին, զարդաքանդակը գունավոր չի եղել: Մասնագիտականը մի քիչ շատ պետք է ուսումնասիրեն, որ հասկանան տարբերությունը: Զարդաքանդակի հատվածը լիովին կորցրել էր իր գույնը, եւ այդ պատճառով սկսվեցին վերականգնողական աշխատանքները: Այն դեռ գտնվում է առաջին փուլում. դեռ դրվել է առաջին շերտը, պիտի լինի նաեւ երկրորդը, որի արդյունքում զարդաքանդակը կունենա իր նախկին տեսքը: Մարդիկ էլ, փոխանակ գային ու պարզաբանում ստանային, տպավորություն ստեղծվեց, որ այստեղ ինչ-որ բարբարոսներ են նստած եւ ուզում են ոչնչացնել շենքը, որի համար, կարելի է ասել, մենք կյանք ենք դնում: Ավելին, մեզ մոտ ոչ ոք չի եկել եւ պարզաբանում չի պահանջել: Սա ընդամենը PR ակցիա է, որը ես հետո համացանցում տեսա: Ինձ համար այս ամենը անակնկալ էր, ապշեցի: Չորս ու կես տարի է, ինչ ղեկավարում եմ այս կառույցը, եւ ոչ ոք ոչ մի անգամ չի եկել ինձ մոտ ու ինչ-որ օգնություն առաջարկել: Կրկնում եմ` մենք բարբարոսներ չենք...՚,- ընդգծեց Ա.Ծատուրյանը: