ՙԵԹԵ ՍՈՒՍՈՒՓՈՒՍ ՆՍՏԵՆՔ, ՄԵԶ ՈՉ ՈՔ ԲԱՆԻ ՏԵՂ ՉԻ ԴՆԻ՚
Արխիվ 12-16ՙԵԹԵ ՍՈՒՍՈՒՓՈՒՍ ՆՍՏԵՆՔ, ՄԵԶ ՈՉ ՈՔ ԲԱՆԻ ՏԵՂ ՉԻ ԴՆԻ՚
Տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ հնչում են տարբեր կարծիքներ, եւ այսօր ներկայացնում ենք ՀԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻ հետ զրույցն այդ թեմայով: -Դուք հնարավոր համարում եք, որ Արեւմուտքը կարող է Ադրբեջանին խոստանալ նրան միացնել Իրանական Ադրբեջանը` դրա դիմաց իր տարածքը, օդանավակայանները Իրանի դեմ հարվածներ հասցնելու նպատակով օգտագործելու պայմանով:
- Ես, ճիշտն ասած, չեմ ուզում հավատալ, որ այդպիսի խոստում լուրջ քաղաքական ուժերը Արեւմուտքում տվել են Ադրբեջանին: Բայց կան որոշակի, այսպես ասած, նշաններ, որոնք չի կարելի համարել վերջնական, սակայն... Մասնավորապես, այն քարտեզները, որ շրջում են հիմա ինտերնետում, որոնք նկարագրում են ապագա վերաձեւումները մեր տարածաշրջանում, ցույց են տալիս մեծ Ադրբեջանի գոյությունը ` ի հաշիվ Իրանի տարածքի, մասնավորապես նկատի ունեմ Պետերսի` այդ ամերիկացի հետախույզի հայտնի քարտեզը: Այսինքն` որոշակի ուժեր կան, որ դա հաշվի են առնում, մենք նաեւ տեսանք, որ վերջերս` մի քանի ամսվա ընթացքում, ադրբեջանական կողմից եղան հայտարարություններ բավականին բարձր մակարդակով, որոնք այդ հեռանկարներն իրական էին համարում: Այնպես որ` ամեն դեպքում կան այդպիսի ծրագրեր, իսկ թե որքանով հնարավորություն կտրվի, որ դրանք իրականություն դառնան, հիմա դժվար է կանխատեսել:
- Ադրբեջանական վերջին դիվերսիաների նկատմամբ մեր շատ քաղաքական ուժեր անտարբեր էին, կարծես թե հանրությունն էլ սպասվող արձագանքը չտվեց...
- Ես էլ մտավախություն ունեմ, որ մեր քաղաքական վերնախավը մի տեսակ, այսպես, շատ հանգիստ է: Իներցիայով դեռ իշխում է այն տրամադրվածությունը, որ մենք հաղթող կողմ ենք, եւ մյուս կողմից էլ մենք գիտենք, որ Ադրբեջանը դեռեւս չունի այն ներուժը, որ կարողանա մեզ պարտության վտանգի առջեւ կանգնեցնել: Կարծում եմ, որ դա սխալ է. ե°ւ քաղաքական ուժերը, ե°ւ մեր հասարակությունն էլ մի տեսակ իներտ են, չկա մտահոգություն: Ու նաեւ դիվանագիտական առումով պետք է ավելի ակտիվ մեր մոտեցումը, դատապարտումը, վրդովմունքը աշխարհին հաղորդենք: Կարծում եմ` պետք է օգտագործել նաեւ ՀԱՊԿ-ի շրջանակները, որովհետեւ ՀԱՊԿ-ը այն ռազմաքաղաքական դաշինքն է, որի անդամ ենք մենք` ի տարբերություն Ադրբեջանի, եւ Տավուշի վրա հարձակումները Հայաստանի վրա հարձակումներ են:
- Իսկ ինչո±ւ ՀԱՊԿ-ը հայտարարությամբ հանդես չեկավ:
- Ես չեմ կարծում, որ մենք պետք է նրան շահագրգիռ դարձնենք: Մեր դիվանագիտությունը մի տեսակ շատ հանգիստ է: Փոքր երկիր ենք, բայց որոշակի պայմաններում պատմական փոքր երկրները կարող են ակտիվ դերակատարություն ստանձնել, եւ հիմա հենց այդ պահն է: Օրինակ, Իրանի հետ կապված կարող ենք ինչ-որ նախաձեռնություններով հանդես գալ, որոնք հնարավորություն կտան, որ Իրանը, Արեւմուտքը, Ռուսաստանը բանակցային գործընթաց սկսեն նոր ձեւաչափով, եւ փորձենք Հայաստանը դարձնել հարթակ այդ նոր գործընթացի սկսվելու համար: Որովհետեւ մենք բոլորի հետ էլ լավ հարաբերություններ ունենք այդ, այսպես ասած, խաչմերուկում: Եթե մեր դիվանագիտությունն ակտիվ լինի, մեզ հետ ավելի շատ հաշվի կնստեն, իսկ եթե սուսուփուս նստենք, մեզ ոչ ոք բանի տեղ չի դնի:
- Հայաստանյան արեւմտամետ խորհրդարանական ուժերը ի±նչ դերակատարում կարող են ունենալ տարածաշրջանային զարգացումներում:
- Ես կարծում եմ` դա ամենավտանգավոր բանն է, որ կարող է մեր քաղաքական դաշտում տեղի ունենալ: Չպետք է մոռանալ, որ մենք այնպիսի տարածաշրջանում ենք գտնվում, այնպիսի պատմություն ունենք, մեր վիճակն այնպիսին է, որ եթե մեզ մոտ սկսեն պայքարել արեւմտամետ, ռուսամետ ուժերը, այն ծանր, սուր իրադրությունը, որ ստեղծվել է տարածաշրջանում, կտեղափոխվի մեր փոքր երկիր, եւ մենք ուղղակի կբզկտվենք:
- Գլխավորը, ի վերջո, պետք է լինի, այսպես ասած, հայամետությունը:
- Այո°, գլխավորը պիտի լինի հայամետությունը, իսկ քաղաքական գործընթացները, իմ կարծիքով, եթե այսպես նորմալ, բնականոն հունով ընթանան, մենք ապագայում կունենանք նորմալ գործող քաղաքական համակարգ, որտեղ կլինի իսկապես քաղաքական պայքար, եւ գործը կարծես դրան է գնում: Կլինեն երկու հիմնական քաղաքական կուսակցություններ, ինչպես, օրինակ, ԱՄՆ-ում է, որոնք իրար հետ կպայքարեն իշխանության համար, բայց այդ պայքարը (եթե այդպես լինի), իմ կարծիքով, չպետք է հիմնվի այս կամ այն պետության, այլ ներքին քաղաքական, սոցիալական խնդիրները լուծելու վրա, որոնք մեզ մոտ շատ են, ծանր են: Ա°յ, հենց դրանց լուծումները պետք է գտնել տարբեր ճանապարհներով, այլ ոչ թե, այսպես ասած, դրսից ուժեր բերել: Դա մեզ համար վտանգավոր ապագա է: Դա չէ մեր ապագան:
- Ենթադրենք, ռուսական ռազմաբազայի վերաբերյալ պայմանագիրը չեղյալ համարվեց, Ռուսաստանը որոշեց այստեղից հեռանալ, Հայաստանը ՆԱՏՕ-ի անդամ պատկերացնո±ւմ եք: Իհարկե, դա հեքիաթային, անհավանական տարբերակ է:
- Ես երկու անգամ եղել եմ ՆԱՏՕ-ի շտաբ կայանում` Հայաստանից պատվիրակությունների, այսպես ասած, կարծիք ձեւավորողների կազմում ու կարող եմ ասել, որ Հայաստանի մոտեցումը ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների հարցում ՆԱՏՕ-ի ղեկավարության կողմից բավական բարձր է գնահատվում, որովհետեւ Հայաստանը, ՆԱՏՕ-ի հետ համագործակցելով, ստանում է այն, ինչ որ մեզ է պետք: Դա մեզ համար կարող է որոշակի դրական հնարավորություններ ստեղծել, բայց մյուս կողմից` չենք ուզում ՆԱՏՕ-ի անդամ դառնալ: Շատ ճիշտ մոտեցում է, կարծում եմ, եւ դա գնահատվում է ՆԱՏՕ-ի կողմից: Պետք չէ անտեսել այն հանգամանքը, որ մենք գտնվում ենք այնպիսի բարդ տարածաշրջանում, որտեղ վտանգները բազմաթիվ են, բազմապիսի են, եւ մենք հիմա, փառք Աստծո, պաշտպանված ենք այդ վտանգներից ե°ւ ռուսական բազաներով, ե°ւ Ռուսաստանի հետ համաձայնագրով, պայմանագրով ու ՀԱՊԿ-ի շրջանակներով: Մենք ՆԱՏՕ-ի անդամ, եթե այսպես խոսենք, չենք կարող դառնալ, քանի որ կա Թուրքիան:
Ռ. ԹԱԹՈՅԱՆ

