Բրիտանական կառույցները չեն սիրում ՀՀ երկրորդ նախագահին` դա բոլորիս համար պարզ դարձավ բրիտանական Chatham House հանրահայտ վերլուծական կենտրոնի հայտարարությունից:
Նրանք գտնում են, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փաստացի վաճառել է Հայաստանը: Բայց այն, որ որոշ կառույցները նույնիսկ չեն ճանաչում կամ չեն ուզում ճանաչել նրան որպես ՀՀ երկրորդ նախագահ, դա արդեն նորություն էր: Օրերս Միջազգային ճգնաժամային խումբը Հայաստանի վերաբերյալ զեկույցում Ռ.Քոչարյանին պարզապես ներկայացրել է որպես օլիգարխ` ՙհարուստ բիզնեսմեն՚: Բրիտանական ՙքոչարյանատյացության՚ եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿաքոչարյանական հայտարարությունների մասին ՙԻրավունք՚-ը փորձեց պարզաբանում ստանալ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻՑ. - Բրիտանական կառույցների վերաբերմունքը մեկնաբանելու համար քաղաքագետներին դիմեք, ինձ, կարծում եմ, չի առնչվում այդ հարցը: - Իսկ արդյոք չի պատրաստվում պարոն Քոչարյանը պատասխանել ՀՀ առաջին նախագահի այն հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի ամենավախեցած մարդն է: - Ճիշտն ասած, այս հայտարարությունը իր հետ քննարկելու առիթ չեմ ունեցել: Դեռ կքննարկեմ, եւ գուցե այդ ժամանակ կարիք լինի պատասխանելու: