ՙՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ՚ ՃՏԵՐԻՆ ԱՇՆԱՆՆ ԵՆ ՀԱՇՎՈՒՄ
Արխիվ 12-16ՙՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ՚ ՃՏԵՐԻՆ ԱՇՆԱՆՆ ԵՆ ՀԱՇՎՈՒՄ
Շատերի մոտ քմծիծաղ էր առաջացրել ՀԱԿ-ի վերջին հանրահավաքի ռեկորդային սակավամարդությունը:
Դա, իրոք, այն դեպքն է, երբ տեղին է ՙիսան չկա՚ ժողովրդական ձեւակերպումը, իսկ պատճառաբանությունները, որ շատերն ամառային հանգստի են մեկնել ու այդ պատճառով հանրահավաքին մասնակիցները քիչ էին, հաստատ ոչ մի քննադատության չեն դիմանում: Ախր, դժվար է հավատալ, որ բողոքավոր զանգվածը բաղկացած լինի հիմնականում այն քաղաքացիներից, ովքեր բավարար նյութական ռեսուրս ունեն դեռ հունիսին մեկնելու ամառային հանգստի:
ՀԱԿ-Ի ՖԻԱՍԿՈՅԻ ԻՐԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
Պարզ է, որ այդպիսի հանրահավաքը ՀԱԿ-ի համար նշանակում էր ընդամենը մեկ բան` խայտառակ լինել: Դա ընդամենը ֆիասկոյի փաստի հրապարակային ու շատ ցցուն արտահայտությունն էր: Ու մեծ-մեծ խոսքերը` թե իբր ՀԱԿ-ի ՙիմաստնագույն՚ ծրագրով իշխանական մոնոլիտը ճաքեր է տվել եւ նախագահական ընտրություններին ընդառաջ հնարավոր է բոլոր ոչ կոալիցիոն ուժերի համախմբումը եւ դրա միջոցով ՙավազակապետության կազմաքանդումը՚, իրականությունից թերեւս ավելի հեռու են, քան Ռեյ Բրեդբերիի ՙՄարսի քրոնիկոնները՚ ժողովածուի հերոսների արկածները: Ոչ մի տրամաբանություն չկա, որ հազիվհազ խորհրդարան անցած եւ բազում ներքին հակասություններ ունեցող ուժին միանա, ասենք, նրանից մի քանի անգամ ավել քվե հավաքած ԲՀԿ-ն: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին ու ՙԺառանգությանը՚` ՙԱզատ դեմոկրատներով հանդերձ, ապա ՙմինիմումի՚ վրա ԱԺ անցած այդ ուժերը բազում ներքին խնդիրներ ունեն, ու, ինչպես կասեր ժողովուրդը` եթե քաչալը դարման ունենա, նախ իր գլխին կքսի: ՀՅԴ-ում առկա է հակասություն դժգոհ շարքերի եւ անարդյունավետ վերնախավի միջեւ, որը այս կամ այն կերպ պետք է հանգուցալուծվի, իսկ ազատդեմոկրատացած ՙԺառանգությունում՚ միավորող ընդամենը մեկ բան կա` որ այդ խմբակցության սակավաթիվ պատգամավորները, որոնք ներկայացել էին խորհրդարան, դեմ էին քվեարկել կառավարության ծրագրին: ՙԱզատ դեմոկրատները՚ կարծես սպասողական վիճակում են ու առանձնապես չեն շտապում մասնակցելու տարբեր նորանոր ավանտյուրաների, Ռուբիկ Հակոբյանն ավելի կառուցողական դիրք է ստանձնել` առաջարկելով ընդդիմությանը վերապահել վերահսկողական կամ հակակոռուպցիոն լծակներ: Ինչ վերաբերում է Րաֆֆուն, ապա համ հին հակասությունները կան նույն ՀԱԿ-ի հետ, որոնց պատճառով բաց շրջանառության մեջ հայտնվում են ՙԺառանգության՚ առաջնորդի կենսագրության նույնիսկ ամենագեղեցիկ էջերը ցեխի հետ խառնող կոմպրոմատներ, համ Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ ինքը չգիտի` մանդատ վերցնելու է, թե չի վերցնելու, նախագահական ընտրություններին առաջադրվելու է, թե պաշտպանելու է չգիտեմ ում: Իսկ ՙԺառանգությունն՚ ամբողջությամբ` որպես այդպիսին, առանձնապես ջերմ սիրով լցված չէ այն ԲՀԿ-ի նկատմամբ, որին սերենադներ երգեց ԼՏՊ-ն:
Սակայն վերադառնանք ՀԱԿ-ին: Այդ ուժը աստիճանաբար կորցրեց իր կողմնակիցներին եւ ՙավազակապետության կազմաքանդման՚ փոխարեն փաստացի մտավ ինքնակազմաքանդման գործընթաց, եւ դա տեղի ունեցավ մի քանի փուլով: Անցյալ տարվա երկխոսությունը իշխող կոալիցիայի հետ ՀԱԿ-ից վանեց ամենաարմատական տրամադրություն ունեցող կողմնակիցներին, իսկ երկխոսության ավարտից հետո նրանց հետ բերելը այլեւս անհնար էր: Իսկ այնուհետ ՀԱԿ-ի ընտրազանգվածը հենց ԼՏՊ-ի` ԲՀԿ-ի ներգրավմամբ խաղացած խաղի հետեւանքով դարձավ ԲՀԿ-ի բաժին: Եվ հույժ կասկածելի է, որ եթե հանկարծ նույն ԼՏՊ-ն առաջադրվի (եթե, իհարկե, տեղի չունենա հրաշք եւ նրան չպաշտպանի նաեւ ԲՀԿ-ն, ինչին ոչ մի ողջամիտ մարդ չի հավատում), ապա դժվար թե կարողանա էապես գերազանցել ՀԱԿ-ի` ԱԺ ընտրությունների արձանագրված արդյունքը: Իսկ ինչ վերաբերում է ներքին հակասություններին, ապա նույնիսկ ԱՄՆ-ի սիրելի Օսկանյանի նկատմամբ վերաբերմունքի շուրջ մի քանի տեսակետներ կան, սկսած նրանից, որ պետք է պաշտպանել Օսկանյանի թեկնածությունը, վերջացրած նրանով, որ պետք է ամեն կերպ նպաստել Օսկանյանին բանտ ուղարկելու գործընթացին: Համ էլ նույն ՀԱԿ խմբակցության տարբեր անդամներ տարբեր կերպ են տեսնում իրենց գործունեությունը ԱԺ-ում: Օրինակ` Նիկոլը, հաստատ, անչափ գոհ է լինելու էթիկայի հանձնաժողովում իր աշխատանքից, Բագրատյանը պատրաստվում է 40-ից ավել օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ, Ստեփան Կարենիչը թքած ունի ցանկացած հեղափոխական գործընթացի վրա ու դա չի էլ թաքցնում, եւ նույնիսկ հետդարձի ճանապարհ չունեցող Ջհանգիրյանը գերադասեց խայտառակ հանրահավաքի ժամանակ հարթակին չցցվել:
Եվ եթե ամփոփենք, ապա կտեսնենք, որ ՙնարնջագույն՚ ընդդիմությունը` որպես այդպիսին, հստակորեն գլորվում է դեպի կատարյալ անկում: ՀՅԴ-ն ուզած-չուզած պիտի սեփական թեկնածուով փորձի ակտիվություն ցույց տալ նախագահական ընտրություններին, որպեսզի գոնե մի քիչ շտկի սեփական խարխլված վարկանիշը, այլապես 2017-ի խորհրդարանական ընտրություններին հարցականի տակ կարող է լինել խորհրդարան մուտք գործելը: ՙԺառանգությունից՚ գլուխ չի հանում ինքը` ՙԺառանգությունը՚, էլ ուր մնաց մյուսները, դե, իսկ ՀԱԿ-ից կոտոշներն ու սմբակներն են մնում: Չէ, միանգամայն ճիշտ է արել ԼՏՊ-ն, որ սեպտեմբերին է նշանակել հաջորդ հանրահավաքը: Հենց այդ ժամանակ էլ կհաշվենք բոլոր տեսակի ՙնարնջագույն՚ ճտերին: Բայց առանձին ՙհաշվարկի՚ ենթակա է ԲՀԿ-ի օսկանյանական թեւը:
ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀԱՆՈՒՄ Է ԻՐ ԵՎ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԻՄԱԿՆԵՐԸ
Արդեն իսկ մեմուարներ գրող Վարդան Սիվիլիթասիչը իր ֆեյսբուքյան էջում որոշ բաներ բացահայտել է: Սկզբում նա հավարը գցեց, թե ինչ ահավոր տագնապալի վիճակում է Սիրիայի հայությունը, բայց թարսի պես հենց այդ հայտարարությանը հետեւեց դեպի Հալեպ կանոնավոր թռիչքների վերականգնումը: Այդ հարցում ընդամենը մեկ ճշմարտություն կա` Սիրիայի հայությունը, իրոք, մահացու վտանգի կենթարկվի, եթե տեղի ունենա այդ երկիր ՆԱՏՕ-ի ռազմական ներխուժումը, առավել եւս` թուրքական բանակի միջոցով:
Իսկ երկրորդը վերաբերում է Արցախի հարցին, ու ամենահետաքրքիրն այն է, որ գրեթե բառացի ՙդուբլ՚ է անում ԼՏՊ-ի միտինգային ելույթի արցախյան հատվածը. ՙԵվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում առաջընթացը կենսական նշանակություն ունի Եվրամիության հետ Հայաստանի քաղաքական ասոցացման եւ տնտեսական ինտեգրման ներուժի լիարժեք օգտագործման համար: Նա կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին ավելացնել ջանքերը համաձայնության հասնելու ուղղությամբ:
Էշթոնի հայտարարությանը նախորդել էր մեքսիկական Լոս Քաբոսում Մեծ քսանյակի գագաթնաժողովի ընթացքում Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարությունը, որի դիվանագիտական ձեւակերպումները, ինչպես նկատեց առաջին նախագահն իր վերջին ելույթում, բավական խիստ էին եւ էապես տարբերվում էին նախորդ` Ակվիլայի (2009թ.), Մուսկոկայի (2010թ.) եւ Դովիլի (2011թ.) հայտարարություններից: Այսօր ակնհայտ է, որ ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացը փակուղում է: Ես չեմ հիշում մի ժամանակ, երբ փակուղին այսքան խորը լիներ: Ստեղծված իրավիճակի պատճառները երկուսն են.
Նախ, այսօր սեղանի վրա չկա մի փաստաթուղթ, որը բոլոր կողմերն ընդունեն որպես բանակցային հիմք: Սա լուրջ պրոբլեմ է: Վեճը գնում է փոփոխված երեք տարբեր փաստաթղթերի շուրջ. Սոչիի փաստաթուղթ, որ բացարձակապես անընդունելի է Հայաստանի համար, Սանկտ Պետերբուրգի փաստաթուղթ, որ բացարձակապես անընդունելի է Ադրբեջանի համար, եւ Կազանի փաստաթուղթ, որը նույնպես անընդունելի է Ադրբեջանի համար: Սա, բնականաբար, բանակցությունները շարունակելու լուրջ խոչընդոտ է:
Երկրորդ, փակուղու պատճառ է նաեւ այն, որ այս տարիների ընթացքում չհամաձայնեցված խնդիրներն ավելացել են: Կազանից հետո շրջանառության մեջ են Ադրբեջանի առաջարկած տասը փոփոխությունները, որոնք անընդունելի են հայկական կողմի համար՚:
Դե ինչ, միակ տարբերությունն այն է, որ, ի տարբերություն ԼՏՊ-ի, Օսկանյանը չի փորձում համոզել, որ էսօր-էգուց Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ կարծր պարտադրանք է կիրառվելու, բայց փոխարենը բացում է որոշ փակագծեր իր ամերիկյան տերերի վերաբերյալ. ՙԱյսօր միջնորդների խնդիրն է (հավանաբար Քլինթոնն իր այցելության ընթացքում փորձել է դա անել), որ կողմերը վերջիվերջո փաստաթղթերից մեկն ընդունեն որպես բանակցային հիմք: Բացի այդ, շատ տրամաբանական է ենթադրել, որ Քլինթոնը Բաքվում Ադրբեջանին առաջարկել է հրաժարվել նրա առաջարկած տասը կետերի մեծ մասից (8-9-ից), իսկ հայկական կողմին Երեւանում խնդրել ընդունել դրանցից գոնե մեկը կամ երկուսը:
Իմ խորին համոզմամբ` Քլինթոնը Հայաստանից ձեռնունայն է գնացել, քանի որ Հայաստանը չէր կարող նոր բան ավելացնել Կազանում արդեն ընդունածի վրա՚:
Ու եթե ԼՏՊ-ն իշխանությանը դատապարտում է Արցախի հարցում անզիջում լինելու համար, Օսկանյանը, ընդհակառակը, փորձում է համոզել, որ մեր բոլոր պրոբլեմներն առաջացել են զիջումների ավելորդ պատրաստակամությունից:
Այսինքն` ե°ւ ԼՏՊ-ն, ե°ւ Օսկանյանը (բացառված չէ, որ նրա շուրթերով ասողը Ռոբերտ Քոչարյանն է) ձգտում են համոզել, որ Արցախի հարցում մեզ շատ մեծ ու մեծ դժվարություններ են սպասվում: Ճիշտ է, արեւմտյան ուղղությունից ճնշման ուժգնացում կա, սակայն դա այնքան դրամատիկ չէ, որքան ոմանք փորձում են ներկայացնել: Այսպես կոչված` միջազգային ճգնաժամային խումբը իր քիթը խոթեց արդեն ավելի հեռուն, քան Արցախի հարցն է, եւ խոսում է նախագահական ընտրություններում նոր որակների ապահովման եւ կոռուպցիայի դեմ պայքարի կտրուկ բարելավման անհրաժեշտության մասին, եւ գրեթե միաժամանակ Սերժ Սարգսյանի բրյուսելյան այցին հնչեց Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության հարցերի հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մեկնաբանությունը, որ Հայաստանից կոնկրետ ակնկալիքներ կան ինչպես ՙժողովրդավարական բարեփոխումների՚, այնպես էլ Արցախի հարցում: Ու դա համընկավ նաեւ այն տեղեկության հետ, որ հետաձգվում է Հայաստանի համար նախատեսված Եվրամիության դոնորների համաժողովը, որը, ըստ որոշ տեղեկությունների, երեք տարվա ընթացքում պետք է ապահովեր մեկուկես միլիարդ եվրոյի լրացուցիչ գումարների ներգրավում:
Այսինքն` ամեն ինչ գալիս կապակցվում է ե°ւ ԼՏՊ-ի խայտառակ ելույթին, ե°ւ Օսկանյանի նոր ելեւէջներին:
Այսինքն` նույն Արեւմուտքը փորձ է կատարում մեր նախագահական ընտրություններից առաջ ներգործություն կատարել Հայաստանի վրա, որպեսզի ջերմոցային պայմաններ ստեղծվեն Արեւմուտքի թեկնածուի համար: Անշուշտ, անգամ, եթե իշխանությունը ընդառաջի այդ ամենին` որպես ՙքաղցրաբլիթ՚ աչքի առաջ ունենալով այդ եվրոները, 2013-ի ընտրություններին միանշանակ հաղթողը էլի Սերժ Սարգսյանն է: Պարզապես, եթե Արեւմուտքի թեկնածուն ծանրակշիռ տոկոս ստանա, դա արդեն լավ հիմք կլինի 2017-ի ԱԺ ընտրություններում ապահովելու արեւմտամետների ծանրակշիռ ներկայությունը խորհրդարանում: Իսկ դրանից հետո արդեն գալիս է 2018-ի նախագահական ընտրությունների պահը: Բայց աշխարհաքաղաքական զարգացումները մեր տարածաշրջանում կարող են նաեւ շատ լավ խառնել բոլոր այդ տեսակի հաշվարկները:
ԲՀԿ-Ն ՀՀ ԵՐԵՔ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Արեւմտյան ճնշումների ուժգնացման հետ զուգահեռ նկատվում է եւս շատ հետաքրքրական պահ: Բրիտանական ՙՉաթթամ հաուզ՚ հայտնի կազմակերպությունը իր զեկույցում հաջողացրել է Ռոբերտ Քոչարյանին մեղադրել, որ ամբողջ Հայաստանը ծախել է ռուսներին: Իսկ նույնպես բրիտանական ծագումնաբանություն ունեցող Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցում Ռոբերտ Քոչարյանն արդեն հիշատակված է ոչ թե որպես ՀՀ երկրորդ նախագահ, այլ` որպես շատ խոշոր օլիգարխ:
Կարելի է ենթադրել, որ դա արտացոլում է ԲՀԿ-ի ռեսուրսի համար պայքարը, ու անգլո-ամերիկյան ուժերը մեծ ցանկություն ունեն հնարավորինս ԲՀԿ-ն հանել Ռոբերտ Քոչարյանի հսկողությունից եւ, ուժեղացնելով օսկանյանական ՙնարնջագույն՚ թեւը, այդ կառույցը ամբողջովին ՙիրենցով անել՚: Ու հենց այդ նպատակի վրա է դեռ անցյալ տարվանից աշխատում ԼՏՊ-ն իր` ԲՀԿ-ի հետ սիլիբիլիներով եւ սերենադներ երգելով: Ու ԼՏՊ-ի պնդումները եւ գրեթե ՙհոր արեւ՚ երդումները, որ ԲՀԿ-ն միանշանակ ընդդիմադիր ուժ է եւ կապ չունի Ռոբերտ Քոչարյանի հետ, վերաբերում է ոչ թե ներկայիս իրավիճակին, այլ ամբողջովին արտացոլում է ԼՏՊ-ի անգլո-ամերիկյան տերերի ցանկությունները:
Խոշոր հաշվով` ԲՀԿ-ն հայտնվել է ՀՀ երեք նախագահների ՙեռանկյունու՚ մեջ ու փորձում է այդտեղ մանեւրել: ԼՏՊ-ին գրողի ծոցը չի ուղարկում, քանի որ այդ փոխադարձ սիրաբանությունները բողոքավոր մարդկանց քվեներն են քաշում դեպի ԲՀԿ: Ռոբերտ Քոչարյանի դերը ԲՀԿ-ում միանգամայն պարզ ու հասկանալի է, եւ ՀՀ երկրորդ նախագահը ձգտում է ԲՀԿ-ն գործադրել` սահուն կերպով իշխանության վերադառնալու համար: Իսկ Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է, որպեսզի ԲՀԿ-ն նվազագույն ձեւով լինի խանգարիչ հանգամանք 2013-ի ընտրություններին:
Բնականաբար, ՀՀ բոլոր երեք նախագահների ազդեցության վեկտորները լրիվ տարբեր են, շատ հարցերում դրանք բացարձակ անհամադրելի են, այլ, ընդհակառակը` հակադրելի, եւ հենց դրա արդյունքն է ԲՀԿ-ի բավականին հակասական վարքագիծը: Մի կողմից` ԲՀԿ խմբակցության քարտուղարը կարող է կատարյալ ՙնարնջագույն՚ հայտարարություն անել Ստրասբուրգում եւ ԵԽԽՎ-ում Հայաստանի վրա ՙտակառ գլորել՚, մյուս կողմից` ընդամենը 24 ժամում ընդունվում է որոշում, որ ԲՀԿ-ն կոալիցիայի մեջ չի մտնում, եւ կոալիցիոն աշխատանքը շարունակելուն տրամադրված ԲՀԿ-ական ամբողջ չինովնիկությունը մնում է լրիվ շիվար, իսկ արդեն ԱԺ քվեարկություններին մի մասով կողմ է քվեարկում կառավարության եւ ՀՀԿ-ի նախաձեռնություններին, մյուս մասով` դեմ, գումարած դրան էլ, այնուամենայնիվ, փաստացի ԲՀԿ-ական կադր գործուղվում է կառավարություն` որպես սպորտի նախարար:
Անշուշտ, աշնանը պետք է գա նույն ԲՀԿ-ի վարքագծի հստակեցման պահը: Օսկանյանը` որպես միաժամանակ ե°ւ Արեւմուտքի, ե°ւ Քոչարյանի ազդեցության գործիք, էապես վնասազերծված է, այժմ կարծես թե նաեւ առնվազն բրիտանացիները սկսել են աշխատել եւ Քոչարյանի դեմ, ու ՙնարնջագույն՚ ամբողջական գործունեության հեռանկար չի երեւում:
Այլ հարց է, որ բավականին կանխատեսելի է, որ կգա մի պահ ու, ամենայն հավանականությամբ, հենց նախագահական ընտրություններից առաջ, երբ ԲՀԿ-ից պարզապես կտարանջատվի ՙնարնջագույն՚ հատվածը: ԲՀԿ-ն կվերադառնա ի շրջանս յուր, իսկ նորագոյացությունները կգնան փոխարինելու արդեն լրիվ սպառված եւ ՙյուղ վառող՚ փոքր ՙնարնջագույն՚ միավորումներին:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

