Բրյուսելում ՀԱԿ ներկայացուցիչ, ԱԳՆ ՆԱՏՕ բաժնի նախկին աշխատակից Մուշեղ Մկրտչյանը մեծ աղմուկ է բարձրացրել եւ իր հայտարարությամբ սպառնացել ԱԳՆ-ին: Վերջինս մասնավորապես նշել է.
ՙՑանկանում եմ զգուշացնել ԱԳՆ ղեկավարությանը, որ եթե դեսպանը շարունակի իմ եւ իմ ընտանիքի անդամների նկատմամբ անձնական վրեժխնդրության դրսեւորումները, ապա ստիպված կլինեմ արդեն միջազգային մամուլում փաստեր եւ փաստաթղթեր ներկայացնել, որոնց համեմատ նախորդ հրապարակումները անմեղ կատակներ կթվան: Եթե երկրի ղեկավարությունը իսկապես մտահոգված է երկրի միջազգային հեղինակությամբ, ապա լավ կլիներ առաջին հերթին փոխարինել անմեղսունակ դեսպանին՚: Պարզվում է ԱԳՆ-ն բարեհոգի կգտնվի եւ իրավապահ մարմիններին չի դիմի Մուշեղ Մկրտչյանին հրապարակային շանտաժի մեղադրանքով քրեական պատասխանատվության ենթարկելու: ՙԻրավունք՚-ի հետ զրույցում այս մասին նշեց ԱԳՆ մամլո խոսնակ ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆՆ ու հավելեց. ՙՄուշեղ Մկրտչյանի վերաբերյալ մեր վերաբերմունքը վաղուց ենք արտահայտել: Նա դեռեւս անցյալ տարի երկու անգամ խիստ նկատողություն է ստացել, ապա հեռացվել աշխատանքից՚: