ԱԴՐԲԵՋԱՆԱ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՙՀԻՆ ՏԱՇՏԱԿԸ՚
Արխիվ 12-16ԱԴՐԲԵՋԱՆԱ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՙՀԻՆ ՏԱՇՏԱԿԸ՚
Չնայած համաշխարհային մասշտաբի վայնասունին` Թուրքիան, ինչպես եւ սպասվում էր, այդպես էլ չկարողացած որեւէ քաղաքական դիվիդենտ շահել հունիսի 22-ին Սիրիայի կողմից խփված թուրքական F-4 ռազմական ինքնաթիռի պատմությունից: Ռուսական հրթիռային եւ ռադարային համալիրներով զինված եւ ռուս մասնագետների օժանդակությամբ շահագործվող սիրիական հակաօդային պաշտպանությունը այդ ինքնաթիռը ոչնչացրել էր Սիրիայի տարածքում, եւ ինչքան էլ Ահմեդ Դավութօղլուն փորձեց համոզել, թե միջադեպը տեղի է ունեցել Միջերկրական ծովի չեզոք ջրերի վրա, բան դուրս չեկավ: Փաստն այն է, որ բեկորները գտնվում են սիրիական ջրերում, ներկայացվում են ռադարային բոլոր ցուցմունքները, որ մինչ այդ թուրքական ինքնաթիռն ապօրինաբար հատել է Սիրիայի օդային տարածքն ու ոչնչացվել է միջազգային բոլոր օրենքներին համապատասխան:
Եվ, հասկանալի է, արդեն Թուրքիան պետք է բացատրություն տա, թե իր ինքնաթիռն ի±նչ էր անում օտար երկրի երկնքում:ԾԵԾՎԱԾ ՇԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ
Զարմանալի թող չթվա, սակայն նման հարցադրումներ հնչում են նույնիսկ բուն Թուրքիայում: Մասնավորապես այդ երկրիª Թուրքիայի կոմունիստական կուսակցությունը առաջ է քաշել Էրդողանի կառավարության հրաժարականի պահանջը` միջադեպի պատասխանատվությունը դնելով վերջինիս վրա եւ այն համարելով ՙստոր սադրանք՚: Ավելին` թուրք կոմունիստները պնդում են նաեւ, որ դա ամենեւին էլ միակ սադրանքը չէ, որ Էրդողանն իրականացրել է Սիրիայի հանդեպ: Մի խոսքով`այս հարցում պաշտոնական Անկարան իր դիրքերը, թերեւս, այնքան թույլ է գնահատում, որ ոչնչացված ինքնաթիռի հետ կապվածª թեեւ դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, սակայն այդպես էլ անհապաղ որեւէ միջոցառում չի ձեռնարկել: Չնայած որ այդ դիմումով ինքնաթիռի ոչնչացման փաստը համարել է ՙտարածաշրջանի խաղաղությանը եւ անվտանգությանը՚ ուղղված վտանգ, որը նաեւ ՙսպառնում է Թուրքիայի ազգային անվտանգությանը՚: Ավելի վաղ մոտավորապես նույն բովանդակությամբ դիմումով էլ Թուրքիան ՆԱՏՕ-ից պահանջել էր արտահերթ նիստ գումարել եւ պատասխան քայլեր ձեռնարկել, որը կարող էր լինել Սիրիա ռազմական ներխուժում իրականացնելու տեսքով: Սակայն այդպես էլ Թուրքիան չկարողացավ քիչ թե շատ խելքին մոտ բացատրություն գտնել, թե այլ պետության օդային տարածք ներխուժած ինքնաթիռի ոչնչացումն ի±նչ կերպ կարող է վտանգ ներկայացնել Թուրքիայի անվտանգությանը:Ուստիեւ Արեւմուտքը գերադասեց հնարավորինս զերծ մնալ Թուրքիային ուղղակի աջակցություն ցուցաբերելուց, թերեւս գիտակցելով, որ սադրանքի փաստն ակնհայտ է եւ միջամտելը կնշանակի նաեւ այդ սադրանքի մեջ ներգրավված լինելու մասին մեղադրանքներ: Եվ, արդյունքում, Թուրքիան արդեն հայտարարում է, որ չի էլ մտածում պատերազմ սկսել Սիրիայի դեմ` ինքնաթիռի ոչնչացման պատճառով: Եվ ահա Սիրիան էլ, գոնե այս հարցում վստահ լինելով իր արդարացիության վրա, հունիսի 25-ին գնդակոծեց եւս մեկ թուրքական ինքնաթիռ, որն առաջինի օրինակով փորձում էր ներխուժել իր տարածք: Այս անգամ Թուրքիան գերադասեց լռել, թերեւս հասկանալով, որ այս կարգի ակնհայտ սադրանքների միջոցով ոչ միայն չի կարող լուծել Սիրիա զորք մտցնելու գերխնդիրը, այլ ամեն մի նոր միջադեպի հետ էլ ավելի կհաստատվի սադրիչի կերպարը: Եվ, արդյունքում, էլ ավելի տեսանելի է դառնում, որ Էրդողանի սիրիական քաղաքականության արդյունքում Թուրքիան գնալով ավելի է կորցնում այդ ուղղությամբ իր երբեմնի առաջամարտիկի դերակատարությունը:
ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ՇՈՈՒ
Փոխարենըª Թուրքիան կարծես թե որոշել է եւս մեկ անգամ խաղարկել արեւելք-արեւմուտք էներգետիկ տրանզիտի ՙհին, բարի՚ ծրագիրը, որը մեռած է համարվում այն բանից հետո, երբ հրեական արմատներով բրիտանական ՙԲրիթիշ Պետրոլիումը՚ պաշտոնապես հրաժարվեց տխրահռչակ ՆԱԲՈՒԿԿՕ-ից` այն համարելով տնտեսապես անիմաստ նախագիծ: Հասկանալի է, այդ փաստը բավականին ծանր տարավ նախ Թուրքիան, ով իրեն արդեն սկսել էր պատկերացնել դեպի Եվրոպա էնեգակիրների տարանցման հիմնական պետության դերում, ապա` Ադրբեջանը, որը արդեն սկսել էր իրեն համարել Եվրոպայի էներգետիկ փրկիչը, հասկանալի է, դրանից ակնկալվող քաղաքական փայլուն ապագայով հանդերձ: Եվ ահա, երբ այդ երազանքները մեռած են, մեր արեւելյան եւ արեւմտյան հարեւանները կարծես թե այլ ուղղություններ չգտնելով, մի տեսակ պարտադրված փորձում են այդ ծեծված խաղը վերակենդանացնել: Թեեւ կարծես թե այս դեպքում ավելի շատ Իլհամ Ալիեւն է իրեն կոտորում:
Այսպես. ինչպես հայտնի է, այս ամսվա 26-ին Ստամբուլում տեղի է ունենալու ՙՍեւծովյան տնտեսական համագործակցության՚ երկրների հոբելյանական գագաթաժողովը, եւ որպես տարածաշրջանային էներգետիկ համագործակցության ՙփայլուն՚ օրինակ` Ռեջեփ Էրդողանն ու Իլհամ Հեյդարովիչը պատրաստվում են մեծ շուքով ստորագրել, այսպես կոչված, Տրանսանատոլիական գազատարի (TANAP) նախագծի վերաբերյալ միջկառավարական համաձայնագիրը: Այդ նախագիծը համարվում է ՆԱԲՈՒԿԿՕ-ի մինի-մոդելը. ըստ նախատեսվածիª այն պետք է ունենա մոտ 2 հազ. կմ երկարություն եւ վերջնարդյունքումª մինչեւ Բուլղարիայի կամ Հունաստանի սահմանը տարեկան հասցնի 20-24 մլրդ խմ ադրբեջանական գազ:
Նկատենք, որ բավականին լավ օր են ընտրել այդ փաստաթղթի ստորագրման համար. այդ օրը Ստամբուլում են հավաքվելու տարբեր պետությունների նախագահներ, վարչապետներ, այդ թվում` ՌԴ վարչապետը: Ասել է թեª շոու կազմակերպելու լավ իրավիճակ է: Այստեղ ՙշոու՚ տերմինը մերը չէ. այդպես են այդ իրադարձությունը գնահատել տարբեր երկրների, այդ թվում` թուրքական վերլուծաբաններ: Բանն այն է, որ տարբեր հեղինակավոր մասնագետներ համոզված են, որ սա ոչ թե տնտեսական, այլ քաղաքական նախագիծ է, ավելի ճիշտ` բլեֆի փորձ, եւ տնտեսական առումով բան դուրս չի գա: Այդ ենթադրությունները հիմնված են հետեւյալ փաստերի վրա. նախª մասնագետները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքին, որ TANAP նախագծի իրականացնող կողմեր են համարվում Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը` 80%, թուրքական պետական Botas նավթային Turkiye Petrolleri AO ընկերությունները` 20% ընդհանուր մասնաբաժնով: Ճիշտ է` կազմակերպիչները վստահեցնում են, թե հետագայում նախագծին կմիանան այլ հեղինակավոր ընկերություններ, մասնավորապես` ՙԲրիթիշ Պետրոլիումը՚: ՙԱյդ դեպքում ինչո±ւ նրանք այս պահին նախագծի մեջ չեն՚: Այս հարցադրումն առաջինն է, որ հնչեցնում են գրեթե բոլոր վերլուծաբանները` նկատելով, որ ՆԱԲՈՒԿԿՕ-ից դուրս գալով ՙԲրիթիշ Պետրոլիումը՚ միայն ակնարկել էր, թե միգուցե մտածի TANAP նախագծի մասին, իսկ այսօր նրա բացակայությունը խոսում է այն մասին, որ դեռ մտածում է եւ երկար կմտածի: Երկրորդ հանգամանքը, որի վրա ուշադրություն են դարձրել մասնագետները. Ինչո±ւ ամեն քայլափոխի թուրքերին եւ ադրբեջանցիներին հետեւող Սահակաշվիլին այս նախագծում չկա, թեեւ նա էլ է այդ օրը գտնվելու Ստամբուլում: Ընդ որում, այն բանից հետո, երբ մեկ-երկու շաբաթ առաջ էր, որ Տրապիզոնում Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրեցին ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիր: ՙԵթե Վրաստանը չի մասնակցում այս նախագծին, դա նշանակում է, որ TANAP նախագծի համար նախատեսված գազը պետք է Ադրբեջանից Թուրքիա հասնի Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարով՚,- նկատում է վրացական մասնագետներից մեկը: Սակայն այդ դեպքում, ըստ նրա, միանգամայն անհասկանալի է, թե այդ ինչպես են Բուլղարիա հասցնելու 20-24 մլրդ խմ գազ: Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարով 2011թ.-ին արտահանվել է 4,5 մլրդ խմ-ից մի փոքր ավելի գազ, իսկ Ադրբեջանի հզորությունները ներկայումս թույլ չեն տալիս 6-7 մլրդ խմ-ից ավելի գազ արտահանել: ՙՈղջ հույսը Շահ-Դենիզ-2 հանքավայրի վրա է, սակայն դա էլ հազիվ հնարավորություն տա Բաքու-Թբիլիսի-Էրզրումով արտահանումը լավագույն դեպքում հասցնել 14-15 մլրդ խմ-ի: Եթե դրա 1/3-ն էլ մնա Թուրքիային, ապա էլ ինչքա±ն գազ են վաճառելու Եվրոպային, որ նախ խողովակաշարի ծախսերը փոխհատուցվեն, եւ մտածեն եկամուտների մասին: Մինչդեռ անգամ Շահ-Դենիզ-2-ով հանդերձª Ադրբեջանը տարեկան 20-24 մլրդ խմ գազ արտահանելու հնարավորություն պարզապես չունի: Այն էլ, երբ դեռ հարց է, թե ինչպե±ս են այդ գազը տեղափոխելու Բաքու-Թբիլիսի-Էրզրումով, երբ դրա հիմնական բաժնետերերը` BP-ն եւ Statoil-ը կարող են եւ քաղաքական նկատառումներով չցանկանալ համագործակցել TANAP-ի հետ՚: Այս հաշվարկները կային նաեւ ՆԱԲՈՒԿԿՕ-ի հետ կապված, եւ հենց այդ ՙչոր՚ թվաբանության արդյունքում է, որ այդ ծրագիրն այդպես էլ խողովակաշար չդարձավ: Մինչդեռ TANAP գազատարի կառուցման առաջին փուլի արժեքը գնահատվում է 7-8 մլրդ դոլար, եւ մասնագետները հիմնականում այն համոզմունքին են, որ Ադրբեջանը այդպես էլ ներդրողներ չգտնելով` ստիպված էր իր պետական նավթային ընկերությանը թողնել նախագծի 80 տոկոս բաժնեմասը: Եվ նույնիսկ Թուրքիան, որ շատ կուզենար օգուտներ ստանալ գազի արեւելք-արեւմուտք տարանցումից, այն աստիճան զգուշավորություն է ցուցաբերել, որ 20 տոկոսից ավելի պատասխանատվություն չի համաձայնվել ստանձնել:
Թերեւս բավականաչափ հիմնավորումներ կան այս նախաձեռնությունը շոու համարելու համար: Սակայն այլ հարց է, թե ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի ներկայությամբ կազմակերպվող Ռուսաստանը շրջանցող այս նախագծի ստորագրումը էլ ավելի չի վատթարացնելու ռուս-ադրբեջանական հարաբերությունները: Դա արդեն պարզ կդառնա հունիսի 26-ին:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

