Նայեք այս լուսանկարին. ո°չ, դա մոնտաժված չէ...
Արխիվ 12-16
Նայեք այս լուսանկարին. ո°չ, դա մոնտաժված չէ, դա լուսանկարել է երեւանցիներից մեկը այս շաբաթ օրը, այն էլ` Ամիրյան փողոցում, հայտնի խանութներից մեկի ցուցափեղկին: Այստեղ ոչ թե զարմանում ես, այլ` չգիտես ինչ ասես: Տեսնես այդպիսի մակագրությունով հագուստ մանուկների համար գնել առաջարկողը սեփական տղա երեխային այդպիսի հագուստ կտա: Եթե կտա, ուրեմն մտածում է ոչ թե գլխով, այլ մարմնի միանգամայն այլ մասով, իսկ եթե չի տա, բայց ուրիշներին է առաջարկում... Դե, մնացածը ընթերցողը թող ինքն ասի, թե ինչպես դա կոչել:
Շատերին էր զարմացրել քաղաքական բիզնես-նախագծերի սիրահար, ՄԱԿ անունով կուսակցության առաջնորդ, այժմ ԲՀԿ խմբակցության անդամ ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԻ ելույթը, ուր վերջինս հավաստիացնելով, թե մտահոգություն է հայտնում, զուգահեռներ էր անցկացնում այսօրվա իրականության եւ Շահ Աբասի ու 1915-ի ժամանակների հետ:
Ճիշտն ասած` ԱԺ ամբիոնից այդպիսի ելույթով հանդես գալը ինքնին զարմանալի է, սակայն մեր զարմանքը բազմապատկվեց, երբ պատահմամբ հայտնաբերեցինք, որ հարգարժան մանդատավորի ելույթի այդ հատվածը բառ առ բառ վերցված է շուրջ 1 ամիս առաջ տպագրված հայտնի ՀՀՇ-ական ՙպատմաբան՚ Աշոտ Սարգսյանի ՙլավաշ՚ հոդվածից: Լավ, հասկացանք Արսենյանի մեծն սերը ՀՀՇ-ի հանդեպ, քանզի հենց ՀՀՇ-ականների օրոք նա դարձավ ծխախոտի որոշ տեսակների խոշորագույն, եթե չասենք մենաշնորհային ներմուծող, բայց իր սիրելի կուսակցության ներկայացուցչի հեղինակային իրավունքն այդպես կոպտորեն ոտնահարել...
Ի դեպ, բավականին զարմանալի էր Աժ-ում ԲՀԿ խմբակցության անդամ ԳՐԻԳՈՐ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ վարքագիծը: ՙԲելաջոյի Գրիշ՚ մականունով հանրությանը հայտնի այդ օլիգարխի քվեարկության վերաբերյալ, երբ կառավարության ծրագրի ընդունման հարցն էր, գրանցվեց ՙձեռնպահ՚, սակայն նա բանավոր հայտարարեց` իբր դեմ է քվեարկել: Եվ ինչ, թեեւ դահլիճում գտնվող ԱԺ քարտուղարության ղեկավար Թաթուլ Սողոմոնյանը բացատրել էր, որ հնարավոր չէ ՙդեմ՚ սեղմելու դեպքում համակարգիչը գրանցի ՙձեռնպահ՚, բայց, արի ու տես, որ ՙԲելաջոյի Գրիշի՚ համար անհնար ոչինչ չկա: Եթե մարդը զարմանալիորեն քանիցս կուսակցական պատկանելություն է փոխել, ապա ինչու նրա բանավոր հրամանով անշունչ տեխնիկան չպետք է իրեն նույն ձեւի ՙշուստրի՚ ձեւով պահի:
Մորմոնների աղանդը, ի վերջո, ՙՄարիոթ Արմենիա՚ հյուրանոցում անցկացրեց իր կոնֆերանսը, որի վերաբերյալ ՙՍիվիլիթասի՚ ներկայիս տնօրեն Սալբի Ղազարյանը նշեց. ՙՈղջունում եմ, վտանգ չեմ տեսնում՚: Դե, եթե աղանդապետ Հանթսմանի 2 միլիոն դոլարով են սնվում, ու մի բան էլ կերածի վրա քրգործ կա, ապա ինչու չպետք է ողջունել: Սակայն մեզ զարմացրեց ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆԻ կեցվածքը. ՙԵթե մորմոնների գրանցված կրոնական կազմակերպություն կա, ապա իրավաբանական տեսանկյունից կարող են հավաք ունենալ, դա իրենց օրենքով վերապահված իրավունքն է: Ինձ համար ցանկալի կլիներ, որ Հայաստանում լիներ կրոնական միասնություն՚: Զարմանալի է, թե ով է համարձակվում խոսել կրոնական միասնության մասին` այն Հրանուշ Խառատյանը, որի թեթեւ ձեռքով գրանցվել են եհովականները, այլ վտանգավոր աղանդներ, որոնց նույնիսկ ՙտոլեռանտ՚ եվրոպացիներն են հրաժարվում գրանցել:
Թերեւս ՙՀարսնաքարում՚ տեղի ունեցած ահավոր դեպքի արմատները ավելորդ չէ փնտրել մեր ՍԵՐԻԱԼՆԵՐՈՒՄ: Զորօրինակ` հեռուստասերիալային Վիպոյանն իր թիկնապահ Սերոժին դիմում է` ՙԱրա, այ եզ՚: Դե, եթե սերիալային թիկնապահը ՙեզ՚ է, իսկ սերիալային օլիգարխը գերադասում է հենց ՙեզ՚ պահել, ապա ռեալ կյանքում այդպիսի վարքը կընդօրինակեն ե°ւ տերը, ե°ւ ծառան: Բայց ապշեցուցիչ է, թե սերիալների արտադրության հարամ փողով ապրողները ինչպիսի աղմուկ են բարձրացնում, հենց որ սերիալների հարցը ռեալ լուծման հեռանկար երեւաց: Խոսքը բազում արժանավոր մարդկանց` Սոս Սարգսյանով սկսած, ՀՀ նախագահին հղած բաց նամակի մասին է, որ պարունակում է կոնկրետ օրենսդրական եւ գործադիր առաջարկներ: Եվ ահա ոմն մեկը, ով Լեւոն Մարգարյան անունով է հանդես գալիս, ՙՖեյսբուքում՚ գրում է. ՙՍրանից էն կողմ տավարություն չի կարա լինի, մարդիկ իրանց անձնական խնդիրներն արդեն նախագահի մակարդակով են պատկերացնում, էս հետսովետական մտավորականները լրիվ ցնդել են, յանները տարել է՚: Դե, ինչ ասես սրան, անբարո բաների վրա փող սարքելու սովոր հետխորհրդային խոշոր կամ մանր եղջերավորները, ում միանգամայն սազում է ՙայ եզ՚ սերիալային դիմելաձեւը, համարձակվում են դեռ իրենց ինֆուզորիա հալով նույնիսկ Սոս Սարգսյանի մասին այդպես արտահայտվել: Դե, պարզ է, համակարգչի դեմը այդպիսինները միշտ առյուծ են կտրում, սակայն ռեալ կյանքում այնքան արագ են վերածվում կուռկուռի ձագերի:
Վրացիները վերջերս սկսել են շրջանառել նոր ազգի անուն` ջավախներ, որոնք, իբր թե, Ջավախքի բուն բնակիչներն են եղել, սակայն ժամանակին ագրեսիվ հայերը նրանց վռնդել են Ջավախքից ու հաստատվել նրանց տեղը: ՙԳամառ ջոբա, բիճո՚, վրացուց ցանկացած ախմախություն էլ սպասելի է, սակայն պարզվում է, որ այդ հակագիտական տխմարության հեղինակը մեր հայրենակիցն է` թիֆլիսաբնակ ոմն ԱՐԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՈՎ, որը 1980-ականներին այդ գոյություն չունեցող ժողովրդին մատից ծծել էր եւ գիրք գրել նրանց մասին` ներկայացնելով այդ ցնդաբանությունը` որպես գիտական ճշմարտություն: Դե ինչ, եթե գողը տնից լինի, ապա եզին (չշփոթել հանկարծ օլիգարխիկ թիկնապահի հետ) երդիկից կհանեն: Դե, պատկերացրեք վրացու լեզուն այդպիսի ՙհայերի՚ պատճառով ինչքան է երկարում:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

