ՙՙԱՄԵՆ ՄԱՐԴ ՉՊԵՏՔ Է ՀԱՅՏՆՎԻ ԵԹԵՐՈՒՄ
Արխիվ 12-16ԱՄԵՆ ՄԱՐԴ ՉՊԵՏՔ Է ՀԱՅՏՆՎԻ ԵԹԵՐՈՒՄ
Եվ այսպես, հայտնի դարձան Եվրոպայի ֆուտբոլի 2012 թվականի առաջնության կիսաեզրափակչի մասնակիցները, եւ չեմպիոնի տիտղոսը կվիճարկեն Իսպանիան, Իտալիան, Գերմանիան եւ Պորտուգալիան: Վաղը եւ մյուս օրը կկայանան Իսպանիա-Պորտուգալիա, Գերմանիա-Իտալիա կիսաեզրափակիչ հանդիպումները, իսկ հուլիսի 1-ին` եզրափակիչը: ՙՈւղիղ կապի՚ ժամանակ հայտնի մարզական մեկնաբան ՍՈՒՐԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ չէր բացառել Գերմանիա-Իսպանիա եզրափակչի կրկնությունը: Մենք զրուցել էինք նաեւ մեր ազգային հավաքականի, երկրի առաջնության մասին:
-Մեր հավաքականին իր ներուժով ո±ր հավաքականի հետ կարելի է համեմատել:
- Կարծում եմ` մեր հավաքականը Լեհաստանի կամ նույնիսկ Ուկրաինայի հավաքականից վատ չէր հանդես գա: Իհարկե, պետք չէ շատ ոգեւորվել. առաջիկայում նոր պատասխանատու ելույթներ կան: Նախկինում մերոնք տակտիկապես շատ կծկված, վախվխելով էին խաղում, եւ դա լրացուցիչ առավելություն էր տալիս մրցակցին: Մինչդեռ ուժեղների հետ պիտի համարձակ խաղաս, անընդհատ ձգտես քո կամքը թելադրել, այլ ոչ թե ենթարկվես իր կամքին, այլապես երկար չես դիմանա: Ու մեր հավաքականը ինքն էր ձգտում իր կամքը թելադրել, ու պատահական չէ, որ մերոնք ավելի շատ գոլ խփեցին ու հանդիպումների ընթացքում էլ բազմաթիվ գոլային պահեր էին ստեղծում:
Պատմության մեջ դեպքեր են եղել, երբ ֆուտբոլային ոչ հզոր երկիրը ինչ-որ ժամանակահատվածում ուժեղ հավաքական է ունեցել: Կարող եմ բերել Բուլղարիայի հավաքականի օրինակը, երբ Խրիստո Ստոիչկովն էր խաղում: 1994 թվականին ներկա եմ եղել ԱՄՆ-ում տեղի ունեցած աշխարհի առաջնությանը, եւ ինչ-որ տեղ Բուլղարիայի հավաքականի բախտը բերեց. Արգենտինայի պես շատ հզոր հավաքականը ասպարեզից դուրս մնաց: Մարադոնան էլ դեռ խաղում էր, ինչ-որ թմրանյութի հարց մեջբերեցին... Վերջերս Մարադոնայի մասին կինոնկարից պարզվեց, որ ՖԻՖԱ-ն դա հատուկ էր արել, որ Արգենտինան Բրազիլիայի դեմ չլինի, որն էլ եզրափակչում հաղթեց: Իսկ Բուլղարիան շատ լավ ֆուտբոլ ցուցադրեց, Գերմանիային, ապա կիսաեզրափակչում էլ հաղթեց ու գրավեց երրորդ տեղը:
Ընթացիկ առաջնությունը տարբերվում է գոնե նրանով, որ թիմերի մեծամասնությունն արդեն հասկացել է, որ հարկավոր է շեշտը դնել տեղի ֆուտբոլիստների վրա: Հսկայական գումարներ էին տալիս, բերում էին միջինից ցածր մակարդակի ֆուտբոլիստների, ովքեր փողոցում են մնացել, չեն կարողացել տեղավորվել... Հետո պարզվում է, որ մեր ֆուտբոլիստներից լավը չեն, եւ մեր ֆուտբոլիստներն ասում են` եթե ինձնից 5 անգամ բարձր է ստանում, թող ինքն էլ վազի: Իսկ այդ լեգեոներներն էլ (կային, որ 8-10 հազար էին ստանում, իսկ մեզ մոտ ծախսերը մեծ չեն) այնպես էին խաղում, որ հանկարծ կոտրվածք, լուրջ վնասվածք չստանան, պայքարին չէին տրվում: ՙՄիկայի՚ օրինակը ամենացայտունն է. տարիներ շարունակ Միքայել Բաղդասարովը շատ լեգեոներներ է բերել, շատ փող է ծախսել, սակայն արդյունքը չէր երեւում, եւ հիմա տեղի երեխաները տասնապատիկ լավ են խաղում:
- Մեկնաբանների սխալներն այնքան շատ են, որ կարող ենք դրանցով էջեր լցնել: Ինչպիսի±ն պետք է լինի մարզական մեկնաբանը:
- Փափուկ, երաժշտական, ինչպես ասում են` սպորտային ձայն պետք է ունենա: Այդ առումով ժամանակին անկրկնելի էին Լեւոն Դանիելյանը եւ Նիկոլայ Օզերովը: Ինձ հետ ժամանակին սկսել էր հաղորդել Ռազմիկ Արզոյանը, ով շատ կիրթ, լավ անձնավորություն էր ու նաեւ զուտ տեղեկատվական ծրագրերի լավ հաղորդավար: Նա Լեւիտանի ձայնը ուներ, իսկ 90 րոպե նման պաշտոնական ձայնը լսելը շատ դժվար է, եւ ֆուտբոլասերները նրան չընդունեցին: Շատ կարեւոր է առոգանությունը: Լեզուն էլ է նպաստում, որ ռեպորտաժներն ավելի հետաքրքիր լինեն, կարողանաս տուգանային հրապարակում խճճված իրավիճակների ժամանակ ոգեւորել ֆուտբոլասերներին: Կարեւոր են ֆուտբոլային գիտելիքները, ամենակարեւորը` մեկնաբանը չպետք է փորձի ամենագետ երեւալ, դա վատ են ընդունում շատ ֆուտբոլասերներ, ովքեր մեկնաբաններից ավելի խելոք են, ավելի գիտակից: Եվ կարեւոր է, որ ինքդ քեզ եթերում չհակասես: Մարզական մեկնաբանի ընտրություն պետք է կատարվի, ամեն մարդ չպետք է հայտնվի եթերում:
Ռ. ԹԱԹՈՅԱՆ

