ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԴԵՄ ՄԱՀԱՓՈՐՁԵՐ ԵՆ ԵՂԵԼ
Արխիվ 12-16ՀՀԿ խմբակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ պատասխանելով ԶԼՄ-ներից մեկի այն հարցին, թե Ռուբեն Հայրապետյանն ինչից է վախենում, որ թիկնապահներ է պահում, նշել էր. ՙՆրա դեմ մի քանի անգամ մահափորձ է կատարվել, այդ պատճառով էլ թիկնապահներ է պահում՚: Իսկ ՙԻրավունքը՚ պարոն Սահակյանից փորձեց ճշտել, թե երբ եւ ինչ հանգամանքներում է նման բան տեղի ունեցել.
- Մանրամասները պետք է հետաքննիչ մարմիններից հարցնել: Ես ընդամենը իրողությունն եմ արձանագրել:
- Իսկ Հայաստանի ներկայիս թիկնապահները կարո±ղ են պաշտպանել անհատներին մահափորձերից, թե± ընդամենը ի վիճակի են նրանց կարգավիճակը հաստատել:
- Դաշտն անհրաժեշտ է ենթարկել կարգավորման, որն արդեն մեր նախաձեռնությամբ Ազգային ժողովն արել է: Կարծում եմ, որ իրոք այս խնդիրը հարկավոր է օրինական դաշտ բերել, որպեսզի տարախոսություններ չառաջանան հասարակության մեջ:
Փաստորեն, շատ շուտով հայտնի ռուսական ասացվածքը, թե ՙՍիլա եստ, ումա նե նադո՚ կմոռացվի եւ կունենա իր նոր հայկական տարբերակը:
ՀՐԱՆՏ ՍԱԱՖՅԱՆ
ՀՅԴ-Ի ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ԺՈՂՈՎԱՑԱՎ ԵՆ ԿՊԵԼ
Արդեն ավանդական, ՀՅԴ-ական օրինաչափություն է դարձել, որ երբ ՀՅԴ-ն պատասխան չունի, ժամանակ էլ չունի լսելու: Ֆեյսբուքյան քննարկումներում մեծ ակտիվությամբ շրջանառվում է այն թեման, որ Արցախում ՀՅԴ-ականները սկսել են լքել ՀՅԴ-ի շարքերը, քանի որ իրենց կամքին հակառակ հայաստանյան դաշնակցությունը պարտադրում է առաջիկա ԼՂՀ նախագահական ընտրություններում պաշտպանել ոչ թե ընդդիմադիր Վիտալի Բալասանյանի թեկնածությունը, այլ ներկայիս ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանինը: Երբ փորձեցինք կապ հաստատել ՀՅԴ-ականների հետ, որպեսզի հերքենք կամ հաստատենք շրջանառվող լուրերը, փորձը դարձավ իսկական փորձանք:
ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը երթեւեկում էր, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը վաղուց է անհասանելի, ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը գերզբաղված էր ու մեկ ժամից ամեն դեպքում ասաց, որ կարող ենք էլի փորձել ու այդպես ժամեր շարունակ: Դե Չալոն, ՙՉալոն էլ կաղ է՚, հետո էլ սա արդեն Խնկո Ապոր սյուժեին է նմանվում:
ԲԱՐՁՐԱՁԱՅՆԵԼԸ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ ՉԷ
Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետեւանքով օր օրի ավելանում են տագնապալի լուրերը տեղի հայության վիճակի վերաբերյալ: Հուսալով, որ խնդրին անտարբեր չի լինի ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, դիմեցինք ԱԳՆ մամլո խոսնակ ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆԻՆ:
- Ի±նչ քայլեր է ձեռնարկում ԱԳՆ-ն Սիրիայի հայության անվտանգության ուղղությամբ:
- Քայլերը, որոնք ձեռնարկվում են դրանց մասին բարձրաձայն խոսել նպատակահարմար չենք համարում:
- Սիրիայի իրադարձությունների վատագույն զարգացման դեպքում, արդյոք գոյություն ունի ծրագիր Սիրիայի հայությանը ապաստան տալու հետ կապված:
- Գիտեք ինչ, վարչապետը խորհրդարանում առիթ ունեցել է անդրադառնալու այդ հարցին եւ ես դրան ավելացնելու ոչինչ չունեմ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

