ՙԿառավարության հնգամյա ծրագիրն իրատեսական է՚,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ:
ՙԾրագիրն ունի կիրառական բարձր նշանակություն, իր գործառույթներին տիրապետող արհեստավարժ նորաստեղծ կառավարությունն ի զորու է լինելու կյանքի կոչել այն՚,- նշեց նա: Նորակազմ խորհրդարանը, պատգամավորի գնահատմամբ, բազմաշերտ է, ինչը լայն հնարավորություններ է տալիս տարբեր մոտեցումների եւ գաղափարների երկխոսության: Զաքարյանի համոզմամբ` հինգ տարի անց հնարավոր է լինելու արձանագրել արվածն ու չարվածը, այդ իսկ նպատակով կառավարության ծրագրում տեղ են գտել նաեւ ռիսկային պահեր: Ծրագրի արդյունքում մեր երկրի սոցիալական պայմանները մի քանի անգամ կբարելավվեն: Կոալիցիոն նախկին գործընկերոջ` ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության կողմից կառավարության ծրագրի քննադատությանն անդրադառնալով պարոն Զաքարյանը նկատեց, որ ցանկացած ուժի համար դժվար է չլինելով իշխանություն` միաժամանակ չլինել ընդդիմություն: