Երեկ ՙՀենարան՚ մամուլի ակումբում ՀՀԿ փոխնախագահ ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ հանդիպման ժամանակ լրագրողների հարցերը կապված էին հատկապես վերջերս ՙՀարսնաքար՚ ռեստորանային համալիրում տեղի ունեցած իրադարձություններին:
ՀՀԿ փոխնախագահի կարծիքով տեղի ունեցածը կենցաղային մշակույթի բացակայությունից է գալիս: Նա չցանկացավ որեւէ մեղադրանք ներկայացնել ռեստորանի սեփականատիրոջը` պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին, ավելացնելով` ՙՍեփականատերը ինչ անի, որ աշխատողներն իրենց այդպես են պահում: Լավ չի աշխատում կհեռացնենք, ինչ է եղել՚: ՙԻրավունքի՚ այն հարցին, ինչպե±ս է գնահատում ՀՀԿ փոխնախագահը այն փաստը, որ ԲՀԿ-ն հայտարարում է, որ 2008-2012 թթ. քաղաքական թիմը ձախողված է, պարոն Զոհրաբյանը պատասխանեց. ՙԵս չգիտեմ, թէ ինչ գաղափար են նրանք դնում մեր ձախողված լինելու մեջ, բայց ասեմ, որ Հանրապետականը ձախողված չէ, մենք 2007-2008 թթ. ԱԺ եւ նախագահական ընտրությունների արդյունքում, հայտարարված ծրագրերը իրագործել ենք: Ճիշտ է ընթացքում եղան խնդիրներ, միջազգային ճգնաժամը ազդեց մեր վրա, բայց մենք դա հաղթահարեցինք: Նույնիսկ ամենակատարյալ իրադարձությանը կարելի է ասել ձախողված: Հո ասելով չի, ի վերջո կա իրականություն, ես չեմ ասում, որ մենք շատ արագ հասանք եվրոպական ստանդարտներին, բայց մենք ձգտում ենք դրան՚: ՙԻրավունքի՚ մեկ այլ հարցին, որը վերաբերում էր գործադիր իշխանության մեջ ԲՀԿ անդամների, բացառությամբ նախարարների, իրենց տեղերում մնալուն , ՀՀԿ փոխնախագահը ասաց. ՙՆախարարներից ներքեւ կառույցը, ովքեր քաղաքացիական ծառայության պաշտոնյաներ են նրանք մրցույթով են անցել բարձր պաշտոնների եւ կապ չունի ԲՀԿ-ից են, ՀՀԿ-ից, թե այլ ընդդիմադիր որեւէ ուժից: Նրանք կանոնադրությամբ իրավունք ունեն, եթե իհարկե չեն թուլ տվել այնպիսի խախտումներ, որ իրենց աշխատանքից հանեն: Որեւէ քաղաքական հետապնդում նրանց նկատմամբ չի լինելու՚: Իսկ մեր այն հարցին, եթե ԲՀԿ-ն կառավարության ծրագրի դեմ է քվեարկել, ապա դա կարո±ղ է փաստել, որ նրանք ընդդիմություն են, Ռազմիկ Զոհրաբյանը պատասխանեց. ՙԱյո, ԲՀԿ-ն դեմ է քվեարկել, բայց եղան նաեւ այնպիսի նախագծեր, որոնց նրանք կողմ են: Իրենց հայտարարությունից, որ իրենք կառուցողական, այլընտրանքային ուժ են պետք է հասկանալ, որ նրանք բոլոր հարցերում չի, որ կատեգորիկ դեմ են հանրապետականի ընդունած ցանկացած օրենքին: Այդ կառուցողականությունը հենց դրա մեջ է երեւում: Իսկ ինչ վերաբերվում է կառավարության նոր ծրագրին, ապա, իրոք, նրանք որոշ կետերի հետ համաձայն չէին, քննադատեցին, ելույթներ եղան, ես այստեղ որեւէ պրոբլեմ չեմ տեսնում՚: ԱՆՈՒՇ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ