ԲԱԼԼԱԴ ՙՔԵՌԻ ՍԵՄԻ՚, ՊԱՐՏԻԶԱՆԻ ՈՒ ՄԻՏԻՆԳԻ ՄԱՍԻՆ
Արխիվ 12-16ԲԱԼԼԱԴ ՙՔԵՌԻ ՍԵՄԻ՚, ՊԱՐՏԻԶԱՆԻ ՈՒ ՄԻՏԻՆԳԻ ՄԱՍԻՆ
Այսօր ՀԱԿ-ի ՙերկար սպասված՚ հանրահավաքն է, սակայն, ի տարբերություն հետընտրական առաջին հանրահավաքի, այլեւս հույսեր չկան, որ ԲՀԿ-ն ստվար շարքերով ՙմասովկա՚ կապահովի Ազատության հրապարակում:
Փախարենը կա ՀԱԿ-իստների տրտունջների ժողովածու, որ ԲՀԿ-ն այդպես էլ չարդարացրեց հույսերը: Բայց պարզվում է ոչ միայն ԲՀԿ-ն գիշերները չի քնում, թե ինչպես ՙմանթրաժ՚ ապահովի ՀՀՇ-ականների համար, այլ ամբողջ աշխարհը` բանուգործ թողած:
ՙՆԱՐՆՋԱԳՈՒՅՆՆԵՐԻ՚ ՏՈՒՆԸ ԿՌԻՎ ԷՐ ԸՆԿԵԼ
Հարց է ծագում, թե հատկապես ինչից ելնելով էր հերթական հանրահավաքը հենց հունիսի 26-ին նշանակված: Չնայած, ըստ դասականի, մենք ենք, Ավստրիան ու Ամերիկան, բայց հաստատ Ավստրիայի նախագահի պատվին չէր օրվա ընտրությունը: Ինչ վերաբերում է Ամերիկային, ապա ով է ՙքեռի Սեմից՚ խեր տեսել, որ ՀԱԿ-ը տեսնի: Երեկվա օրը նախատեսված էր ինչ-որ ՙվճռորոշ՚ բաներ սկսել Սիրիայի դեմ, ու դրանով մեկնարկել ամերիկյան ժողովրդավարության հաղթարշավը հետամնաց մուսուլմանական Արեւելքի աշխատավորության շրջանակներում ու հետագայում ոչ պակաս հետամնաց Հարավային, իսկ այնուհետ` Հյուսիսային Կովկասում, բայց ստացվեց նույնը, ինչ դեռեւս 200 տարի առաջ ծնված ռուսական հայտնի պատմությունում անհաջողակ դարբնի մասին: Դե, դարբինը երկաթի հսկայական կտորից փորձում է գութան սարքել, դա չի ստացվում, փորձում է պակասած երկաթեղենից մեծ կացին սարքել, դա էլ չի ստացվում, փորձում է դանակ սարքել` չի ստացվում, փորձում է բիզ սարքել` չի ստացվում, վերջը ստացվում է այն, ինչ բնութագրվում է ռուսական ՙպշիկ՚ բառով... Դե, ԱՄՆ-ի ու վերջինիս արբանյակների մոտ էլ ստացվեց ՙպշիկ՚. տարբեր աշխարհաքաղաքական գործոնների պատճառով երեկ ոչ թե մեկնարկեց մերձավորարեւելյան ՙհաղթարշավը՚, այլ ընդամենը մի քանի մանր-մունր սիրիական ընկերություններին արգելվեց մուտք գործել Եվրամիության շուկա, Եվրոպայում էլ անզգուշաբար թողած համեստ գումարները ՙսառեցվեցին՚: Դե, ինչ անի այդ դեպքում խեղճ ՀԱԿ-ը, ամռան շոգին նոր ՙարաբական գարնան՚ սկիզբը ՙքեռի Սեմի՚ մոտ չստացվեց, բայց արդեն անիմաստ դարձած հանրահավաքը հո նշանակված է: Ուզած-չուզած լինելու են խայտառակ: Ախր, ո°չ փողոցներն ընկած թմբուկ զարկողները, ո°չ էլ ԱԺ-ի ամբիոնից անձամբ Լեւոն Զուրաբյանի կողմից հանրահավաքի հայտարարություն հնչեցնելը քանակ չի ավելացնելու:
Գումարած այդ ամենին` ՀԱԿ-ի ներսում տարաձայնություններն անպակաս են: Վեճ ու կռիվը բավականին սրվեց Նիկոլ Փաշինյանի հայտնի հոդվածից հետո, ուր վերջինս նշեց, որ եթե գլխավոր դատախազը Օսկանյանի հետեւից գա ԱԺ, ապա Նիկոլը մեծագույն հաճույքով կքվեարկի անձեռնմխելիությունից զրկելու օգտին` անգամ, եթե ներքին համոզմունք ունենա, որ ԱԱԾ-ն ամբողջովին Օսկանյանի գլխին սարքել է: Ոմանք այդ տեսակետը կիսում են, ոմանք` անընդունելի համարում, ոմանք` թքած ունեն, բայց կրքերը եռում են միանշանակ: Հասել է նրան, որ սկսել են ՙՖեյսբուքի՚ տարածքում անպատվել ՀԱԿ-ի հետ առավել քան պակաս կապ ունեցող այն մարդկանց, ում մտքով անցել էր նույն ՙՖեյսբուքում՚ Նիկոլի հոդվածին ՙլայք՚ անել: Ու դա` է°լ գող փիսո, է°լ քաչալ շուն տարբերակով: Դե ինչ, մի օր դա խորհրդարանի ամբիոնից էլ է պայթելու: Նիկոլ Փաշինյանը բացեիբաց հայտարարել է, որ ԱԺ-ում մտադիր է զբաղվել շատ գործնական աշխատանքով, Հրանտ Բագրատյանին հաց մի տուր, թող միայն նախարարների հետ տնտեսական հարցերի շուրջ վիճել, Լյուդմիլա Սարգսյանն էլ հեղափոխության ո°չ հալ ունի, ո°չ հավես, Ստեփան Դեմիրճյանն էլ հետաքրքրվում է բացառապես 5 տարի մանդատը վայելելով եւ, գումարած դրան` ԱԺ դահլիճում, բախտի բերմամբ, թե պատահմամբ, նրան տեղ է հասել ՙԺառանգության՚ շարքում: Տակը մնացին Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը ու Գագիկ Ջհանգիրյանը: Դե, վերջինիս հանցագործ անցյալի բեռը ցանկացած պահի կարող է փլվել նրա գլխին, Լեւոն Զուրաբյանին էլ մի օր կարող է սպառնալ նույն Օսկանյանի ճակատագիրը, ճիշտ է` այս անգամ հետաքննության առարկա կարող է լինել նրա գործունեությունը` որպես միջազգային հակաճգնաժամային խմբի փորձագետ, դե, Արամ Մանուկյանի պարագայում էլ, ինչպես ասում են, մի ափը ծափ տալ չի կարող: Անմանդատ մնացած ՀԱԿ-իստներն էլ, անկասկած, ՀԱԿ-ի ձախորդ օրերին հաստատ կհիշեն, որ հայի նախանձ խասիաթ ունեն, ուստի նույն ՀԱԿ-իստների շրջանակում առաջիկայում, ամենայն հավանականությամբ սեպտեմբերից սկսյալ, դիտելու ենք ընտիրագույն թամաշա` թե ինչպես են ցեխարձակում զմիմյանս եւ իրար վրա ՙգործ տալիս՚:
Դե, քանի որ ԲՀԿ-ի հետ հույսեր կապել չի լինում, տակը մնացին դաշնակները, մեկ էլ` ազատդեմոկրատացած ՙժառանգականները՚: Երկուսն էլ պրոբլեմների մեջ խրված են, դաշնակները դեռ պետք է գլուխ հանեն ՀՅԴ Արցախի կառույցի խառը վիճակից, որը գոյացել էր ոչ առանց երեւանյան պարտադրանքի, ավանդաբար Վիտալի Բալասանյանին պաշտպանելու փոխարեն Բակո Սահակյանին պաշտպանելու հետեւանքով, համ էլ Երեւանում էլ կարծես թե սեփական շարքերը, մեղմ ասած, գոհունակությամբ աչքի չեն ընկնում: Իսկ ՙԺառանգության՚ պարագայում քիչ են ներքին տարաձայնությունները, ինչպես նաեւ` ՙԱզատ դեմոկրատների՚ հետ առաջացած խնդիրները, հիմա էլ Րաֆֆի Հովհաննիսյանի կենսագրության ամենագեղեցիկ էջն են դրել փչացրել: ՀՀՇ-ի քարոզչամեքենան, օգտագործելով նաեւ սոցիալական ցանցերի եւ բլոգների հնարավորությունները, տարածել է այն տեղեկատվությունը, որ Րաֆֆի Հովհաննիսյանին 1992-ին հրաժարականը պարտադրվել էր ոչ թե Ստամբուլում հերոսաբար Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար, այլ այն պատճառով, որ գործի բերումով` լինելով արտգործնախարար, ամերիկացիներին էր փոխանցել այն գաղտնի տեղեկատվությունը ռուսների վերաբերյալ, որը հասանելի էր ՀՀ ԱԳՆ-ին, ինչը հանգեցրել էր թեեւ ստվերային, բայց անչափ բուռն միջպետական սկանդալի:
Գումարած դրան` ՙԺառանգության՚ մի թեւը կարծես թե շարունակում է ՙինքնառաջարկվելու՚ գործընթացը: Ռուբիկ Հակոբյանը, որը խորհրդարանում առաջարկում էր, որ ՙԺառանգությանը՚ տեղ տան վերահսկող եւ հակակոռուպցիոն մարմիններում, հիմա էլ հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկել ոչ թե շատ սիրելի հայրենի կառավարությանը, այլ զուտ այդ կառավարության կողմից ներկայացված ծրագիրը չհավանելու պատճառով:
Դե ինչ, ԱԺ-ում եւ ԱԺ-ից դուրս ՙնարնջագույնների՚ գործերը բարդ են: Ու անչափ են բարդացել նաեւ, քանի որ ԲՀԿ-ի ՙնարնջագույն՚ թեւը այժմ պրոբլեմներ ունի:
ՙՊԱՐՏԻԶԱՆՈՒԹՅԱՆ՚
ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱկ-իստների տրտունջները ԲՀԿ-ից գալիս են այն հանգամանքից, թե ինչու սույն կուսակցությունը չի ուզում ինքն իրեն անվանել ընդդիմադիր, այլ շարունակաբար օգտվում է ՙայլընտրանքային ուժ՚ բանաձեւից, որի վերաբերյալ երեկ ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը կատակով ակնարկեց ոչ վաղ անցյալի ԱԼՄ-ն: Բնականաբար, զուտ պրակտիկ տեսակետից բոլորին հետաքրքրում է, թե ինչ դիրքորոշում է ունենալու ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին եւ արդյոք հանդես է գալու սեփական թեկնածուով: Դրան երեկ ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը պատասխանել է, որ այդ հարցերի պատասխանները կլինեն ՙպատեհ պահի՚: Դե ինչ, ՙհաջորդ դասին՚ փոխարինելու եկավ ՙպատեհ պահը՚, բայց արդյոք ինքը` ԲՀԿ-ն, պատկերացում ունի±, թե երբ եւ ինչպես է գալու այդ ՙպատեհ պահը՚: Նաեւ փորձագիտական միջավայրում տարածված կարծիք կա, որ իրականում այդ ՙպատեհ պահի՚ վերաբերյալ որոշում ընդունողը լինելու է Ռոբերտ Քոչարյանը:
Ռոբերտ Քոչարյանի քարոզչամեքենան էլ զբաղված է Օսկանյանին պաշտպանելով եւ նորանոր մարդկանց, այդ թվում` եւ ՙԺառանգությանն՚ ամբողջովին, գումարած` Նիկոլ Փաշինյանը, իշխանությանը ծախված լինելու մեջ մեղադրելով: Դե, Օսկանյանն էլ, քանի որ բավականին աննախանձելի վիճակում է, ու ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը նրան նույնիսկ հրապարակավ ամոթանք է տվել ՙպարտիզանի պես՚ լռելու համար, ԲՀԿ-ի թիվ 1 ընդդիմադիր ելույթներ ունեցողի դերը, կարծես թե, մնացել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի վրա: Վերջինս ԵԽԽՎ-ում հասցրեց գանգատվել մայիսի 6-ի ընտրություններից` հիշատակելով կնիքների թանաքը եւ ընտրացուցակները, դրանով իսկ փաստորեն խլելով Զարուհի Փոստանջյանի ավանդական ՙհացը՚: Դե ինչ, ԲՀԿ-ն չի էլ պատրաստվում պաշտոնապես հռչակվել ընդդիմություն, սակայն խմբակցության քարտուղարը դրսեւորում է առավել ջանասիրություն, քան ՙԺառանգությունն՚ ու ՀԱԿ-ը` մոռանալով նաեւ, որ առաջին հերթին եվրոպական դիտորդների աչքը ծակել էին հենց ԲՀԿ-ի տրակտորները: Բացի այդ` դա նաեւ հակասում է Երեւանի կողմից Ստրասբուրգում դրսեւորելիք մարտավարությանը, համաձայն որի` (եւ ԵԽԽՎ բյուրոյի նիստում այդ մասին հայտարարեց մեր պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը) ԵԽԽՎ-ն չպետք է ընտրությունների հետ կապված զեկույցներ պատրաստի ու դրանով պետք է զբաղվի միայն ԵԱՀԿ-ն: Նաիրա Զոհրաբյանը ուղղակիորեն հայտարարեց. ՙԹեեւ չեմ կարծում, որ ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն այդ ձեւակերպմամբ է ասել, այդուհանդերձ, մենք դրա հետ համաձայն չենք, որովհետեւ ԵԽԽՎ-ն պետք է իր անմիջական դիտորդական-վերահսկողական մեխանիզմները իրականացնի ԵԽ անդամ երկրներում ընթացող ընտրական գործընթացների նկատմամբ՚:
Սակայն վերադառնանք Վարդան Սիվիլիթասիչին: Վերջինիս գործերը, կարծես թե, լրիվ ՙզիբիլիթաս՚ վիճակում են: Թեեւ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը ուղղակի տեքստով հայտարարեց, որ ՙՍիվիլիթասը՚ ԱՄՆ-ի կարեւոր գործընկերն է, ու հիշատակեց ՙմտահոգիչ՚ քաղաքական պահը (առայժմ չնույնացնենք ԲՀԿ-ի ՙպահի՚ հետ), այնուամենայնիվ, ՙՍիվիլիթասի՚ եւ անձամբ Օսկանյանի գործերի հետաքննությունը չդադարեցվեց, այլ, ընդհակառակը` խորացվեց: Այժմ Պետեկամուտների կոմիտեն պահանջել է ՙՍիվիլիթասի՚ գոյության ողջ ընթացքի բոլոր ֆինանսական փաստաթղթերը, իսկ ԱԱԾ-ից ծանուցագրեր ստացել են ոչ միայն Օսկանյանը, այլեւ ՙՍիվիլիթասի՚ բազում ներկայացուցիչներ:
Դե, տրամաբանությունը բավականին պարզ է` ՀՀ իշխանությունը որոշել է այլեւս տեղի չտալ ամերիկյան ճնշումներին, ինչը միանգամայն օգտակար կլինի երկիրը տարատեսակ ՙ5-րդ շարասյուներից՚ աստիճանաբար կամ միգուցեեւ կտրուկ բեռնաթափելու գործին: Ու դժվար չի կանխատեսել, որ ՙՍիվիլիթասի՚ ու վերջինիս հետ կապակցված օժանդակ գրանտածիծ կառույցներին ամենեւին էլ ոչ փայլուն ապագա է սպասվում, ու շատ հավանական է, որ Նիկոլին հաջողվի ի կատար ածել իր երազանքը Օսկանյանի վերաբերյալ:
Բնականաբար, ՙՍիվիլիթասի՚ հետ կապված ՙզիբիլիթաս՚ պատմությունները չեն կարող չազդել եւ ԲՀԿ-ի ՙպատեհ պահի՚ վրա: Օսկանյանն այլեւս դժվար թե պիտանի ֆիգուր լինի` որպես ԲՀԿ-ի ենթադրական թեկնածու, որը միաժամանակ ձեռնտու է ե°ւ ՙքեռի Սեմին՚, ե°ւ Ռոբերտ Սեդրակիչին: Ու ընդհանրապես, երեւի թե, նախագահական ընտրություններում ԱՄՆ-ն ստիպված լինի բավարարվել ՀԱԿ-ի եւ ազատդեմոկրատացած ՙԺառանգության՚ ՙխուրդա՚ թեկնածուներով, որոնք ընդունակ չեն ավելիին, քան մի քանի տոկոս փախցնելը:
Դե, իսկ Օսկանյանի փոխարեն ԲՀԿ-ում ոչ ոք լիարժեքորեն չի կարող կատարել ՙնարնջագույն՚ թեւի առաջատարի դերը: Ճիշտ է, դրա փորձերը կատարում է ԲՀԿ խմբակցության քարտուղարը, սակայն Վարդան Օսկանյանն ու Նաիրա Զոհրաբյանը, ինչպես կասեր ռուսը, ՙերկու մեծ տարբերություն են՚: Համ էլ ԲՀԿ պատգամավորական կորպուսում այդպիսի գործունեությանը ունակ կադրերի սուր դեֆիցիտ կա. Ռոբերտ Քոչարյանի քարոզչամեքենան սպասարկող քաղաքագետներին այդպես էլ թողեցին հիասթափված վիճակում, եւ նրանք ցուցակ էլ չմտան, ՙնարնջագույն՚ ՙմիացյալ շտաբի՚ գլխավոր կազմակերպիչներից մեկի` Հմայակ Հովհաննիսյանի երեսը չցանկացավ տեսնել ԲՀԿ առաջնորդը, դուրս մնացին նաեւ Արամ Սաֆարյանի տիպի կադրերը:
Այնպես որ, դեռ հարցական է, թե ինչպիսին ու ինչ ձեւաչափով է լինելու, ԲՀԿ մամլո խոսնակի հիշատակած, ՙպատեհ պահը՚. կարծում ենք, որ ՙնարնջագույն՚ կամ պարզապես ամերիկամետ այն դժվար թե ստացվի: Համ էլ տարածաշրջանում Ռուսաստան-ԱՄՆ աշխարհաքաղաքական հակադրությունը ինչքան խորանա, նույնքան էլ տրամաբանորեն Հայաստանի ներսում կուժեղանա պետական ճնշումը ամերիկյան խաղ խաղացողների հանդեպ: Ու թեեւ ՙշպիոն Օնիկի՚ մասին անեկդոտ ունենք, սակայն գնալով այդ կերպարանքին բնորոշ գործունեությունը ավելի ու ավելի դժվար է դառնում ոչ միայն ռեալ կյանքում, այլ անգամ ՙՖեյսբուքում՚:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

