ՙՀետաքննություն՚ հավելվածում ՙՇանթի աջաբսանդալը՚ վերնագրված հոդվածում անդրադարձել էինք ՙՇանթ՚ հեռուստաընկերության ՙX ֆակտոր՚ նախագծի առաջին հաղթող Վրեժ Կիրակոսյանի մոռացված լինելու եւ ՙՇանթում՚ տիրող բարձիթողի վիճակին, բայց երեկ ՙԻրավունքը՚ նկատեց, որ ՙՇանթը՚ չի մոռացել Վրեժին:
Ամիսներ շարունակ օդից կախված վիճակը, կարծես թե, լուծում գտավ 1 օրում, եւ ՙՇանթը՚ եկավ ընդհանուր հայտարարի: Շատ տրամաբանական ՙպատահականությամբ՚ հոդվածը տպագրվելու հենց հաջորդ առավոտյան Վրեժը հայտնվեց ՙՇանթի՚ ուղիղ եթերում: Ինչպես մեզ հետ զրույցում, այնպես էլ ՙՇանթի՚ ուղիղ եթերում Վրեժը փաստեց, որ նոր է մեկնելու Մոսկվա` ՙSony Music՚ ընկերության հետ հաղթանակից հետո կնքված պայմանագրի գործառույթներն իրականացնելու համար: Այնինչ նախագծի պրոդյուսեր Աննա Թադեւոսյանը մեզ հավաստիացրել էր, որ Վրեժը ձայնագրություններով մեկ շաբաթ առաջ է վերադարձել Մոսկվայից: Մեր հոդվածի արդյունքում ՙՇանթը՚ հիշել էր Վրեժին` ոչ միայն հրավիրելով առավոտյան ծրագրին, այլ նաեւ, ինչպես Վրեժը ուղիղ եթերում նշեց, շուտով նոր նախագիծ է պատրաստվում, որի անմիջական մասնակիցն է լինելու: Ամեն ինչ զավեշտալի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ: