Մեկ տարուց Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը կնշի ստեղծման 20-ամյակը: Տեղակայվելով գործունեության համար տարրական պայմաններ չունեցող տարբեր շինություններում` վերջապես 2010 թվականին բազմապիսի արհեստների տուն Կենտրոնը հաստատվեց հարմարավետ շենքում:
Նման պայմաններում արդյունավետ աշխատելը ոչ միայն ցանկալի, այլեւ պարտադիր է Կենտրոնի ուսուցիչների համար. հենց որ ծուլացան, կզրկվեն աշխատանքից: Գուցե մի քիչ դաժան, բայց, Կենտրոնի տնօրեն ԼՅՈՒԴՄԻԼԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ կարծիքով, ճիշտ քաղաքականություն է: Նա ուրախությամբ հայտնում է, որ լավ ուսուցիչ ընտրելու մեջ իրեն ոչ ոք չի խանգարում. ՙՀենց մրցակցությունը, ավելիին հասնելու ձգտումն է, երեւի թե, որ խմբակավարներին դրդում է անընդհատ լինել պրպտումների մեջ, ձեռք բերել նոր գիտելիքներ եւ դրանք փոխանցել երեխաներին՚: Ուսումնական տարվա նախաշեմին` օգոստոսին, խմբակավարները տնօրենին ներկայացնում են ոչ միայն նախորդ տարվա իրենց կատարած աշխատանքը, այլեւ հանդես են գալիս նոր մտահղացումներով ու առաջարկություններով: Տարեկան երկու անգամ` հունվարին եւ հունիսին, երեխաները հանձնում են ստուգարքներ, իսկ երրորդ տարվա վերջին` քննություն, եւ ստանում վկայական: Այսօր Կենտրոնում անվճար հիմունքով տարբեր հմտություններ են ձեռք բերում ավելի քան 1000 սաներ, իսկ ոմանք էլ ապագա մասնագիտության հիմքն են դնում: Խմբակների թիվը հասնում է 100-ի` մաքրամե, գոբելեն, հագուստի մոդելավորում, փայտափորագրություն, ռադիոտեխնիկա, թատերական, պարարվեստ եւ այլն: Ամեն տարի սեպտեմբերի 12-ը Կենտրոնում ՙԲաց դռների օր՚, որի ժամանակ ցանկացողները հայտեր են ներկայացնում այս կամ այն խմբակում ներգրավվելու համար: Ու այն, որ ամենամեծ մրցույթը լինում է պարարվեստում, արդեն իսկ ասում է մայրաքաղաքի երեխաների ՙզանգվածային՚ նախասիրության մասին: Այս ուստարի պարարվեստի խմբակ հաճախել ցանկացող 120 երեխայից ընտրվել է 45-ը: Երգչախմբի մասին դատելու համար բավական է լսել ՙՄռակած՚ պետական կամերային երգչախմբին, որի համալրման մասին եւս մտածում են. այս տարի ստեղծված նոր երգչախումբը, որը ղեկավարում է Մարինե Մկրտչյանը, ստեղծված է հենց այդ նպատակով: Մեծ թվով միջոցառումներ արդեն ավանդական են դարձել` ՙԲաց դռների օր՚, ՙԽաղերի փառատոն՚, ՙՑտեսություն, աշուն, բարեւ, ձմեռ՚, Ամանորին նվիրված շոու-ծրագիր, Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումների շարք եւ այլն: Դեռեւս 1994 թվականից արհեստավարժ ուսուցիչների սանիկները հանդես են գալիս ոչ միայն Արցախի ու Հայաստանի մասշտաբով կազմակերպվող, այլեւ միջազգային մակարդակի տարբեր ցուցահանդեսներում ու մրցույթներում: