ՙՙՀՆԱՐԱՎՈՐ Է` ԿՐԿՆՎԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՆԱԽՈՐԴ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉԸ՚
Արխիվ 12-16ՙՀՆԱՐԱՎՈՐ Է` ԿՐԿՆՎԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՆԱԽՈՐԴ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉԸ՚
ՙԻՏԱԼԻԱՆ ՃԿՈՒՆ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է՚
( - Արդեն հայտնի են այն ութ թիմերը, որոնք հաղթահարեցին խմբային փուլի արգելքը: Ըստ Ձեզ` ինչպես անցավ խմբային փուլը, ինչ անակնկալներ եղան (Գեւորգ):
-Եվրոպայի այս առաջնությունն իր մակարդակով բավականին բարձր է, եւ հանդիպումները շատ հետաքրքիր պայքարում են անցնում: Բազմիցս ընդգծվել է, որ, իրոք, հավաքականների կարողությունները հիմնականում հավասարվել են: Բայց միեւնույն է, տեսեք, որ քառորդ եզրափակիչ դուրս եկած ութ թիմերից հինգը ներկայացնում են եվրոպական ամենաուժեղ ազգային առաջնությունները` Արեւմտյան Եվրոպայի երկրները` Իսպանիա, Անգլիա, Գերմանիա, Ֆրանսիա եւ Իտալիա: Հետաքրքիր իրավիճակ է: Իտալիան միշտ դժվար է դուրս գալիս խմբերից` լինի աշխարհի, թե Եվրոպայի առաջնություն: Իտալիան այն ֆուտբոլային երկիրն է, որի հավաքականը, նախ, շատ մեծ հաջողությունների է հասել եւ հիմնականում հաջող է խաղացել վերջնական փուլերում, որտեղ մրցակիցներն անհամեմատ ուժեղ են: Ես այսքան տարիներ իտալական ֆուտբոլային խաղեր եմ մեկնաբանում եւ ամբողջ աշխարհը, մասնագետներն են ասում, որ իտալական ֆուտբոլը առաջին հերթին տակտիկա է: Այսինքն` իտալացիները ճկուն մարտավարությամբ իրենց մրցակիցներին գերազանցում են: Երեւի մենք եւ շատերը դրանում համոզվեցինք նաեւ խմբային մրցաշարում, երբ հանդիպեցին Իսպանիան եւ Իտալիան: Բավականին հետաքրքիր խաղ էր, եւ դժվար էր նախապատվությունը տալ որեւէ մեկին, իտալացիները շատ լավ տպավորություն թողեցին` չնայած էլի տարածքային առավելությունն իսպանացիների կողմն էր: Եթե մենք նայում ենք քառորդ եզրափակիչի ցանցին, տեսնում ենք, որ հետաքրքիր իրավիճակ է: Մի թեւում այնպես է, որ հնարավոր է` կիսաեզրափակիչում միմյանց հետ հանդիպեն Գերմանիան եւ Իտալիան: Եվ այս դեպքում դժվար է միանշանակ ասել, թե Գերմանիան, որը Իսպանիայի հետ գլխավոր ֆավորիտ է համարվում, անպայման կհասնի եզրափակիչ, որովհետեւ մենք բազմաթիվ օրինակներ ունենք, եւ վիճակագրությունն էլ դա է ապացուցում, որ Իտալիան հաճախ է կանգնել Գերմանիայի ճանապարհին: Բերեմ թեկուզ ամենաթարմ օրինակը, երբ 2006 թվականին հենց Գերմանիայում տեղի ունեցած աշխարհի առաջնության ժամանակ Գերմանիայի հավաքականն էլի ուժեղ էր, բայց 0:1 հաշվով պարտվեց Իտալիայի հավաքականին, եւ իտալացիները դուրս եկան եզրափակիչ ու դարձան աշխարհի չեմպիոն: Շատ հետաքրքիր կլինի, իհարկե, եթե կիսաեզրափակիչում հանդիպեն նաեւ Անգլիան ու Գերմանիան: Ես բախտ եմ ունեցել ներկա գտնվելու 1996 թվականին Անգլիայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությանը, երբ այս երկու երկրների հավաքականները հանդիպել են կիսաեզրափակիչում: Ընդ որում, այն ժամանակ Անգլիան շատ հզոր կազմ ուներ, խաղում էին սեփական հարկի տակ, բայց հանդիպումը ոչ-ոքի ավարտվեց, եւ 11 մետրանոցներով 6:5 հաշվող հաղթեցին գերմանացիները: Ես ուզում եմ այլ բան ընդգծել: Շուրջ 30 օր ես Լոնդոնում էի, եւ ինձ վրա հատկապես մեծ տպավորություն թողեց Անգլիա-Շոտլանդիա եւ Անգլիա-Գերմանիա հանդիպումների շուրջ շիկացած մթնոլորտը: Անգլիան եւ Շոտլանդիան պատմականորեն ինչ-որ տեղ իրար թշնամի են, եւ խաղից առաջ մարզադաշտի մոտակայքում երեւի 300 հազար մարդ էր հավաքվել ու տոմս էին ուզում ձեռք բերել, բայց այդ հնարավորությունը չկար: Անգլիա-Գերմանիա խաղի հետ կապված էլ ասեմ, որ դեռ մի քանի օր կար մինչեւ խաղը, եւ չեք պատկերացնի, թե անգլիական ու գերմանական լրատվամիջոցներն ինչպիսի թշնամական պատերազմ էին մղում միմյանց դեմ: Պարզապես հիշել էին պատմության ընթացքում միմյանց դեմ մղած պատերազմները, ընդ որում, դեղին մամուլը միայն հայհոյանքներ, անպատիվ հոդվածներ էր տպագրում... Ֆուտբոլն ընդհանրապես քաղաքական, հասարակական երեւույթ է, եւ շատ դեպքերում այն քաղաքականացնում են, եւ ֆուտբոլասերներն էլ նաեւ զոհ են դառնում... Այս առաջնությունում էլ ռուս երկրպագուներ են կալանվել, եւ Ռուսաստանի արտգործնախարարությունը միջնորդում է, որ հնարավորություն տան` իրենց քաղաքացիները գան եւ Ռուսաստանում դատվեն...
Ու վերհիշեցի նաեւ 1966 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը` Անգլիա-Գերմանիա, երբ բաքվեցի Բահրամովը հաշվեց անգլիացիների գոլը, որի շնորհիվ Անգլիան չեմպիոն դարձավ: Սակայն գերմանացիները մինչեւ հիմա վիճում են ու ասում, որ գոլը չի եղել, գնդակը դարպասի գիծը չի հատել: Ու պատկերացրեք, որ անգլիացիներն այդ օրերին մոռացել էին Եվրոպայի առաջնությունը եւ անընդհատ ցույց էին տալիս գոլային պահը: Ես էլ էի դիտում, ու մինչեւ այսօր որեւէ մեկը չի կարողացել կողմնորոշվել` գոլ եղե±լ է, թե± ոչ: Իհարկե, նշածս 4 թիմերից Գերմանիան ավելի տպավորիչ խաղ էր ցուցադրում, եւ այս կազմը հասունացել է, որ նորից` 4-րդ անգամ Եվրոպայի չեմպիոն դառնա:
Մյուս թեւում քառորդ եզրափակիչի առաջին հանդիպման բացահայտ ֆավորիտ համարում են Պորտուգալիային, բայց պետք չէ մոռանալ, որ Չեխիան շատ հարուստ պատմություն ունեցող ֆուտբոլային երկիր է, բազմաթիվ հաջողությունների է հասել, նույն Պորտուգալիային Անգլիայում Չեխիան հաղթեց, հասավ եզրափակիչ ու դրամատիկ պայքարում զիջեց Գերմանիային: Չեխիան նաեւ մեր ապագա մրցակիցն է, եւ ուզում եմ երկու խոսք ասել այդ հավաքականի մասին: Հիմա թիմը դեռ ձեւավորման փուլում է, բայց մինչեւ աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի հանդիպումները այս թիմն ավելի հզոր է լինելու, ուժեղանալու է:
Իսպանիա-Ֆրանսիա հակամարտության մեջ միանշանակ գլխավոր ֆավորիտը Իսպանիայի հավաքականն է, որն այս առաջնությունում էլ ցույց է տալիս իր բացահայտ առավելությունը, դարձյալ գնդակին վերահսկելու առումով հավասարը չունի, բայց չմոռանանք, որ Ֆրանսիան էլ ուժեղ թիմ է, ու դժբախտությունն այն է, որ կայուն չի խաղում: Կայուն խաղաց միայն Պլատինիի ու նրա սերնդակիցների ժամանակ: Մենք տեսնում ենք, որ հնարավոր է` կրկնվի Եվրոպայի նախորդ առաջնության եզրափակիչը, երբ հանդիպեցին Իսպանիան եւ Գերմանիան: Ես սա, իհարկե, վերապահումով եմ ասում, որովհետեւ հատկապես Գերմանիայի թեւը բավականին ծանր է: Սովորաբար կանխատեսելը անշնորհակալ գործ է, բայց եթե ուժեղներն են դուրս գալիս հաջորդ փուլ, ուրեմն դա օրինաչափություն է: Առանց հաջողության ուղեկցության, առանց պատահականության ոչինչ չի լինում: Եթե նույնիսկ աշխարհի չեմպիոն են դառնում, էլի պատահական տարրերը պետք է օգնեն, որ այդ թիմը կարողանա չեմպիոն դառնալ:
ՙԵՐԵՎԻ ԱՄԵՆԱՃԻՇՏԸ ԿԼԻՆԻ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ՚
( - Ուկրաինա-Անգլիա հանդիպման ժամանակ պարզ երեւաց, որ գնդակը հատել էր Անգլիայի հավաքականի դարպասի գիծը, սակայն մրցավարը գոլը չհաշվեց (Ալիկ):
-Այո°, այո°, ես էլ այն կարծիքին եմ, որ մաքուր գոլ էր: Եվ զարմանալին այն է, որ հիմա դարպասի ետեւում էլ կա մրցավար, սակայն չի նկատում: Ընդ որում, միայն այդ դրվագը չէր, կային էլի կասկածելի դրվագներ: Երեւի պատճառներից մեկն էլ այն է, որ հիմա խաղերի ընդհանուր արագությունը շատ բարձր է, իրոք խելահեղ արագություն է:
- Արդյոք ժամանակը չէ, որպեսզի վիճելի պահերի դեպքում տեսագրությունը դիտելուց հետո մրցավարները վերջնական որոշում կայացնեն:
- Երեւի ամենաճիշտը կլինի տեխնիկայի օգտագործումը: Հիմա որոշ չափով օգտագործում են, եւ ինձ թվում է` ի վերջո գալու են դրան, որովհետեւ պարզվում է, որ մարդն ի վիճակի չէ այդ արագության պայմաններում ճիշտ կողմնորոշվելու` չնայած խաղացողների կողքին է կանգնած: Իրադարձություններն այնքան բուռն են, տուգանային հրապարակում քաոսային իրավիճակ է ստեղծվում, եւ կողքին էլ կանգնած լինես, դու չես կարող այդ բոլորը նկատել, որովհետեւ մեկը մյուսի շապիկից է քաշում, մեկը ետեւից հարվածում է... Այնպիսի բաներ են լինում, որ չես կարող ճիշտ կողմնորոշվել, բայց տեխնիկան կարող է ճիշտ, հստակ ֆիքսել` գնդակը գոնե դարպասի գիծը հատե±լ է, թե± ոչ: Այդ պատճառով շատ թիմեր են տուժում:
ՙՇՎԵԴԻԱՅԻ ԲԱԽՏԸ ՉԲԵՐԵՑ՚
( - Շատերը որպես լավագույն հանդիպում նշում են Անգլիա-Շվեդիա հանդիպումը: Իսկ Դուք մինչեւ հիմա կայացած հանդիպումներից ո±րը կառանձնացնեիք (Արմեն Տեր-Պողոսյան):
-Մինչեւ հիմա կայացած հանդիպումներից ինձ դուր եկավ Իտալիա-Իսպանիա հանդիպումը: Ինչ վերաբերում է Ձեր նշած հանդիպմանը, ապա ընդհանրապես Շվեդիան շատ լավ ֆուտբոլ ցուցադրեց, պարզապես բախտը չբերեց: Առաջին երկու հանդիպումներում, որոնցում Շվեդիան պարտվեց, հաշվի մեջ առջեւում էր, թիմը շատ լավ էր խաղում, ընդգծված առաջատար ունի` հանձինս Զլատան Իբրահիմովիչի, որը գերազանց մարզավիճակում է գտնվում: Շվեդիան իրոք արժանի էր, որ լիներ ութ ուժեղագույնների թվում, պարզապես, ինչպես նշեցի, բախտը չբերեց, որը եւս շատ կարեւոր գործոն է:
ՙՈւղիղ կապը՚ վարեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

