ԹՈՒՐԳՈՒԹ ՕԶԱԼԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԵՏՔԸ
Արխիվ 12-16ԹՈՒՐԳՈՒԹ ՕԶԱԼԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԵՏՔԸ
Թուրքիայում գնալով մեկ բավականին ուշագրավ սկանդալ է հասունանում, կապված այդ երկրի 8-րդ (1989-1993) նախագահ Թուրգութ Օզալի անվան հետ: 1-2 տարի առաջ Թուրքիայի գործող նախագահ Աբդուլլահ Գյուլը մի անսպասելի նախաձեռնությամբ էր հանդես եկել. հանձնարարել էր նախագահին կից պետական վերահսկիչ խորհրդին` հետազոտել Օզալի մահվան հանգամանքները: Եվ ահա, սկսում են այդ հետազոտությունների հիման վրա ի հայտ գալ արդյունքներ, որոնք կարող են պայթյունանման իրավիճակներ առաջացնել միանգամից մի քանի ուղղություններով:
ԳՅՈՒԼՆ Է ՓՈՐՁՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՕԶԱԼԻ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ
Թե ինչու էր այն ժամանակ Գյուլն այդքան հետաքրքրվել Թուրքիայում տարիներ շարունակ ոչ պաշտոնապես պետական գաղտնիքի կարգավիճակ ունեցող այդ դեպքով` նույնիսկ թուրքական լրատվամիջոցներն են մի տեսակ մոլորվել: Ենթադրությունները տարբեր են. սկսած նրանից, որ Օզալի մահվան հանգամանքների ի հայտ գալովª Գյուլը կարող է լուրջ հարված հասցնել վարչապետ Էրդողանին, վերջացրած նրանով, որ այդ կերպ Թուրքիայի նախագահը հող է նախապատրաստում ամերիկյան հայ-թուրքական հաշտեցման ծրագրերին նոր զարկ տալու համար: Եվ նկատենք, որ բոլոր այդ բացատրություններում էլ որոշակի տրամաբանություն կա: Օրինակ` հայ-թուրքական հաշտեցման վարկածի հետ կապված բացատրությունն այն է, թե ներկայումս Թուրքիայում Օզալը շարունակում է մեծ հարգանք վայելել, եւ ժամանակին նրա ունեցած գաղափարները այսօր անհամեմատ հեշտ է հրամցնել հանրությանը: Իսկ այդ գաղափարների թվում էր նաեւ այն, որ ժամանակակիցների վկայության համաձայն` Օզալը պատրաստվում էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ նույնիսկ փորձում էր ճշգրտումներ կատարել, թե փոխհատուցման առումով դա ինչ կնստի Թուրքիայի վրա: Դա են պնդում ժամանակին Օզալի հետ աշխատած մի շարք պաշտոնյաներ:Օրինակ` Օզալի խորհրդական Հասան Ջալալ Գյուզելին պնդում է, թե նախագահն 1990-ականների սկզբին մտորում էր հայերին Թուրքիա վերադարձնելու ծրագրի մշակման շուրջ. ՙԵթե նա չպարզված հանգամանքներում չմահանար, հավանաբար այդ ծրագիրը իրականանար՚: Բացի այդ, չմոռանանք, որ Գյուլն այս հետաքննությունը սկսեց այն ժամանակներում, երբ բուռն թափ էր ստացել հայ-թուրքական հարաբերությունների թեման: Իհարկե, միամտություն կլիներ պատահականություն համարել այն փաստը, որ Պետական վերահսկիչ խորհրդի կողմից այդ հետազոտությունների արդյունքները ներկայացվում են այն պահին, երբ ամերիկացիները կրկին փորձում են աշխուժացնել Ցյուրիխյան արձանագրությունների թեման, ընդ որում, վերջերս մասնավորապես այդ հարցով բավականին երկարաշունչ զրույց ունեցան Բարաք Օբաման եւ Գյուլը:
Սակայն, մինչ մյուս վարկածներին հասնելը, նախ փորձենք ներկայացնել Պետական վերահսկիչ խորհրդի կողմից այդ ուսումնասիրությունների հետ կապված եզրակացությունների այն պատառիկները, որոնք հայտնվել են շրջանառության մեջ: Վերահսկիչ խորհուրդն իր զեկույցում նախ ուշադրություն է հրավիրել այն պարզ փաստերի վրա, որ Օզալը մահացել է իր նախագահության ժամանակահատվածում, ընդ որում, նրա մահը ո°չ երկարատեւ հիվանդության պատճառով է եղել, եւ ո°չ էլ սպասելի: Այսինքն` տեղի է ունեցել, խորհրդի բնորոշմամբ, հանկարծակի մահ, ինչը միշտ էլ կասկածների տեղիք է տալիս: Եվ, ըստ այդմ էլ, վերահսկիչ խորհուրդը ուշադրություն է հրավիրում հաջորդ այն խիստ կասկածելի փաստի վրա, որ պետության բարձրաստիճան պաշտոնյայի` նախագահի այդ անսպասելի մահվան պատճառը պարզելու համար նույնիսկ դիահերձում չի կատարվել: Մինչդեռ Օզալը, ինչպես դեպքից հետո պատմել է նրա կինը, նախօրեին եղել է բուլղարական դեսպանատանն ու այնտեղ լիմոնադ է խմել, ու հաջորդ օրն անսպասելիորեն վախճանվել է: Այսինքն` պետք է միանշանակ մտածել թունավորման վարկածի մասին, եւ Վերահսկիչ խորհուրդը նկատում է նաեւ, որ բացակայում են նախագահի արյան զննման արդյունքները, եւ, առհասարակ, բազմաթիվ հակասություններ կան նրա մահվան վերաբերյալ բժշկական եզրակացության մեջ: Մինչդեռ այն օրերին Օզալի մահվան պատճառը պաշտոնապես հայտարարվեց սրտի անբավարարությունը: Մի խոսքով, Վերահսկիչ խորհուրդը պահանջել է բացել Օզալի գերեզմանն ու դիահերձում կատարել: Եվ, ելնելով վերը նշված բոլոր տարօրինակություններից, Թուրքիայում, այդ թվում` Օզալի մերձավոր հարազատների շրջանակներում հիմնականում այն համոզմունքին են, որ արդյունքում կապացուցվի Օզալի սպանության փաստը:
Նկատենք նաեւ, որ այս օրերին նախագահ Գյուլն ընդունել ու բավականին երկար զրուցել էր Օզալի կնոջ` Սեմրայի, եւ որդու հետ: Իսկ դա յուրօրինակ մեսիջի է նմանվում, որ Գյուլն, այնուամենայնիվ, պատրաստվում է այս գործը մինչեւ վերջ տանել: Ու փորձենք տեսնել, թե քաղաքական առումով դա ինչ հետեւանքներ կարող է ստանալ:
ԱՌԱՆՑ ՕԶԱԼԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆª ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ԴԺՎԱՐ ԹԵ
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳԱՐ
Դեռ արտաշիրմումն ու Օզալի հետմահու դիահերձումը չիրականացրած` Օզալի այրին, ավելի ճիշտ` նրա միջոցով Վերահսկիչ խորհուրդը արդեն իսկ մեկ թիրախ ցույց են տալիս: Բանն այն է, որ Սեմրան պատմել է, թե 1998թ.-ին ստացել է մի գրություն, որի մեջ ասվում է. ՙԹուրգութ Օզալին սպանել են` դեղով թունավորելով: մարդասպանն Ադրբեջանում է, անունը` Հասան Ալիօղլու՚: Եվ այսօր բացահայտված է համարվում, որ այդ գրությունը Սեմիրային փոխանցել է մի ադրբեջանցի, ով նրան ներկայացել է որպես Շեհրիյար Փուրնովրուզ: Եվ արդյունքում այդ թելը տանում է նրան, որ Օզալը սպանվել է մի ադրբեջանցու ձեռքով, ով ներկայումս բնակվում է Ադրբեջանում:
Կարող էր ժամանակին Ադրբեջանը կազմակերպել Օզալի սպանությունը: Մինչ այս հարցին պատասխանելը, նախ պետք է հասկանալ, թե ո±ր Ադրբեջանի մասին է խոսքը: Օզալը մահացավ 1993թ.-ի սկզբներին, երբ Ադրբեջանը ղեկավարում էր նրա հովանավորյալ, Թուրքիայից անսահմանափակ ֆինանսական, ռազմական, նյութատեխնիկական եւ ընդհուպ մինչեւ ՙԳորշ գայլերի՚ տեսքով մարդկային օժանդակություն ստացող Աբուլֆազ Էլչիբեյը: Դրա կողքին դիտարկենք այս փաստը. Օզալի սպանությունից հաշված ամիսներ անց գնդապետ Սուրետ Հուսեյնովն իրականացրեց իր հայտնի արշավը դեպի Բաքու, որի արդյունքում Էլչիբեյը փախավ, ու նրա տեղը զբաղեցրեց Հեյդար Ալիեւը: Ի դեպ, անցած տարվա վերջերին մանրամասնորեն այս անցուդարձերին անդրադառնալու առիթ ունեցել ենք ՙԻրավունք- Հետաքննություն՚-ում` Ղարաբաղյան պատերազմի թեմայի շրջանակներում: Եվ այդ հրապարակումներում եւս ներկայացրել էինք այդ բավականին համոզիչ վարկածը, որ Օզալի կենդանության պայմաններում հազիվ թե քրդական ծագում ունեցող Հեյդար Ալիեւը կարողանար փոխարինել Թուրքիայի նախագահի հովանավորյալ Էլչիբեյին: Իսկ դա նշանակում է, որ Օզալի սպանությունն առավել քան ձեռնտու էր Հեյդար Ալիեւին: Ընդ որում, Օզալին փոխարինողները, այսպես ասած, մատը մատին չտվեցին Էլչիբեյին իշխանության գլխին պահելու համար, չնայած որ հենց Թուրքիայի ջանքերով էր նա նստել ադրբեջանական բուրգի գագաթին: Էլ չասած, որ նրան նույնիսկ Թուրքիայում ապաստան չտվեցին եւ փոխարենը` միանգամայն գրկաբաց ընդունեցին քրդական արմատներով Ալիեւին: Իսկ դա խոսում է այն մասին, որ Օզալին փոխարինած իշխանական թեւը, որն իր ճյուղերով հասնում է մինչեւ գործող վարչապետ Էրդողանը, հենց Օզալի դիակի վրայով սկսեցին ՙեղբայրությունը՚ Հեյդար Ալիեւի հետ ու շարունակում են նրա որդու` Իլհամ Ալիեւի հետ: Եվ ահա, թուրքական որոշ աղբյուրներ ակնարկում են, որ հենց այս բացահայտումների միջոցով է, որ Գյուլը կարող է ՙտակից՚ բավականին լուրջ հարված հասցնել Էրդողանի վարչակազմին ու նրան փոխարինել Թուրքիայի փաստացի ղեկավարի կարգավիճակում:
Գումարած դրան` եթե Օզալի սպանության ադրբեջանական հետքը ապացուցվի, ապա դա կատաստրոֆիկ ազդեցություն կարող է ունենալ Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերությունների վրա: Իսկ դրանից հետո արդեն հանուն Ադրբեջանի հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու ամերիկյան պահանջների վրա Թուրքիայի կողմից աչք փակելը կարող է դառնալ միանգամայն անիմաստ: Մի խոսքով, սա վերլուծական բացատրություններից մեկն է, որով Օզալի գործի վերաբացումը մի շարք աղբյուրներ բերում-կապում են Օբամա-Գյուլ վերը նշված հանդիպման հետ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

