ՙԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՄ ԿԱՏԱՐԵԼԻ՚
Արխիվ 12-16Երեկ բուժաշխատողների օրվա կապակցությամբ ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար ԴԵՐԵՆԻԿ ԴՈՒՄԱՆՅԱՆԸ ՙԻրավունքի՚ այն հարցերին, թե ինչ նոր ծրագրեր ունի նախարարը եւ որքանով է կատարյալ համարում կառավարության նոր ծրագիրը` պատասխանեց. ՙԴեռ չեմ առանձնացրել առաջնահերթ խնդիրները կան ծրագրեր, որոնք պետք է շարունակվեն միանշանակ եւ լինելով ոլորտին մոտ կանգնած մարդ նոր բաներ չեմ հորինելու եւ կատարելու եմ այն, ինչ դրված է իմ առջեւ, պարզապես մի քանի շեշտադրումներ կանենք, որոնք դեռ հստակեցվում են, որի մասին կներկայացնեմ առաջիկայում: Եվ քանի որ դեռ մի քանի օր է ինչ այս պաշտոնին եմ թույլ տվեք առաջնահերթությունները որոշեմ, որը շատ կարեւոր է մեր համակարգի համար: Պետք է որոշել, թե որ թիրախներն են մեզ համար այսօր ավելի ենթակա արագ լուծման: Առողջապահության համակարգը ունի ամենօրյա խնդիրներ, չնայած որ կան հարցեր, որոնք ի կատար կածվեն առաջիկա հինգ տարիներին: Ինչ վերաբերում է կառավարության ծրագրի կատարյալ լինելուն, ապա այն համարում եմ կատարելի, եւ կարծում եմ, որ մեզ կհաջողվի այն իրականացնել եւ այնտեղ այնպիսի բան չկա, որ կառավարության որեւէ անդամի մոտ հարց կառաջացնի՚:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ԲԵՐՄԱՆ ԿԵՆԹԱՐԿԵՆ
ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին ԱԱԾ-ն կրկին հարցաքննության է հրավիրել հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացում) հատկանիշներով հարուցված քրեական գործի առնչությամբ: Ի լուր հանրության, Վ.Օսկանյանը եւս մեկ անգամ հպարտորեն հայտարարել է, որ չի գնալու հարցաքննության:
ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ ԱՐԾՎԻՆ ԲԱՂՐԱՄՅԱՆԻՑ ՙԻրավունք՚-ը փորձեց պարզել, թե արդյոք պարոն Օսկանյանի ցուցմունք չտալու անդրդվելի որոշումը չի հանգեցնի նրան, որ ի վերջո բերման կենթարկվի.
- Ուրեմն ես ասեմ, որ ամեն ինչին պատասխանել է ԱԱԾ տնօրենն իր հարցազրույցում, ավելին չեմ կարող պատասխանել:
- Իսկ օրենքը ենթադրում է մի քանի անգամ հարցաքննության հրավիրված անձին չներկայանալու դեպքում բերման ենթարկել:
- Ես չեմ կարող ասել, տեղյակ չեմ, չէ...
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
ԲՀԿ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԽՌՈՎԱԾ ԵՆ
Պարզվում է, ԲՀԿ նախկին նախարարները այդքան էլ գոհ չեն կատարվածից, եւ այն որ նախորդ կառավարությունը ձախողված է, ինչի մասին հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը: Երեկ, երբ մենք փորձեցինք կապ հաստատել նախկին նախարարների հետ, պարոն Քուշկյանը ընդհանրապես չպատասխանեց հեռախոսազանգերին: Իսկ ահա Վարդան Վարդանյանը մեր կողմից հնչեցրած հարցի կեսից հայտարարեց. ՙԼավ էլի, Արմինե ջան, ինչ կլինի, էդ հարցերով էլ ինձ մի զանգեք՚:
Մեզ համար անհասանելի մնաց սոցապ նախկին նախարար Արթուր Գրիգորյանի հետ կապը եւ մեր ունեցած տեղեկություններով, նախկին նախարարը փոխել է իր բոլոր համարները եւ այն կարգի է վիրավորված, որ անգամ մտերիմներին չի տալիս իր նոր համարը: Ավելին, ըստ մեր ունեցած տեղեկությունների, այս օրերին Սոցապ նախարարությունից որոշ անձինք, ովքեր այս կամ այն կերպ կապ ունեն Ա. Գրիգորյանի հետ, նրանց հարցը դրված է հեռացման:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

