Ռուսական ՙՈւտում ենք տանը՚ խոհարարական սոցիալական կայքում տեղադրվել է ՙԲաքվի լավաշ՚ անունով մի բաղադրատոմս:
Այդ բաղադրատոմսին ծանոթանալուց հետո պարզ է դառնում, որ այն ՙՂարաբաղի այցեքարտ դարձած՚ նույն ՙժինգյալով հաց՚-ի բաղադրատոմսն է: Եվ պատահական չէ, որ ռուսական կայքում տեղադրված այս ապատեղեկատվությունը սոցցանցերում դարձել է բուռն քննարկման առարկա: Panorama.am-ը դիմել է ՙՀայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման՚ հասարակական կազմակերպության նախագահ ՍԵԴՐԱԿ ՄԱՄՈՒԼՅԱՆԻՆ` իմանալու, թե հիմնականում որ տարածքներին է բնորոշ այս հացատեսակը եւ ինչ ակունքներ ունի, եւ ստացել է հետեւյալ պատասխանը. ՙԺինգյալով հացը մաքուր հայկական է, զտարյուն հայկական է: Այն Ղարաբաղում ու Սյունիքում պատրաստվող հացատեսակ է՚: Ապա ավելացրել է, որ ամիսներ առաջ Վրաստանում կազմակերպված, կերակրատեսակներին նվիրված միջոցառման ժամանակ մի թուրքի ինքն է ցույց տվել, թե ինչպես են պատրաստում ժինգյալով հաց: Հետո թուրքը փորձել է, բայց ոչինչ չի ստացվել: Ի դեպ, ժինգյալը կանաչու տեսակ է, որը աճում է միայն Ղարաբաղի, Սյունիքի տարածքում: Ազգագրագետ ՌՈՒԶԱՆՆԱ ԾԱՏՈՒՐՅԱՆՆ էլ ավելացրել է, որ ժինգյալով հացը ղարաբաղյան խոհանոցում տարածված տարբեր կանաչեղենով (7 տեսակ) լցոնված կարկանդակ է. ՙԺինգյալով հացը Ղարաբաղի խոհանոցի անբաժանելի մասն է, այսօր գնալով ավելի շատ բրենդային կերակրատեսակի է վերածվում` հանդիսանալով Ղարաբաղի այցեքարտը՚: Նա հիշեցրել է, որ, երբ անցյալ տարի Ռուսաստանում հայկական մի կազմակերպություն ժինգյալով հացի փառատոն էր կազմակերպել` ներկայացնելով ղարաբաղյան խոհանոցը, առանցքում ունենալով ժինգյալով հացը, ադրբեջանական կայքերը քննադատաբար մոտեցան դրան` նշելով, որ հիմա էլ իրենց խոհանոցն են յուրացնում. ՙԱրդեն տարիներ շարունակ կոնֆլիկտը, բացի ռազմական դաշտից, տեղափոխվել է մշակութային ու խոհանոցային դաշտ՚: Խոհանոցը ոչ նյութական մշակութային արժեք է, եւ եթե պետությունը համարում է, որ դրա հանրահռչակման, տարածման ու իրազեկման ուղղությամբ ունի որոշակի պարտավորություններ, ըստ Ռ. Ծատուրյանի, պետք է իրականացնի համապատասխան քաղաքականություն:
ՈՒԶՈՒՄ ԵՆ ԴՈՒԴՈՒԿՆ ԷԼ ՅՈՒՐԱՑՆԵԼ
Թուրքերն ու նրանց խորթ եղբայր ազերիներն օրեցօր նոր ոտնձգություններ են կատարում ոչ միայն հայկական հուշարձանների, այլեւ հայկական երաժշտական գործիքների նկատմամբ: Մասնավորապես, ցանկանում են ՙիրենցով անել՚ նույնիսկ մեր դուդուկը: Մինչդեռ հիշեցնենք, որ 2005թ.-ին Հայաստանի ներկայացրած ՙԴուդուկը եւ իր երաժշտարվեստը՚ արդեն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում: