ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԾԱՂԿԱՁՈՐ ԲԱՐՁՐԱՑՆՈՂԸ
Արխիվ 12-16ՈՒ ԾԱՂԿԱՁՈՐ ԲԱՐՁՐԱՑՆՈՂԸ
Եվրոպայի 2012 թվականի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ փուլի` մեծ հետաքրքրություն առաջացրած հանդիպումներից մեկը, անկասկած, C խմբի երրորդ տուրի Իսպանիա-Խորվաթիա հանդիպումն էր: Դրա պատճառը ոչ միայն այն էր, որ հանդես էր գալիս աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոնը, այլ նաեւ այն, որ երկու հավաքականները, ավելորդ գլխացավանքից ազատվելու համար կարող էին 2:2 կամ ավելի արդյունավետ ոչ-ոքի հաշվով ավարտել իրենց հանդիպումն ու, անկախ Իտալիա-Դանիա հանդիպման արդյունքից, հայտնվել քառորդ եզրափակչում: Իհարկե, չէին կարող նման մտավախություն չունենալ իտալացիները, սակայն, այսպես կոչված, դավադրությունը տեղի չունեցավ` չնայած իսպանացիները կարող էին նաեւ պարտվել ու դուրս մնալ հետագա պայքարից:
Երեկ կայացած Ֆրանսիա-Շվեդիա հանդիպումից առաջ Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Գաել Կլիշին ասել է, որ թիմը կաշխատի հաղթել շվեդներին, որպեսզի խուսափի իսպանացիների հետ հանդիպումից:
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում ներկայացված է նրա հետ փոքրիկ հարցազրույցը. ՙԽաղադաշտ դուրս գալու մասին իմացա միայն մարզադաշտ գալու ճանապարհին: Ուրախացա, քանի որ աշխատել էի մարզումներին ու արժանի էի այդ հնարավորությանը: Դա ինձ համար պարգեւատրում էր այն առաջընթացի համար, որը ես այս մրցաշրջանին ունեցա ՙՄանչեսթեր Սիթիում՚: Ոչ մի թիմ չի ցանկանում տուն վերադառնալ առանց միավորի, այդ պատճառով մենք շվեդներին պետք է հարգանքով վերաբերվենք: Նրանք կաշխատեն հասնել այնպիսի արդյունքի, որը կուրախացնի երկրպագուներին: Բայց մենք այս հանդիպմանը կգնանք վստահորեն եւ կաշխատենք հաղթել, քանի որ այդ դեպքում հնարավոր կլինի խուսափել քառորդ եզրափակչում իսպանացիների հետ հանդիպումից՚:
Ուշ երեկոյան ֆուտբոլասերներն արդեն կիմանան, թե որ հավաքականները դուրս եկան քառորդ եզրափակիչ փուլ: Կիմանան ու, համոզված ենք, հերթական անգամ կնյարդայնանան հայ ֆուտբոլային մեկնաբանների, այսպես կոչված, մեկնաբանություններից: Արդեն որերորդ անգամ համոզվում ենք, որ հեռուստաընկերությունները պարզապես պատրաստ չեն բարձր մակարդակի մրցաշարեր լուսաբանել: Եվ դա պարզապես զարմանալի է Հանրային հեռուստաընկերության դեպքում, որը սնվում է հիմնականում պետբյուջեից: Ճիշտն ասած, չէինք ցանկանում անձնավորված խոսել, սակայն ստիպված ենք անուններ հնչեցնել: Երկու մեկնաբաններ` Էդուարդ Քալանթարյանն ու Արմեն Մելիքբեկյանը, հասկանում են ֆուտբոլը, արտառոց սխալներ թույլ չեն տալիս, պարզապես Ա. Մելիքբեկյանը երբեմն իրեն ե°ւ մրցավարի, ե°ւ մարզչի, ե°ւ ֆուտբոլիստի տեղ է դնում, չափազանց ինքնավստահ տոնով կարծիք հայտնում... Բայց դա տանելի է, քանի որ, ի վերջո, ինչպես նշեցինք, նա ֆուտբոլից հասկանում է:
Մեկ այլ մեկնաբան` Սլավա Սարգսյանը, խոսում է շարադասական սխալներով, խառնում է թիմերի, խաղացողների, նրանց ակումբների անունները: Սակայն դժվար թե որեւէ մեկը երբեւէ կարողանա մարդկանց նյարդայնացնելու հարցում գերազանցել Կարեն Գիլոյանին: Ընդամենը մեջբերումներ անենք նրա հանճարեղ մտքերից` մեկնաբանությունները թողնելով ընթերցողին: Ահավասիկ. ՙՆերկայացուցիչ ունի` Մակիդայի տեսքով՚, ՙՍենսացիոն հնարքներ կատարեն ու փրկեն խաղը՚, ՙ4 հարված է կատարել, 1-ը չի կարողացել անդրադարձնել (նկատի ունի ետ մղելը-Ռ.Թ.)՚: Նա նաեւ հայտնում է իր ծննդյան օրը. ՙԱպրիլի 26-ը` իմ ծննդյան օրը՚: Մեկը հարցնի` ում է պետք քո ծննդյան օրը: Իհարկե, ում պետք է, նա գիտի: Անցնենք առաջ. ՙՎիկինգների հետնորդներն առանց ահուսարսափի դիմակայում են պորտուգալացիներին՚: ՙԼավ փոխանցում է, բայց ուժեղ՚, ՙԸնդմիջման կգնա նկատելի լավ վիճակում, շոշափելի լավ վիճակում՚, ՙ12 համարի մարզաշապիկով Պորտուգալիայի դարպասին է՚, ՙՀասկանում ենք, որ սա խաղաղություն է փոթորկից առաջ՚, ՙՁեռքները վերցնում է ափերի մեջ՚... Ի դեպ, ֆուտբոլը բացառություն չէ. ծանրամարտի մի մրցաշարի ժամանակ նա ոգեւորված բացականչեց. ՙՆա բարձրացնում է Ծաղկաձորը՚:
Երկու տարի առաջ, ըստ մեր աղբյուրի, յուրաքանչյուր ռեպորտաժի համար մեկնաբանն ստանում էր 100 դոլար: Չգիտենք, թե հիմա որքան է ստանում, եւ ընդհանրապես չենք ցանկանում հաշվել ուրիշի գրպանի գումարը, բայց եթե դա արվում է մեր գրպանի եւ նյարդերի հաշվին...
Ի դեպ, վաղը ժամը 12-ին մեր ՙՈւղիղ կապի՚ հյուրը կլինի հայտնի մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը, եւ մենք սպասում ենք ֆուտբոլասերների հարցերին:
Ռ. ԹԱԹՈՅԱՆ

