ՙԲՆԱԿԱՆԱԲԱՐ ՊԱՇՏՊԱՆԵԼ՚-ՈՒՑ ՄԻՆՉԵՎ ՙԱՆԹԻՎ, ԱՆՀԱՄԱՐ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐ՚
Արխիվ 12-16Այսօր տեղի կունենա կառավարության կողմից ներկայացվող նոր ծրագրի քվեարկությունը Ազգային ժողովում: Այդ կապակցությամբ, տարբեր կուսակցություններ արտահայտել են իրենց դիրքորոշումները, որը ներկայացնում ենք ստորեւ:
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ կարծում է, որ. ՙԱնշուշտ ծանոթ եմ ծրագրին, չնայած որ դա կառավարության ծրագիրն է, սակայն չպետք է մոռանալ, որ այս կառավարությունն այն կառավարությունն է, որը վայելում է խորհրդարանական մեծամասնության վստահությունը: Ուստիեւ ինքնին ծրագիրը արտահայտում է այն հիմնական դիրքորոշումները, որ մենք ունեցել ենք նախընտրական շրջանում եւ ներկայացնելով իմ եւ իմ կուսակիցների կարծիքը պետք է նշեմ, որ պաշտպանելու ենք բնականաբար այդ ծրագիրը՚:
ԱԺ ՕԵ խմբակցության նախագահ ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆՆ այս կապակցությամբ ներկայացրեց. ՙՆշեմ, որ ՕԵԿ-ը եւ ՀՀԿ-ն, որպես կոալիցիոն քաղաքական ուժեր, մեր նախընտրական ծրագրերը համընկել է կառավարության ծրագրերի հիմքում: Այս առումով պետք է ասեմ, որ ՙՕրինաց երկիր՚ կուսակցության համար բավական շահեկան վիճակ է այն տեսակետից, որ կկարողանանք կուսակցության ծրագերը կյանքի կոչել: Մեր նախընտրական ծրագրերի հիմնական դրույթները կան կառավարության այս ծրագրում, որը մեզ համար ողջունելի է, ուրախալի եւ այդ առումով պետք է ասեմ, որ սա հնարավորություն կտա մեր բոլոր նախընտրական ծրագրային դրույթները, որոնք ներկայացրել ենք հանրության դատին եւ ստացել վստահության քվե, կդարձնենք իրականություն եւ կկարողանանք արդարացնել այն հույսերը, որոնք կան ազգաբնակչության կողմից մեր նկատմամբ՚:
Իսկ ահա խորհրդարանում նոր ուժ ներկայացնող ՙԱզատ դեմոկրատներ՚ կուսակցությունը ներկայացնող ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ նախ սկզբում մեզ հրավիրեց խորհրդարան` այնտեղ տեսնելու, թե ինչպես են քվեարկելու, իսկ հետո ամենայն ոգեւորությամբ նշեց. ՙՄենք դեմ ենք քվեարկելու՚:
ԲՀԿ նախագահի մամուլի պատասխանատու ԻՎԵՏԱ ՏՈՆՈՅԱՆԸ ասաց հետեյալը. ՙԵրեկ տեղի ունեցավ ԲՀԿ խմբակցության նիստ, որին մասնակցել է նաեւ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ քննարկվել են բազմաթիվ հարցեր, այդ թվում նաեւ կառավարության ծրագիրը: Համապատասխան հայտարարություններով եւ հիմնավորումներվ հանդես կգան խմբակցության պատգամավորները, եւ բնականաբար կլինի քվեարկություն՚:
Այս կապակցությամբ ԲՀԿ հասարակայնության հետ կապերի պատասխանատու ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆՆ էլ հավելեց. ՙՄեր կուսակցության որոշումը բոլորի համար պետք է որ սպասելի լիներ, եւ որոշում է կայացվել ներկայացնել անթիվ անհամար վերապահումներ, խնդիրներ, անհամաձայնություններ: Կբարձրացնենք այդ հարցերը, կլսենք պատասխանները ու կկատարենք քվեարկություն՚:
Ի դեպ, ըստ ՙԱզատություն՚ ռադիոկայանի, ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցությունը պատրաստվում է ՙդեմ քվեարկել կառավարության կողմից ԱԺ ներկայացվելիք Հայաստանի կառավարության 2012-2017 թվականների գործունեության ծրագրին՚:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

