Չէ, մեր հայրենակիցներից ոմանք ակնհայտորեն շոգերից խելքները թռցրել են: Արդեն 4 օր է, որ զարմանալիորեն ՙՖեյսբուքում՚ ամենայն լրջությամբ անցկացվում է ստորագրահավաք ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻՆ Հայաստան վերադարձնելու նախաձեռնությամբ, ու, ոչ ավել, ոչ պակաս 200 հոգի արդեն ստորագրել են:
Դրանից հինգ անգամ ավելի մարդիկ էլ լրջորեն քննարկում են դրա դրական ու բացասական կողմերը: Ինչ-ինչ, բայց ոչ մի կերպ չէի կարող պատկերացնել, որ Վանոյի նկատմամբ կարոտախտ կարող է լինել. ՙՊարզապես այսօր շատ կարեւոր է հաղթահարել համընդհանուր ապատիան: Իսկ Վանոն կարող է երկիրը դուրս բերել խորը ապատիայից: Հենց միայն փողոցում քայլելով կարող է դա անել: Որովհետեւ քաղաքը զգաստանում է, երբ իր փողոցներում քայլում է Վանոյի պես մեկը: Եվ պետք չէ վախենալ, որ Վանոն կգա, ու դարձյալ նա կլինի քաղաքի ամենահյութեղ խոսքի, ամենասուր հումորի, ամենակառուցողական գործի, ամենաճիշտ առաջարկի տերը: Պարզվեց` Վանոն անգամ իր բացակայությամբ է օգնում՚: Դե ինչ, զարմանալով հանդերձ, մնում է այս մարդկանց առաջարկել, որ բացեն նաեւ սրբապատկերի տեղ Վանոյի նկար տպող արտադրամաս: Իսկ կենսաթոշակներ գրպանելու գործով արդեն բավականին հետաքրքիր դատավճիռներ էլ են ի հայտ գալիս: Այսպես, Դիլիջանի փոստային բաժանմունքներից մեկի պետ Ա. Մարկոսյանը պարբերաբար ստորագրել է 13 ավանդատու հաշմանդամների եւ 12 միայնակ կենսաթոշակառուների փոխարեն ու յուրացրել 4 միլիոն 200 հազար դրամ, ինչի համար դատապարտվել է 4 տարի 2 ամիս ժամկետով: Արդյոք դա շատ է, թե քիչ` կասեն իրավաբանները, սակայն ապշելու աստիճան զարմանալին այն է, որ յուրացվել են ամենաանպաշտպան մարդկանց` միայնակ թոշակառուների եւ հաշմանդամների գումարները: Եվ տվյալ դեպքում ոչ թե գումարի չափն է կարեւոր, այլ հանցագործության անբարոյականության աստիճանը: Իսկ ճանապարհային ոստիկանությունը ամփոփել է նախորդ շաբաթ տուգանային հրապարակ բերման ենթարկած տրանսպորտային միջոցների վիճակագրությունը: Ու զարմանալիորեն պարզվել է, որ տույժի ենթարկված 113 ՎԱՐՈՐԴՆԵՐԻՑ 37-ը խլացուցիչներին տեղադրել էին մեծ աղմուկ հանելու համար նախատեսած սարքեր, եւ դա ավելին է, քան խմած վիճակում ղեկին նստողների քանակը` 32: Զարմանալի է, այդ ինչ հաճույք պետք է ստանան դրանք` խլացուցիչով մեծ աղմուկ առաջացնելով մարդկանց հանգիստը խախտելով: Չնայած` ինչո±ւ զարմանանք, չէ± որ քիչ չեն դեպքերը, երբ որեւէ տականք գիշերային ուշ ժամերի շատ բարձր միացրած երաժշտությամբ շրջում է փողոցներով: Այ, երբ դրանց էլ սկսեն տանել տուգանային հրապարակ, միգուցե այլանդակության այդ ձեւն էլ կպակասի: Մեր քաղաքացիների որոշ կատեգորիաների էլ շատ է տխրեցրել գլխավոր համաճարակաբան ԱՐԱ ԱՍՈՅԱՆԸ: Նա շոգերին թունավորումներից խուսափելու համար խորհուրդ է տալիս խուսափել ՙչալաղաջներից՚ ու հեռու մնալ խմորեղենից: Դե ինչ, ուտող-խմողներն ու քաղցրասերները ուզած-չուզած պետք է անցնեն մածնի, պանրի ու բանջարեղենի: Եվ վերջապես, երեկ Սահմանադրական դատարանում քննվել էր ՀԱԿ-ի ներկայացուցիչ ԴԱՎԻԹ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ հայցը` թիվ 38 ընտրատարածքում ընտրություններն անվավեր ճանաչելու: Բնականաբար, հայցը պետք է մերժվեր, քանզի ինքը` հայցվորը, ստացել էր ընդամենը 1795 քվե, նրա ՀՀԿ-ական մրցակիցը` 22751 քվե, իսկ դաշնակ մրցակիցը` 8000 քվե: Դե ինչ, երեւի թե հաշվի առնելով սեփական հայցի աբսուրդի աստիճանը, ՍԴ չէին ներկայացել ո°չ հայցվորը, ո°չ էլ նրա փաստաբանը: