ՋԱՎԱԽՔՈՒՄ ՀԱՍՏԱՏՎՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔ ՇԻՆԱՐԱՐՆԵՐԸ
Արխիվ 12-16Պարզվում է, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին որոշել է Ադրբեջանի եւ Թուրքիայի օգնությամբ իրագործել իր երազանքն ու բավարարել խաղաղ ատոմը նվաճելու իր մոլուցքը: Վրացական ընդդիմությունը տեղեկություն է տարածել այն մասին, որ Վրաստանի Ասպինձա քաղաքի Խերթվիսիի շրջանում կառուցվում է ոչ թե հիդրոէլեկտրակայան, այլ ատոմակայան, մինչդեռ ՙՋավախք՚ հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆՆ այս տեղեկատվությանը հակված չէ հավատալ.
-Նախ տեղեկատվության մեջ ասված է, որ ատոմակայանը կառուցող հիմնական շահագրգիռ ուժերը Ադրբեջանն ու Թուրքիան են: Սակայն, շատ դժվար է ասել, որ Չեռնոբիլի եւ ՙՖուկուսիմա՚-ի աղետներից հետո, Թուրքիան կցանկանար իր սահմանին ատոմակայան ունենալ, չէ± որ Ասպինձան հենց Թուրքիայի սահմանի վրա է: Մյուս կողմից, ըստ Վրաստանի օպոզիցիայի, այդ ատոմակայանը կառուցելու պատմությունը, Վրաստանի իշխանությունները ծածուկ են պահում: Չեմ կարծում, որ դա ասեղ է, որ պահեն խոտի մեջ ու մարդիկ չգտնեն: Այնպիսի մի հսկա կառույցի մասին է գնում խոսքը, որ անհնար է թաքուն պահել, որովհետեւ օրերից մի օր այն պետք է բացահայտվի:
- Հնարավո±ր է, որ վրացական ընդդիմության մեծ աղմուկից հետո, եթե նույնիսկ այդպիսի ծրագիր ուներ վրացական իշխանությունը, ապա չիրագործվի:
- Եթե նրանք վախենում են այս ծրագրից, ապա տասնյակ միլիոնավոր կամ հարյուր միլիոնավոր դոլարներ ծախսելուց հետո ծրագրից հետ չեն կանգնի, դա էլ խելքին մոտ բան չէ: Չեմ կարծում, որ նաեւ հենց Վրաստանը ՙՖուկուշիմա՚ ԱԷԿ-ի աղետից հետո մտադրություն ունենա ատոմային էլեկտրակայան ունենալ: Չնայած դա կապ չունի, գուցեեւ ուզենա ունենալ, չգիտեմ...
- Այնուամենայնիվ, եթե տեղեկատվությունը հաստատվի, այն ինչպե±ս կանդրադառնա Ջավախքի վրա:
- Համենայնդեպս, կարծում եմ, որ այս տեղեկատվությունը ճշմարտությանը մոտ չէ, բայց Աստված մի արասցե, եթե ճշմարտությանը մոտ լինի, ապա դժվարին խնդիր կառաջացնի Ջավախքում: Նախ էկոլոգիական տեսակետից, քանի որ եթե աղետ լինի, ապա Ջավախքի մասին կմոռանանք առհավետ: Եվ երկրորդ` շատ վտանգավոր է այդ կառույցը նաեւ հենց որպես ՀԷԿ:
- Իսկ այս ամենի մեջ Թուրքիայի եւ Ադրբեջանի դերակատարությունը ո±րն է:
- Դժբախտաբար այդ բնույթի կառույցները թուրք կամ ադրբեջանական կազմակերպություններն են կառուցում: Կամ, եթե նրանք ամբողջապես մասնակից չեն, ապա անպայման դրա մի մասն են կազմում: Տարածաշրջանն արդեն նկատելիորեն համալրվում է թուրքական տարրով: Նշեմ, որ Կարս-Ախալքալակ-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը, որ կառուցվում է, արդեն շոշափելի թուրքական տարրի առկայություն է ցույց տալիս Ջավախքում: Եվ, եթե այդ կառույցը եւս իրականանա, որը բավականին լուրջ եւ հսկայական մասշտաբի ռեսուրսներ պահանջող կառույց է, ապա թուրքական տարրն արդեն շատ լուրջ ներկայացվածություն կունենա տարածաշրջանում: Տեղական աշխատուժը համարյա չի կիրառվում այդպիսի մեծածավալ շինարարական ծրագրերում, եւ փորձը ցույց է տալիս, որ հիմնականում այդ աշխատուժը կամ թուրքական է, կամ ադրբեջանական:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

