ՙԻՆՉ Է ՓՈՐՁՈՒՄ ԹԱՔՑՆԵԼ ՏՄՊՊՀ-Ն
Արխիվ 12-16ԻՆՉ Է ՓՈՐՁՈՒՄ ԹԱՔՑՆԵԼ ՏՄՊՊՀ-Ն
Գաղտնիք չէ, որ հայաստանյան տնտեսության զարգացումն արգելակող եթե ոչª թիվ մեկ, ապա հիմնական խոչընդոտներից է գերմոնոպոլիզացիան: Ավելի կոնկրետ` օլիգոպոլիկ համակարգը, ամենազոր կոռուպցիան եւ բանկային գերբարձր տոկոսադրույքները միասին այն եռագլուխ վիշապն է, որի առկայության պարագայում տնտեսական ամեն մի էական զարգացման մասին խոսելը դառնում է հավասարազոր վառ երեւակայությանը: Մոնոպոլիստների հզոր թալանչիական ախորժակը գոնե ինչ-որ չափով զսպելու գերխնդիրը ՀՀ օրենսդրությունը վստահել է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին: Սույն կառույցը պարբերաբար հայտարարություններ է անում այս կամ այն ոլորտում ուսումնասիրություններից, վարույթներից, տեւական ժամանակահատված այդտեղ ինչ-որ բան է քչփորում, վերջում էլ` ինչ-որ մեկին մի քանի կոպեկ տուգանելով` հպարտորեն հավաստիացնում է, թե իր գործը լավագույնս կատարեց:
Բայց միայն այն փաստը, որ այդպես էլ հատկապես Հայաստան ներմուծված տարաբնույթ ապրանք-ծառայությունների դրսի եւ ներսի գների մեջ առկա են հսկայական տարբերություններ, որ մեր մոնոպոլիաները գնալով խոշորանում են ու խոշորանում` կուլ տալով հարյուրավոր եւ հազարավոր մանր ձեռնարկությունների, արդեն իսկ խոսում է այն մասին, որ սույն հանձնաժողովը կա°մ հնարավորություն, կա°մ էլ` ցանկություն չունի իր ֆունկցիաները լիարժեք կատարել: Ու այդպես էլ արդեն ոչ միայն կոնկրետ ձեռնարկություններ, այլ` ամբողջական ոլորտներ են մնում նույն խայտառակ վիճակում:
ՀԱԿԱՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՄԵՋ ՆԵՐԱՌՎԱԾ ԳՐԵԹԵ ՄԻ ՈՂՋ ՀԱՄԱԿԱՐԳ
Եվ որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի` բերենք վերջին օրինակը: Ինչպես հայտնի է, ՏՄՊՊՀ-ն դեռ ամիսներ առաջ էր ուսումնասիրություններ սկսել դեղերի գծով պետական գնումների ոլորտում: Այդպես մի քանի ամիս ուսումնասիրեց, հետո` մի քանի կիսատ-պռատ տեղեկություն հրամցրեց հանրությանը եւ հայտարարեց, թե այս անգամ էլ վարույթ է սկսել: Մի քանի ամիս էլ այդ վարույթն էր ընթանում, մինչեւ որ վերջերս ներկայացրեց դրա արդյունքները:
Լավ, ընդունենք, թե աշխատանքը շատ բարդ էր, դրա համար մի կես տարի պետք է, եւ կարեւորն արդյունքն է: Բայց ահա այդ արդյունք կոչվածն է, որ այդպես էլ անհասկանալի է մնում: Իհարկե, իր վարույթի ավարտական նիստում ՏՄՊՊՀ-ն ՙավետեց՚, թե ՙԴեղերի իրացմամբ զբաղվող մի շարք տնտեսվարողներ եւ բուժհաստատություններ, խախտելով պետական գնումների ընթացակարգերը, իսկապես իրականացրել են հակամրցակցային գործողություններ՚: Մասնավորապես, ըստ հանձնաժողովիª ՙԲացահայտվել են բազմաթիվ դեպքեր, երբ բուժհաստատություններն ընդհանրապես մրցույթներ չեն հայտարարել այն դեպքում, երբ դա օրենքի պարտադիր պահանջն է: Մի շարք դեպքերում էլ կազմակերպված մրցույթները կրել են ձեւական բնույթ: Հայտնաբերվել են նաեւ դեպքեր, երբ դեղերի առքուվաճառքով զբաղվող ընկերությունը մրցույթից հետո բուժհաստատություններին կատարել է նվիրատվություն, ինչի արդյունքում խաթարվել է մրցութային գործընթացը, եւ մրցույթը հայտարարող բուժհաստատությունը, գնման պահանջի վերացման պատճառաբանությամբª պայմանագիր չի կնքել մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպության հետ՚:
Մի խոսքով` հանձնաժողովը որոշեց. ՙ7 տնտեսվարողների եւ շուրջ երեք տասնյակ բուժհաստատություների գործողությունները ճանաչել որպես հակամրցակցային՚:
Չզլանանք եւ ներկայացնենք նաեւ հակամրցակցային գործողություններ իրականացրած այդ բոլոր կառույցների ցանկը: Մատակարար կազմակերպությունների թվում հետեւյալներն են` Նատալի ֆարմ ՍՊԸ, Եվրոֆարմ ՍՊԸ, Ռուսֆարմ ՍՊԸ, Ամիկուս ՍՊԸ, Էգդանի ՍՊԸ, Մեգի Էլ ՍՊԸ, Կամելիա ՍՊԸ, Անիկոֆարմ ՍՊԸ, Ա/Ձ Հրանտ Գեւորգյան: Բուժհաստատություններից ՏՄՊՊՀ-ն հակամրցակցային է որակավորել հետեւյալ հաստատությունների գործունեությունը` Երեւանի թիվ 4, թիվ 5, թիվ 20, թիվ 19, թիվ 22 պոլիկլինիկա, Վանաձորի թիվ 3, թիվ 5, Գուգարքի կենտրոնական պոլիկլինիկաները, Տաշիրի, Աբովյանի, Սպիտակի, Ստեփանավանի, Դիլիջանի, Չարենցավանի, Հրազդանի, Վեդու, Մեծամորի, Մարտունու, Քաջարանի, Արմավիրի բժշկական կենտրոնները, Վաղարշապատի, Նոյեմբերյանի, Արարատի, Սեւանի հիվանդանոցները, Աբովյանի, Վեդու, Մարտունու ծննդատները եւ Իջեւանի առողջության կենտրոնը: Այսինքնª ստացվում է, որ ՀԱԿԱՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ մեջ են ներքաշված եղել հայաստանյան առողջապահական համակարգի եւ դեղորայքի մատակարարների մի պատկառելի մասը:
Մինչ այստեղ հանձնաժողովի քայլերի մեջ կարելի է տրամաբանություն տեսնել: Բայց ահա դրանից հետո...
ՈՃԻՐ ԵՎ ՙՊԱՏԻԺ՚
Նախ նկատենք, որ մեղադրանքները, ավելի ճիշտ` հանձնաժողովի խոսքից ենթադրվող ապացուցված փաստերը բավականին լուրջ են: Սակայն այդ լուրջ փաստերի արդյունքում ի հայտ են գալիս պատժամիջոցներ, որոնք առնվազն ծիծաղ կարող են առաջացնել: Այսպես` ՙՙՆատալի ֆարմը՚ դեղերի ներկրման եւ իրացման ոլորտի ամենախոշոր ընկերությունն է, այս շուկայում զբաղեցնում է գերիշխող դիրք: ՏՄՊՊՀ նիստում որոշվեց գերիշխող դիրքի չարաշահման համար ՙՆատալի ֆարմ՚ ընկերության հանդեպ կիրառել տուգանք` 50 միլիոն դրամի չափով, եւ պարտադրել, որպեսզի ընկերությունը վերացնի եւ հետագայում բացառի նման վարքագիծը՚,- ասվում է հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ:
Իսկ մյուսների ՙպատիժը՚ հետեւյալն էր. ՙՀաշվի առնելով, որ բացի ՙՆատալի ֆարմից՚ մնացած բոլոր ընկերությունները ունեն անհամեմատ փոքր ծավալներ, եւ շատերը տեղեկացված չեն ոլորտի օրենսդրական պահանջներից, ՏՄՊՊՀ նիստում որոշվեց խիստ նախազգուշացում հայտարարել նրանց նկատմամբ...՚: Շարունակությունն ավելի շատ հումորային ժանրից է. ՙ...քանի որ վերջինները իրենց վարքագծով սահմանափակել են մրցակցությունը եւ բարենպաստ պայմաններ են ստեղծել տնտեսվարողների հակամրցակցային գործողությունների համար՚:
Սկսենք նրանից, թե ի±նչ կապ ունի` տնտեսվարողը ՙանհամեմատ փոքր ծավալներ՚ է ունեցել, թե ոչ, երբ խոսքը պետական միջոցներով իրականացված գնումների մասին է: Հետո. այդ երբվանի±ց է ՙոլորտի օրենսդրական պահանջներից տեղեկացված չլինելը՚ դարձել մեղմացուցիչ հանգամանք, որ այս անգամ այդ հիմքով հանձնաժողովը բավարարվում է միայն նախազգուշացնելով: Այն էլ այնպիսի իրավիճակում, երբ ՙանհամեմատ փոքր ծավալներ՚ ունեցող այդ ՙխեղճ ու կրակ՚ բուժհաստատություններն են ՙիրենց վարքագծով բարենպաստ պայմաններ ստեղծել հակամրցակցային գործողությունների համար՚, այսինքն` կազմակերպել, տնտեսվարողին պարզապես դրդել են` գնալ ապօրինության:
Մի խոսքով, միակ տուժածը մնում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը` իր ՙՆատալի ֆարմ՚-ով: Չնայած չէ, պարոն Ալեքսանյանը հազար անգամ ասաց, որ էլ բիզնեսով չի զբաղվում, ուրեմն նա էլ չի տուժել:
Ինչ վերաբերում է ընկերությանը` ՙՆատալի ֆարմ՚-ին, 50 մլն դրամ տուգանքը կոնկրետ դեպքում հազիվ թե հարկ լինի լուրջ վնաս համարել, համեմատած այն գերեկամուտներին, որոնք պետք է որ ստացած լինի, ինչպես ակնկալվում է ՏՄՊՊՀ-ի որոշման ընդհանուր տեսքից: Խոսում ենք ՙակնկալվում է՚, ՙպետք է՚ անորոշ տերմիններով, քանի որ հենց այստեղ է, որ բախվում ենք ՏՄՊՊՀ-ի ՙամենաանբացատրելի՚ քայլին: Բանն այն է, որ չնայած այս բոլոր մեղադրանքներին եւ պատիժներին, այդպես էլ անհասկանալի է մնում, թե ՏՄՊՊՀ-ն կոնկրետ որ կազմակերպությանը եւ ինչի մեջ է մեղադրում: Հանձնաժողովը պաշտոնապես հրապարակայնորեն չի ներկայացրել ո°չ տվյալ որոշման նախագիծը եւ ո°չ էլ որոշումը: Մինչդեռ հենց այդ փաստաթղթերն է, որ պետք է հանգամանորեն ցույց տային, թե կոնկրետ ի±նչ է բացահայտել հանձնաժողովը, ինչի հիման վրա էլ հնարավոր կլիներ հստակ ենթադրել, թե իրականում ինչքանով է սահմանված պատիժը համարժեք թույլ տրված խախտումներին: Եվ դաª այն դեպքում, երբ տվյալ նիստից հետո ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը մի տեսակ հուզական կոչ հնչեցրեցª ուղղված մասնավորապես շարքային քաղաքացիներին, թե վերջիններս պետք է տեղեկացված լինեն ինչպես իրենց իրավունքներին, այնպես էլ Հանձնաժողովի գործունեության վերաբերյալ. որ բան չեք ասում, մարդիկ որտեղից իմանան:
ՈՒՐԵՄՆ ՍԱ Է ԳՈՎԱԲԱՆՎԱԾ
ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆԸ
Ինչեւէ, այս հրապարակումը մի փոքր ուշացավ, քանի որ դեռ անցած շաբաթ պաշտոնապես էինք դիմել հանձնաժողովին` խնդրելով մեզ տրամադրել ինչպես հանձնաժողովի համապատասխան որոշման պատճենը, այնպես էլ` որոշումը: Բանն այն է, որ թեեւ հանձնաժողովի պաշտոնական կայքում կա համապատասխան բաժին` ՙՀանձնաժողովի որոշումների նախագծեր՚ եւ ՙՀանձնաժողովի որոշումները՚, սակայն դրանցից առաջինում գրված է միայն. ՙՀանձնաժողովի որոշման նախագծերը կտեղադրվեն սահմանված կարգով՚, իսկ երկրորդում տեղադրված վերջին որոշումը երեկվա դրությամբ թվագրված է 22/05/2012-ով եւ, հասկանալի է, բոլորովին այլ թեմայով է: Թե ՙսահմանված կարգ՚ ասելովª հանձնաժողովում ինչ են հասկանում, դա իրենց խնդիրն է: Սակայն, կարծում ենք, ցանկացած կարգի դեպքում պաշտոնական կայքում պարտավոր էին որոշման նախագիծը տեղադրել համապատասխան նիստից առաջ, թե չէ, դրա իմաստն առհասարակ չկա: Մի խոսքով, եթե ոչ օրենսդրությունը, ապա հրապարակային, թափանցիկ գործունեություն ասվածը պետք է պարտադրեր հանձնաժողովին հենց այդպես էլ վարվել: Սակայն ամենատարօրինակն այն էր, որ ո°չ որոշման նախագիծը եւ ո°չ էլ որոշումը մինչ օրս այդպես էլ հանձնաժողովից ստանալ չի հաջողվում: Կայքում այդ փաստաթղթերը չտեղադրելու փաստը հանձնաժողովից փորձեցին բացատրել ինչ-որ տեխնիկական խնդիրներով: Իհարկե` կասկածում ենք, որ կան նման խնդիրներ: Բայց եթե անգամ կան, եւ հանձնաժողովը չի կարողանում մի քանի օր շարունակ լուծել այնպիսի պրիմիտիվ հարց, ինչպիսին է պաշտոնական կայքի խնդիրները լուծելն ու փաստաթղթերն այնտեղ ներկայացնելը, ուրեմն էլ ինչպե±ս է սույն կառույցը պատրաստվում լուծել շատ ավելի գլոբալ այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են օլիգարխների եւ մոնոպոլիստների դեմ կռիվ տալը:
Այնուամենայնիվ հանձնաժողովի պատկան ներկայացուցչին հիշեցրեցինք, որ մի քանի օր առաջ դիմել են ու խնդրել տրամադրել համապատասխան որոշման նախագիծն ու որոշումը: Եթե նույնիսկ կայքի հետ կապված խնդիր կա, դա չի նշանակում, որ այլ եղանակներով մեզ այդ փաստաթղթերը տրամադրելու հնարավորություն չունեին: Ուրեմն ինչո±ւ այդ փաստաթղթերը չեն տրամադրել: Պատասխանը ապշեցնող էր. ՙԵթե ունեք որոշման հետ կապված ցանկացած հարց, դիմեք, եւ կպատասխանեն՚: Նույնիսկ խոստացան հարցազրույցի միջոցով: Ստիպված էինք եւս մեկ անգամ շեշտել, որ այս պահին ոչ մի հարց էլ չունենք եւ պարզապես ցանկանում ենք ստանալ այդ փաստաթղթերը, որից հետո, միգուցե, հարցեր լինեն:
Փաստաթղթերն էլ չեն տալիս, եւ իրավունք ունե±նք համարել, որ խախտվել է նաեւ մեր մասնագիտական իրավունքը: ՙՉէ, որեւէ լրագրողի իրավունք չի խախտվում: Ավելին, եթե ունեք նիստի եւ որոշման հետ կապված հարցաշար, մենք պատրաստակամ ենք պատասխանել: Բայց բուն որոշումը, որը 40-50 էջից է բաղկացած, ամբողջական կտեղադրվի կայքում եւ բոլորին հասանելի կլինի՚:
Զրույցի շարունակությունը արդեն փակ օղակի է նմանվում. մենք խնդրում ենք տալ որոշման նախագիծն ու որոշումը, հանձնաժողովից էլ, թեª կտեղադրենք կայքում, եւ եթե հարցեր ունեք` կպատասխանենք: Եվ արդյունքում, այդպես էլ մեզ ոչ մի փաստաթուղթ չտվեցին: Իհարկե, հանձնաժողովի նման ՙգերթափանցիկության՚ փաստն ինքնին շատ ուշագրավ թեմա է, որին առաջիկայում դեռ անդրադառնալու առիթներ կունենանք: Սակայն այս պահին նկատենք միայն, որ ամենեւին էլ ինքնանպատակ կամ անիմաստ համառություն չէր հանձնաժողովից տվյալ որոշման նախագիծն ու որոշումը ստանալու փորձը: Հիշեցնենք, որ այս փաստաթղթերը ստանալու իմաստը նրանում էր, որ փորձեինք հասկանալ, թե ինչքանո±վ են պատիժները համապատասխանում այս վարույթի արդյունքում հայտնաբերված փաստերին: Բանն այն է, որ կան որոշակի կասկածներ, որ մինչ այս հանձնաժողովի որոշման նախագիծը հասել է պաշտոնական որոշման մակարդակի, տեղի են ունեցել որոշակի մեղմացումներ: Եվ, առհասարակ, հենց դրա հնարավորությունը բացառելու համար է, որ հանձնաժողովը պետք է վաղօրոք իր նախագծերը ներկայացնի հանրությանը: Հակառակ դեպքում` շեշտակի աճում է կոռուպցիոն ռիսկը, առավել եւս, որ խոսքը տնտեսվարողներին տասնյակ եւ երբեմն` հարյուր միլիոններ տուգանել-չտուգանելու մասին է: Իսկ այն, որ հանձնաժողովի նման ՙգերթափանցիկ՚ գործելաոճի պարագայում այդպես էլ չվերացան մեր այն կասկածները, որ դեղերի հետ կապված գունազարդվել է իրականում առկա շատ տխուր պատկերը, հենց վերը նշված այդ մտավախության հետեւանքն է:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

