ՊՈՒՏԻՆ-ՕԲԱՄԱ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԳՐԵԹԵ ԲԱՆ ՉԻ ՓՈԽԻ
Արխիվ 12-16ՊՈՒՏԻՆ-ՕԲԱՄԱ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԳՐԵԹԵ ԲԱՆ ՉԻ ՓՈԽԻ
Մեքսիկայում տեղի ունեցած G-20 գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների երկկողմ հանդիպումը, ինչպես որ սպասվում էր, ընդհանուր դեկլարատիվ բնույթից այն կողմ չանցավ: Չնայած նրան, որ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման քննարկեցին հարցերի մի ողջ շարան, սկսած երկու երկրների հարաբերություններից եւ Եվրոպայում տեղակայվող ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգից, վերջացրած Իրանի եւ Սիրիայի խնդիրներով եւ նույնիսկ համատեղ հայտարարությամբ հանդես եկան: Ընդ որում, Վ. Պուտինն ընդգծել է, թե. ՙՄենք խոսել ենք միջազգային խնդիրների մասին, ներառյալ սիրիականը, եւ համագործակցության բազմաթիվ եզրեր ենք գտել՚: Օրինակª Սիրիայի հետ կապված համատեղ հայտարարության մեջ այն միտքն է, որ այդ երկրի ՙժողովուրդը պետք է հնարավորություն ունենա ինքնուրույն, ժողովրդավարական ճանապարհով ընտրել իր ապագան՚: Սակայն այն, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի պատկերացումները սիրիական ժողովրդի ցանկությունների հետ կապված իրարից էականորեն տարբերվում են, փաստ է: Եվ պետք է ենթադրել, որ հիշատակված հայտարարությունը եւս հետայսու կողմերը կմեկնաբանեն ու քայլեր կձեռնարկեն հենց իրենց այդ պատկերացումներին համապատասխան:
Թերեւս մի փոքր ավելի լավատեսական է միայն իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ փաստաթղթում առկա դրույթը. ՙԸնդունում ենք Իրանի իրավունքը խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման հարցում, համաձայն ենք, որ նա պետք է լուրջ ջանքեր գործադրի իր միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային վստահությունը վերականգնելու համար: Դրա համար Իրանը պետք է ամբողջովին կատարի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերի եւ ԱԷՄԳ-ի Կառավարման խորհրդի առաջադրած պարտավորությունները, ինչպես նաեւ համագործակցի ԱԷՄԳ-ի հետ բոլոր մնացյալ հարցերում՚: Սակայն դա սպասելի էր, հաշվի առնելով, որ նույն օրը Մոսկվայում Իրանի եւ ՙվեցյակի՚ միջեւ տեղի ունեցած բանակցային հերթական փուլում մոտավորապես նույն տրամադրությունն էր: Ամեն դեպքում նույնիսկ ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը հայտարարեց, որ Մոսկվայում ՙվեցյակի՚ բանակցությունները ավելի բովանդակալից են, քան Բաղդադում կայացած նույն կարգի նախորդ հանդիպումը: Մի խոսքով, ընդհանուր տպավորությունն այն է, թե մի տեսակ բարիդրացիական մթնոլորտ է ձեւավորվել:
Սակայն, ենթատեքստում ավելի շատ նկատվում էր, որ Պուտինն ու Օբաման, որպես նախագահներ անցկացրած իրենց այս առաջին հանդիպման ժամանակ կարծես թե ընդամենը միմյանց տրամադրությունները փորձեցին ստուգել` արդյունքում երկուսն էլ մնալով իրենց նախնական դիրքորոշումներին: Իսկ դա նշանակում է, որ աշխարհի տարբեր տարածաշրջաններում ընթացող ռուս-ամերիկյան դիմակայությունն առաջիկայում մոտավորապես նույն հունով էլ ընթանալու է, ինչպես մինչ այդ հանդիպումը:
Ամեն դեպքում դեռ նոր էին Վ. Պուտինն ու Բ. Օբաման նստել բանակցային սեղանի շուրջ, երբ սկսեցին ի հայտ գալ ամենեւին էլ այդ արտաքուստ բարիդրացիական մթնոլորտին չհամապատասխանող քայլեր. ռուսական բեռնափոխադրող նավը կանգնեցվեց Շոտլանդիայի ափերի մոտ այն բանից հետո, երբ բրիտանական կառավարության պահանջով Standard Club կազմակերպությունը չեղյալ հայտարարեց ռուսական Femco ընկերության բոլոր նավերի ապահովագրությունը: Պատճառաբանությունն այն էր, թե տվյալ նավը Կալինինգրադի նավահանգստից Սիրիա է տեղափոխում Մի-25 ուղղաթիռներ: Բրիտանացի պաշտոնյաներն էլ պնդել են, թե նման բեռի ապահովագրումը հակասում է Եվրամիության պատժամիջոցներին: Ավելին` շատ չանցած շրջանառության մեջ դրվեց տեղեկատվություն, որ նման քայլի բրիտանացիները դիմել են ԱՄՆ-ի բավականին երկար հորդորներից հետո: Եվ դա այն բանից հետո, երբ նախօրեին բավականին կոշտ հայտարարությամբ էր հանդես եկել ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը. ՙՄեզ համար կարեւորագույն հարց է` թույլ չտալ ԱՄՆ-ի միակողմանի հակաիրանյան պատժամիջոցները: Եթե դրանց տակ հայտնվեն ռուսական ընկերություններն ու բանկերը, դա հարված կհասցնի երկկողմ հարաբերություններին եւ միջազգային հարցերում մեր համագործակցությանը՚: Ձեւականորեն այս դեպքում հակասիրիական եւ ոչ թե հակաիրանյան պատժամիջոցների տակ են հայտնվել ռուսական Femco ընկերությունը: Սակայն քանի որ դա տեղի ունեցավ հենց Պուտին-Օբամա հանդիպմանը զուգահեռ, արդեն ավելի շատ մի տեսակ ցուցադրական ակցիայի է նմանվում: Էլ չասած, որ առհասարակ նման պատժամիջոցներում առկա երկակի ստանդարտները գոնե Հայաստանում պարզ տեսանելի են: Հակառակ պարագայում ինչպես բացատրել, որ Սիրիային ուղղաթիռներ մատակարարելու անվան տակ նավեր են կանգնեցնում, մինչդեռ ոչ միայն ադրբեջանական ռազմական հռետորիկայի ու սահմանային դիվերսիաների, այլ նաեւ այդ երկրին միլիարդավոր դոլարների զենք մատակարարելու հետ կապված լուրջ մտահոգություններ այդպես էլ Արեւմուտքից չեն լսվում: Կարելի է թեկուզեւ բերել հունիսի 18-ին Փարիզում կայացած արտգործնախարարներ Նալբանդյանի եւ Մամեդյարովի հերթական հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այն հայտարարությունը, որտեղ ընդամենը նրանք. ՙԽորը մտահոգություն են հայտնել շփման գծում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ՚: Իսկ ահա նույն սահմանային սադրանքների հետ կապված ԱՄՆ-ի պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական գործերով օգնական Ֆիլիպ Գորդոնն էլ Հիլլարի Քլինթոնի անունից ընդամենը ՙխոր ափսոսանք է հայտնել կյանքերի այդ անիմաստ կորստի կապակցությամբ՚` հնչեցնելով հերթական անիմաստ կոչը, որով կողմերին համոզում են ՙզերծ մնալ ուժի կիրառումից եւ կամ սպառնալիքներից՚: Մինչդեռ նույն պահին Ադրբեջանը ծրագրում է զենքի հերթական, բավականին խոշոր խմբաքանակի ձեռքբերումը, այդկերպ նախատեսելով ողջ բանակում Կալաշնիկովի ինքնաձիգները փոխարինել իսրայելական ՙՏավոր՚-ով: Մյուս կողմից էլ Կասպից ծովի ռեսուրսների հետ կապված հերթական անգամ սրվել է իրավիճակը Ադրբեջանի եւ Թուրքմենստանի միջեւ, իսկ Իրան-Ադրբեջան հարաբերությունները գործնականում գնալով վերածվում են թշնամության: Ու Արեւմուտքից եւ ոչ մի սպառնալիք, էլ չենք խոսում պատժամիջոցների մասին:
Մի խոսքով` ոչ մի արտառոց բան: Եվ դա կրկին խոսում է այն մասին, որ Պուտին-Օբամա բավականին ձգձգված հանդիպումը էական փոփոխություններ չի առաջացնի: Իսկ դա մեր եւ հարեւան տարածաշրջանների համար նշանակում է, որ չնայած ներկայիս մի փոքր հանդարտված իրավիճակին, դեռ բավականին մեծ է պատերազմի վտանգն ինչպես Իրան-Սիրիա ուղղությամբ, այնպես էլ նույն լարված եւ անկանխատեսելի մթնոլորտը Ղարաբաղի շուրջ: Իսկ այն, որ Պուտինն ու Օբաման լեզու չեն գտել, ավելի շուտ խոսում է այն մասին, որ առաջիկայում նոր սրացումներ պետք է սպասել:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

