Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, այդ թվում...
Արխիվ 12-16Վայ, Կիկոս ջան, վայ... Օրերս Հայաստանով մեկ խուճապ էր տարածվել, թե ամեն րոպե սպասվում է ավերիչ երկրաշարժ: Լավ, ախր 1000 անգամ ասվել է, որ երկրաշարժ կանխատեսել հնարավոր չէ, էլ ի±նչ իմաստ ունի այդպիսի խոսակցություններ տարածել` կլինի, չի լինի... Ի վերջո, արտակարգ իրավիճակների ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ստիպված եղավ նույնիսկ հաղորդագրություն տարածել. ՙՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում սպասվող ուժեղ երկրաշարժի մասին տարածվող լուրերը իրականությանը չեն համապատասխանում: Կոչ ենք անում մարդկանց` պահպանել հանգստություն եւ ուշադրություն չդարձնել խուճապարարների տարածած ստահոդ լուրերին՚: Դե ինչ, զարմանալիորեն չմեռանք, դրան էլ հասանք, որ նախարարություններից մեկը հարկադրված եղավ հայտարարել` Կիկոսի մոտալուտ մահվան մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում:
Օրերս Գալուստ Սահակյանը նշել էր, որ Օսկանյանը այս փորձությունն էլ կհաղթահարի եւ միգուցե մի քանի տարի անց նաեւ քաղաքական գործիչ կդառնա: Չէ, չեղավ, Գալուստ Գրիգորիչ, բա որ հանկարծ հավատա±, որ կարող է քաղաքական գործիչ դառնալ: Ախր, ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ շատ դյուրահավատ մարդ է, օրինակ, այս պահին զարմանալիորեն հավատում է, որ հանրային աջակցություն ունի. ՙԱյս օրերին ես ՙՖեյսբուքով՚, էլփոստով, հեռախոսազանգերով ստանում եմ ամենատարբեր մարդկանց ոգեշնչող խոսքերը: Բոլորը մի բան են ասում` չընկճվել եւ պայքարը շարունակել: Գիտակցում եմ, որ սա միայն իմ պայքարը չէ, այլ` հասարակության պայքարը՚: Թան էլ չէ, բրդած մածուն. զորօրինակ` Օսկանյանը հետաքրքվե±լ է, որ, ասենք, Նիկոլին քվե տվող հասարակության հատվածը որտեղ է հատկապես երազում տեսնել նույն Օսկանյանին:
Իսկ ՕԵԿ-ական ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ զարմանալիորեն դեռ չի մոռացել այն խոստումը, որը ՕԵԿ-ը տվել էր դեռեւս ահագին քվեներ հավաքելու ժամանակ. ՙԱնկախ այն հանգամանքից` ավանդատուն սոցիալապես ապահովված է, թե անապահով, նրան փոխհատուցելու են իր ավանդը՚: Լավ, ինչո±վ են հատուցելու... Չնայած` եթե ՕԵկ-ին ամեն մի չկատարված խոստման համար մի կլորիկ գումարով տուգանեն, միգուցե անհրաժեշտ միջոցներ էլ գտնվեն` ավանդները փոխհատուցելու: Համ էլ` որ նայում ես պետռեգիստրում գրանցված կուսակցությունների տվյալները, ստացվում է, որ մեր երկրում 920 հազար կուսակցական կար, եւ դրանցից որ մասն էր համարվում ՕԵԿ-ի անդամ... Եվ ինչպե±ս եղավ, որ այդ ՕԵԿ-ականների մեծ մասը ՕԵԿ-ին էլ քվե չտվին: Բայց դա արդեն, թեեւ զարմանալի, բայց, այնուամենայնիվ, ուրիշ պատմություն է:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

