Երբ անցյալ տարի մայիսին ՙՇանթ՚ հեռուստաընկերության ՙX ֆակտոր՚ հեռուստանախագծում հաղթող ճանաչվեց ՎՐԵԺ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ,
հաղթանակից հետո նախագծի կազմակերպիչները հավաստիացրին, որ նախագծի հաղթողի պարգեւը ՙSony Music՚ ընկերության հետ կնքվելիք պայմանագիրն է եւ մեկ տարվա ընթացքում ՙSony Music՚-ի կողմից երկու սինգլի ձայնագրումն ու մեկ տեսահոլովակի նկարահանումը: Արդեն մեկ տարի է անցել, սակայն դեռ ամեն ինչ, կարծես թե, մնացել է նույնը: Այդ ամենը, կարելի է ասել, պարզ էր դեռեւս նախագծի ավարտից հետո, երբ հետաքրքրվեցինք եւ իմացանք, որ ո°չ Վրեժ Կիրակոսյանը, ո°չ էլ նախագծի շրջանակներում Վրեժի պրոդյուսեր Գիսանե Պալյանը տեղյակ չէին, թե ինչ ապագա է սպասվում հաղթողին: Մշտապես հետեւելով ՙՇանթ՚-ի նախագծերին` ՙԻրավունքը՚ նկատեց, որ, ի տարբերություն ՙX ֆակտոր՚ նախագծի հեռուստահաղթողի, մյուս նախագծերի հաղթողները եւ այդ նախագծերում առանձնապես չփայլող ՙաստղերը՚, կարելի է ասել, չեն իջնում ՙՇանթի՚ էկրանից, ինչը մեզ համար փոքր-ինչ տարօրինակ թվաց: Հավանաբար, պատճառներից մեկն այն է, որ դասական երաժշտության ժանրում հանդես եկող ՙX ֆակտոր՚-ի հաղթող Վրեժ Կիրակոսյանը, որը չի համադրում արդեն ՙՇանթ՚-ում ձեւավորված ավանդական ՙռոքաջազային՚ կամ ռաբիսով համեմված ՙժողովրդաէստրադային՚ ժանրերը, ձեռնտու չէ հեռուստաընկերության ղեկավարներին: Նշենք, որ sms քվեարկությամբ հաղթող ճանաչված Վրեժ Կիրակոսյանին հանդիսատեսը տարվա ընթացքում տեսել է միայն ՙՇանթի՚ ամանորյա ծրագրում, այն էլ` Սեւակ Ամրոյանի հետ զուգերգով: Մանրամասները կներկայացնենք ՙԻրավունքի՚ ՙՀետաքննություն՚ հավելվածում: