ՙՏԱԲԱԿՈՎՆ ՈՒ ԶՈՒԴԻՆԱՆ ՀԱՅ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻՆ ՄՐՑԱԿԻՑ ՉԵՆ...
Արխիվ 12-16ՏԱԲԱԿՈՎՆ ՈՒ ԶՈՒԴԻՆԱՆ ՀԱՅ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻՆ ՄՐՑԱԿԻՑ ՉԵՆ...
Հունիսի 15, 16-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը հայ հանդիսատեսի դատին հանձնեց Էդուարդո դե Ֆիլիպոյի ՙՖիլումենա Մարտուրանո՚ կատակերգությունը` Ալեքսանդր Գրիգորյանի ռեժիսուրայով: Ա. Գրիգորյանը երկար ժամանակ Մոսկվայում էր. հրավեր էր ստացել Օլեգ Տաբակովի ղեկավարած թատրոնից եւ պետք է հանձներ ՙՖիլումենա Մարտուրանո՚ ներկայացումը: Սակայն անսպասելի առողջական լուրջ խնդիրների պատճառով, բժիշկները Տաբակովին արգելել են ծանրª ֆիզիկական լարվածություն պահանջող դերեր խաղալ:
Ներկայացումը Մոսկվայում չի կայացել: Ի դեպ, նշենք, որ գլխավոր դերում, Տաբակովից զատ, պետք է հանդես գար Օլեգ Տաբակովի կինը` դերասանուհի Մարինա Զուդինան: Ներկայացումից առաջ ՙԻրավունք՚-ի հետ զրույցում ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ասաց, որ Երեւանի ռուսական թատրոնում բեմադրած ներկայացումն ունի միանգամայն այլ լուծումներ.ՙՍա ընդհանրապես կապ չունի այն ներկայացման հետ, որի վրա տեւական ժամանակ աշխատել եմ՚: Ա. Գրիգորյանը նաեւ հավելեց, որ հայ դերասանների առջեւ միանգամայն այլ խնդիրներ է դրել: Օլեգ Տաբակովը, ըստ Ա. Գրիգորյանի, ներկայացման մեջ պետք է ներկայանար ռուս օլիգարխի կերպարով, իսկ Զուդինան` ռուս պոռնկուհու: Երեւանյան ներկայացման մեջ գլխավոր դերերում հանդես են գալիս ՀՀ վաստակավոր արտիստներ Սերգեյ Մաղալյանն ու Իռա Հարությունյանը: Մեր զրուցակիցը նաեւ շեշտեց, որ Տաբակովի թատրոնում բեմի ձեւավորման համար ծախսվել է մոտ 25.000 դոլար: Արդյունքում` պատվիրված դեկորները օգտագործվել են Տաբակովի հոբելյանական երեկոյի բեմը ձեւավորելու համար: Մինչդեռ Երեւանի ռուսական թատրոնը, Գրիգորյանի փոխանցմամբ, հազիվ հովանավոր է գտել, որպեսզի ի կատար ածի ՙՖիլումենա Մարտուրանո՚ ներկայացումը: Նշենք, որ Էդուարդո դե Ֆիլիպոյի գործը հայ հանդիսատեսին լավ ծանոթ է, քանի որ իտալացի հեղինակի այս գործը բազմիցս ոգեւորել է տեղացի ռեժիսորներին:
Ալեքսանդր Գրիգորյանին, սակայն, հերթական սխրանքն իրագործելու դրդել են ոչ թե տեղական արտադրության ներկայացումները, այլ Վախթանգովի անվան թատրոնում տեսած ՙՖիլումենա Մարտուրանոն՚: Նրան հատկապես ոգեշնչել է Ռուբեն Սիմոնովի դերակատարումը: Վերջինս հանդես է եկել գլխավոր դերում: Իմիջիայլոց, ներկայացումը Ա. Գրիգորյանը նվիրել է Սիմոնովի հիշատակին:
Ի տարբերություն թատրոնի գեղարվեստական ղեկավարի, վաստակավոր արտիստուհի ԻՌԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ում վստահված է գլխավոր դերը, ինչպես պարզվեց, երբեւէ հայ բեմում ՙՖիլումենա Մարտուրանո՚ չի տեսել: Ավելին, դերասանուհին ՙԻրավունք՚-ին ասաց, որ ամենեւին էլ չի երազել այս դերի մասին, սակայն նոր դերի առաջարկը, բնականաբար, ոգեւորել է իրեն: Ի. Հարությունյանին նույնիսկ չի վախեցրել այն փաստը, որ Դոնա Ֆիլումենան, այսպես ասած, տարիքն առած կին է: ՙԵթե բեմում տգեղ լինելու անհրաժեշտություն կա, ես դրան պատրաստ եմ՚,- ընգծեց դերասանուհին:
Մենք ցանկացանք իմանալ, թե դերասանուհին տեղյա±կ է, որ Տաբակովի թատրոնում Ֆիլումենայի դերը վստահված է եղել Մարինա Զուդինային, եւ ինքը չի± մտածել արդյոք մրցակցության, է°լ ավելի լավը լինելու մասին: Դերասանուհին անկեղծորեն պատասխանեց. ՙԻ±նչ մրցակցության մասին է խոսքը: Ես նույնիսկ չեմ էլ մտածել, գուցե մտածեի, եթե նա խաղար ներկայացումը` թեպետ նա ինձ մրցակից չէ: Յուրաքանչյուր մարդ անհատականություն է: Ինձ դուր չի գալիս, երբ մի նժարի վրա երկու մարդ են դնում: Եվ հետո` տեղյակ եմ, որ ներկայացումը ռեժիսորը կառուցել է միանգամայն այլ լուծումներով՚: Ի. Հարությունյանը նաեւ հավելեց, որ իրեն բախտ չի վիճակվել Զուդինային տեսնել բեմում: Դերասանուհու արվեստին, ցավոք, ծանոթ է միայն ֆիլմերից, եւ նրան համարում է կայացած դերասանուհի, ինչպես նաեւ գեղեցիկ կին:
Զրուցակիցս, խոսելով իր դերի մասին, ասաց, որ իր հերոսուհին կին է, ով տենչում է ոչ թե իր սեփական հաջողությունների մասին, այլ կին է, ում համար առաջնայինը երջանիկ ընտանիքն ու երեխաներն են: Դերասանուհին համոզված է, որ հայ հանդիսատեսը կսիրի ներկայացումը, քանի որ այն շատ արդիական եւ ցավոտ հարցեր է արծարծում ու հետո` ունի կուռ դերասանական անձնակազմ: Հավելենք, որ ներկայացումն ունի երկու կազմ:
Հանդիսատեսը ջերմությամբ ընդունեց նոր ներկայացումը` ընդմիջելով այն ինքնաբուխ ծափերով: Թեեւ, ճիշտն ասած, երկու կազմում էլ կան դերասաններ, որոնք մի տեսակ ՙանհավես՚ էին աշխատել, ավելին` նոր ներկայացման մեջ ժառանգել էին իրենց նախորդ հերոսներից որոշ տարրեր: Տեղ-տեղ ականջ էին ծակում քերականական կանոններին խիստ հակասող սխալ շեշտադրությունն ու շինծու ռուսերենը: Իսկ ներկայացման մեջ ներգրավված են հետեւյալ դերասանները` Էրվին Ամիրյան, Վյաչեսլավ Շամիրյան, Գրիգորի Կիրակոսյան, Արսեն Լեւոնյան, Դավիթ Խաչատրյան, Սերգեյ Գրիգորյան, Նառա Թումասյան, ՀՀ ժողովրդական արտիստուհի Իրինա Մարչենկո, Լոլիտա Բուկիա, Անուշ Սարգսյան, Լիլիա Մուկուչյան, Անաիդա Գաբրիելյան եւ այլոք:
ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

