ԲՀԿ-ն գտել է կոալիցիայի մեջ չմտնելու, բայց միեւնույն ժամանակ նախարար ունենալու լավագույն բաղադրատոմսը:
Այսուհետ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, ԲՀԿ արդեն նախկին քաղխորհրդի անդամ Հրաչյա Ռոստոմյանը կվարի Սպորտի եւ երիտասարդության նախարարի պաշտոնը: Վերջինս, փաստորեն, օրերս հրաժարվելով ԲՀԿ անդամակցությունից` այսօր արդեն նախարար դառնալու առթիվ իր ֆեյսբուքյան ընկերներից, եւ ոչ միայն, շնորհավորանքներ է ընդունում: Իսկ Հ.Ռոստոմյանի ԲՀԿ-ական գործընկերները դրա մեջ ոչ մի տարօրինակ բան չեն տեսնում: Այս մասին ԲՀԿ քաղխորհրդի անդամ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ՙԻրավունք՚-ի հետ զրույցում նշեց. ՙԱկնհայտ է, որ սպորտի նախարար պետք է նշանակվեր ինչ-որ մեկը, որը կկարողանար նորմալ աշխատել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Բոլորս էլ գիտակցում ենք, որ ուղղակի անգնահատելի է Գագիկ Ծառուկյանի ներդրումը հայկական սպորտում եւ պետք է այդ պաշտոնում լինի այնպիսի մարդ, որը բնականոն հարաբերություններ կունենա ՀԱՕԿ նախագահի հետ, որպեսզի դրանից շահի ընդհանուր գործը` այն է` հայկական սպորտի հաջողությունը: Բնականաբար, ընտրությունը կանգ է առել Հրաչյա Ռոստոմյանի վրա, իսկ քանի որ ՙԲարգավաճ Հայաստանը՚ հայտարարել է, թե կոալիցիոն կառավարության կազմի մեջ չէ, ուստի տրամաբանական էր, որ պաշտոնավարման ընթացքում Հրաչյա Ռոստոմյանը պետք է կասեցներ իր կուսակցական անդամակցությունը: Այստեղ որեւէ սենսացիաներ փնտրել պետք չէ: Ընտրվել է այնպիսի մարդ, որի հետ Գագիկ Ծառուկյանը կցանկանար աշխատել՚: Ահա եւ ԲՀԿ-ի ո°չ կոալիցիա, ո°չ ընդդիմություն վիճակի լավագույն արդյունքը: