ԵՎ ՈՒՐ ՄՆԱՑԻՆ ՏԻԿԻՆ ՔԼԻՆԹՈՆԻ ԽՈՍՏԱՑԱԾ ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ
Արխիվ 12-16ԵՎ ՈՒՐ ՄՆԱՑԻՆ ՏԻԿԻՆ ՔԼԻՆԹՈՆԻ ԽՈՍՏԱՑԱԾ ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ
Անցած ուրբաթ Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար, նորվեգացի գեներալ Ռոբերտ Մուդը հայտարարեց, թե առաքելությունը դադարեցնում է իր գործունեությունը: Գեներալը դա բացատրեց նրանով, որ թե° սիրիական կառավարական զորքը, թե° զինված ընդդիմությունը չեն ենթարկվում Քոֆի Անանի ծրագրին եւ շարունակում են բախումները:ԵՎ ԿՐԿԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ
Դրա հետ մեկտեղ այս օրերին իսրայելյան լրատվամիջոցներում ի հայտ են գալիս պնդումներ, որ նախ ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Անանի խաղաղ կարգավորման ծրագիրը պետք է համարել վերջնականապես ձախողված: Եվ ապա, հղում անելով ամերիկյան հատուկ ծառայություններին մոտ կանգնած աղբյուրներին, որ Սիրիայի ռազմական հարված հասցնելու հարցն արդեն որոշված է. ՙՆերխուժում կլինի: Հարցը միայն այն է, թե երբ դա տեղի կունենա՚: Այս պահին ԱՄՆ-ում, ինչպես որ հավաստիացնում են նույն աղբյուրները, Սիրիայի հետ կապված քննարկվում են այնպիսի տեխնիկական բնույթի հարցեր, ինչպիսիք են ռազմական ներխուժումից առաջ սիրիական ապստամբներին սպառազինելը, այդ թվում ծանր զինտեխնիկայով: Թուրքիան էլ իր հերթին, հասկանալի է, չի հապաղել ուժերի ներածին չափով փորձել սրել իրավիճակը: Արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն թուրքական դիվանագիտությանը յուրահատուկ տոնով պնդում է, թե Թուրքիան դեռ ՙսատարում է Քոֆի Անանի ծրագրին՚, բայց նաեւ, որ. ՙԾրագրով հրադադարի հաստատումից հետո թուրքական սահմանը հատող սիրիացի փախստականների թիվը կտրուկ աճել է, ինչը մտահոգիչ է՚: Այսինքն, թե սիրիական ժողովուրդը վտանգի տակ է, ու արդյունքում. ՙՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է շտապ միջոցներ ձեռնարկի Սիրիայում ողբերգությունը դադարեցնելու համար՚: Պարզ է, միակ ՙշտապ միջոցը՚ ռազմական հարվածն է:
Փաստ է նաեւ, որ ՌԴ-ն եւ Իրանն էլ են նախապատրաստվում Սիրիայում իրադարձությունների ծայահեղ զարգացումներին: Իրանը շատ ավելի վաղ էր հաստատել, որ իր որոշ ստորաբաժանումներ արդեն իսկ տեղակայվել են Սիրիայում: Ինչ վերաբերում է ռուսական կողմին, ապա նույնիսկ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբից են հաստատել, որ ռուսական Սեւծովյան նավատորմի ռազմանավերի մի խումբ պատրաստվում է մեկնել ¥մի շարք այլ աղբյունրերի համաձայն էլ` արդեն մեկնել է¤ սիրիական Տարտուս նավահանգիստ` այնտեղ կենտրոնացած ՌԴ ռազմածովային բազայի անվտանգությունն ապահովելու համար: Խոսակցություններ էլ կան, որ այդ նավախումբը Սիրիա է հացսնելու դեսանտայինների մեկ` բավականին մեծ խումբը, որը ռազմական բախումների դեպքում նախ կփորձի հնարավորինս աջակցել Բաշար Ասադին, իսկ իրադարձությունների ծայրահեղ զարգացումների դեպքում` կփորձի նրան տեղափոխել Ռուսաստան: Սակայն հազիվ բանը դրան հասնի. ինչպես տեղեկացնում է իրանական ՙՖԱՐՍ՚ լրատվական գործակալությունը` Սիրիայի տարածքում Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի եւ Սիրիայի մասնակցությամբ կկազմակերպվի Մերձավոր Արեւելքի ամենամեծ զորավարժությունը: Մոտ 90 հազար զինվորական ընդգրկող այդ միջոցառումը կանցկացվի ծովում, ցամաքում եւ օդում: Դրանից հետո ռազմական հարվածի թեման հազիվ թե էլ երկար ժամանակ առաջին պլան գա:ԻՆՉ ՍՊԱՍԵԼ ՊՈՒՏԻՆ-ՕԲԱՄԱ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ
Թե ինչքանով են Սիրիային մոտ ժամանակներս ռազմական հարված հասցնելու մասին իսրայելյան տեղեկություններն համապատասխանում իրականությանը, թերեւս միայն ժամանակը ցույց կտա, քանի որ ընդհուպ մինչեւ վերջին պահին կարող են այդ բոլոր նախապատրաստական աշխատանքները չեղյալ համարվել...
Երեկ Մեքսիկայի Լոս Քաբոս քաղաքում սկսվեց ՙմեծ քսանյակի՚ գագաթաժողովը: Այս անգամ էլ G-20-ի մեխը համարվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Պաշտոնական աղբյուրներով այդ հանդիպման հիմնական թեմաներից էին ՙերկու երկրների երկկողմ հարաբերությունները եւ միջազգային խնդիրները՚ եւ այդ թվում հիմնականում Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային համակարգի տեղակայման թեման:
Մասնավորապես Իրանի հետ կապված դեռ մինչ հանդիպումն էր ռուսական կողմը խոսում մի տեսակ վերջնագրային տոնով: Օրինակ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով. ՙՄեզ համար կարեւորագույն հարց է` թույլ չտալ ԱՄՆ-ի միակողմանի հակաիրանյան պատժամիջոցները: Եթե դրանց տակ հայտնվեն ռուսական ընկերություններն ու բանկերը, դա հարված կհասցնի երկկողմ հարաբերություններին եւ միջազգային հարցերում մեր համագործակցությանը՚: Եվ այդ կոշտ տոնայնությունը խոսում է այն մասին, որ Իրան-Սիրիա հատվածում ՌԴ-ն ոչ մի կերպ չի պատրաստվում նահանջել: Իսկ ահա երեկ Մոսկվայում Իրանի եւ ՙվեցյակի՚ միջուկային խնդրի հետ կապված հերթական բանակցային փուլը ցույց տվեց, որ նույնիսկ ԵՄ-ն է պատրաստ ետ կանգնել պատժամիջոցներից, միայն թե առիթ լինի, օրինակ` Իրանի ինչ-որ փոքր քայլեր սկսի կատարել:
Փոխարենը ոչ պակաս կոշտ են նաեւ այս ընթացքում ԱՄՆ-ից հնչող հայտարարությունները: Պուտին-Օբամա հանդիպման նախօրեին ԱՄՆ-ում շրջանառության մեջ դրվեց այսպես կոչված ՙՄագնիտսկու օրենքը՚, որը վիզային եւ ֆինանսական պատժամիջոցներ է նախատեսում ռուսաստանյան որոշակի պաշտոնյաների նկատմամբ: Փաստորեն հանդիպման նախօրեին նմանատիպ մեսիջներով Օբաման հասկացնել է տալիս, որ ԱՄՆ-ում կան ռուսների հետ հարաբերությունները շատ ավելի խիստ դարձնելու տրամադրություններ, որոնք ինքը` որպես նախագահ, չի կարող աչքաթող անել, ու պարզապես պարտավոր է բանակցությունների ժամանակ իր հերթին անզիջում դիրքեր զբաղեցնել: Եվ որպես այդ ամենի ենթատեքստ, նաեւ կսկսեն հստակություններ ի հատ գալ մասնավորապես Մերձավոր Արեւելքում պատերազմ լինել-չլինելու հարցի շուրջ:
ՕԲԱՄԱՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԱԶԴԵԼ ԷՐԴՈՂԱՆԻ ՎՐԱ
Ընդ որում` կրկին երեկ տեղի ունեցած իրադարձությունները, բացի Մերձավոր Արեւելքից, կարող են նորություններ մտցնել Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերություններում եւս: Նկատենք, որ G-20-ին մասնակեցելու նպատակով Մեքսիկա էր մեկնել նաեւ Թուրքիայի վարչապետ Էրդողանը, ով հանդիպել է Վ. Պուտինի եւ հանդիպելու է Բ. Օբամայի հետ: Թուրքական աղբյուրները ենթադրում են, որ այդ հանդիպումների առանցքում լինելու է Սիրիայի եւ Իրանի խնդիրները: Սակայն միաժամանակ վերստին ի հայտ է եկել այն ենթադրությունը, որ այդ նույն խնդիրներում իր դերակատարությունն էապես մեծացնելու նպատակով Օբաման Էրդողանի հետ հերթական անգամ խոսելու է հայ-թուրքական հաշտեցման թեմայից: Սակայն մասնագիտական գնահատականները հիմնականում այն մասին են, որ այս անգամ էլ Էրդողանը թեման կապելու է Ղարաբաղի հետ: Ամեն դեպքում այդ մասին վկայող փաստ է, որ Մեքսիկա մեկնելու նախօրեին պաշտոնապես հայտարարվեց այսպես կոչված ՙԹուրք-հայկական հարաբերությունների ազգային կոմիտեն՚ փակվելու մասին: Այն Թուրքիայի բարձրագույն ուսումնական խորհրդի կազմում ստեղծվել էր դեռ 2003թ.-ին եւ պետք է փորձեր գիտական ուսումնասիրությունների միջոցով նպաստել հայ-թուրքական բարիդրացիական հարաբերություններին: Ընդ որում` օրերս ամերիկյան ֆինանսավորմամբ Կարսում տեղի էր ունենում հայ-թուրքական գործարար 3-րդ համաժողովը, որը ձեւականորեն նույնպես միտված է նույն խնդրի կարգավորմանը: Եվ երբ այս իրավիճակում թուրքական կողմը լուծարում է հիշատակված կոմիտեն, դա ուղղակի ակնարկ է, որ պաշտոնական Անկարան այլեւս հիշատակված խնդիրն իր համար օրակարգային չի համարում եւ, ինչպես նշեցինք, այսօր կայանալիք Օբամա-Էրդողան հանդիպման ընթացքում սպասվում է, որ եթե Օբաման սկսի հայ-թուրքական հաշտեցման թեման, Թուրքիայի վարչապետը վերստին առաջ է տանելու իր հայտնի նախապայմանը, թե նախ առաջընթաց պետք է լինի Ղարաբաղի հարցի հետ կապված:
ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԷԼ ՄԵԾ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ՉԿԱՆ
Եվ այս տեսանկյունից, թերեւս, պատահական չէր, որ երեկ Փարիզում տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Հիշեցնենք, որ հարավային Կովկաս կատարած վերջին այցելության ժամանակ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ արտգործնախարարների հանդիպման ընթացքում կներկայացվեն հակամարտության կարգավորման նոր մոտեցումներ:
Որեւէ էական բան առաջարկվել է արտգործնախարարներին. տպավորությունն այն է, որ կրկին խոսվել է միայն ընդհանուր ցանկություններից: Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել հումանիտար ոլորտում շփումները զարգացնել, հրադադարի ռեժիմի չխախտել եւ խախտման դեպքերի հետ կապված հետաքննության մեխանիզմներ ստեղծել, պատմական եւ մշակութային նշանակության օբյեկտներ պահպանել եւ այլն: Այս ամենի մեջ ոչ մի նոր բան էլ չկա, չհաշված այն, որ քանի դեռ Մինսկի խումբը նման քարոզներ էր կարդում, հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի գնդակիզոհ գնաց հերթական զինծառայող, ինչի պատասխանը, հուսով ենք, ազերիները շատ շուտ կստանան: Բայց նկատենք, որ այս էլ որերորդ դեպքն է, որ այսպիսի հանսիպումից առաջ կրկին ունենում ենք սահմանային զոհեր, ինչը վաղուց է միտումի նմանվում:
Արդյունքում մասնագետները հիմնականում այն մտքին են, որ արտգործնախարարների այս հանդիպումից եւս ոչ մի նշանակալից զարգացման պետք էլ չէ սպասել: Օրինակ` բրիտանացի վերլուծաբան Ալեքս Ջեքսոնն այն մտքին է, որ ՙչնայած ամերիկացի պաշտոնատար անձինք շարունակում են կողմերին զսպվածության ու խաղաղ կարգավորման կոչ անել, սա դեռ չի նշանակում ԱՄՆ-ի քաղաքականության մեջ փոփոխություններ կամ ամերիկյան ուշադրության լուրջ մեծացում՚: Իսկ ՌԴ-ի առումով նա այն կարծիքին է, որ. ՙՊուտինն ավելի աշխարհաքաղաքական մտածող է, քան Մեդվեդեւը, եւ նախընտրում է Հարավային Կովկասում ստատուս քվոյի պահպանումը՚:
Հատկապես Վ. Պուտինի հետ կապված այս ենթադրության հավանականությունն էլ ավելի է աճում` ելնելով այն բանից, թե ինչ սրընթաց տեմպերով են վատթարանում ռուս-ադրբեջանական հարաբերությունները: Բանը հասել է նրան, որ ադրբեջանցիները Գաբալայի ռադիոլոկացիոն կայանում ծառայող ռուս սպաներից պահանջել են են մինչեւ հուլիսի 1-ը Ադրբեջանի տարածքից դուրս բերել իրենց ընտանիքներին, իսկ զինվորական քաղաքում փակել են հոսպիտալը, պատրաստվում են փակել դպրոցն ու մանկապարտեզը: Իհարկե սա դեռ չի նշանակում, որ Գաբալայի պատճառով ՌԴ-Ադրբեջան հարաբերությունները կդառնան թշնամական: Սակայն նաեւ այս այս փաստն աչքի առաջ ունենալով թերեւս պետք է որ Ռուսաստանի համար Ղարաբաղում ներկայիս ստատուս-քվոյի պահպանումը դառնա էլ ավելի կարեւոր:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

