ՀՀԿ ՄԱՄՈՒԼԻ ԽՈՍՆԱԿ. ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՐՀԱՄԱՐՀՈՒՄ Է ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
ՙՓարիզում ԵԱՀԿ համանախագահների միջնորդությամբ կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի հանդիպման օրը ադրբեջանցի դիպուկահարների գործողությունների արդյունքում զոհված հայ զինծառայողի մահվան փաստը մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ Ադրբեջանն արհամարհում է բանակցային սկզբունքները, իրականացնում լկտի ավանտյուրիստական քաղաքականություն՚,- այն հարցին, թե ինչպես կմեկնաբանեք այն փաստը, որ ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման օրը ադրբեջանցի դիպուկահարների ակտիվ գործողությունների արդյունքում հայ զինծառայող է զոհվում, ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ:
Հիշեցնենք, որ հունիսի 18-ի առավոտյան ժամը 08:25-ի սահմանում ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1993թ. ծնված Արամ Սիմոնի Գյուլնազարյանը: Վիրավորը հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է: ԱԺ փոխնախագահի խոսքերով, նշյալ միջադեպը նաեւ հետեւանքն էր այն բանի, որ միջազգային հանրությունը այսքան ժամանակ հստակ պատժամիջոցներ չի կիրառում Ադրբեջանի նկատմամբ, իսկ վերջինս շարունակում է արհամարհել բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները: ՙՍա նաեւ արդյունքն էր օրեր առաջ, դիպուկահարների դուրս բերման ու շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրման մասին Ադրբեջանի ԱԳ նախարարի հնչեցրած ցինիկ հայտարարությունների: Միջազգային հանրությունն անտարբեր թողեց այդ հայտարարությունը, իսկ Ադրբեջանն օգտվելով առիթից կրկին սադրիչ գործողությունների գնաց՚,- ասաց Է. Շարմազանովը: Նա ընդգծեց, որ ցանկացած հայ զինվորի մահ Ադրբեջանի ղեկավարության խղճին է, իսկ այդ երկիրն իր հասարակությանը պատրաստում է պատերազմի, այլ ոչ թե խաղաղության: