ՊԱՏԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՙՍԻՎԻԼԻԹԱՍ՚-Ի` ՕՍԿԱՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՈՏՆԱՀԱՐՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
ՙՍահմանադրական իրավունք՚ միության նախագահ, ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ համարում է, որ Ազգային անվտանգության ծառայությունում
ՙՍիվիլիթաս՚ հիմնադրամում փողերի լվացմանն առնչվող քրեական գործի շրջանակում որպես վկա անցնող Վարդան Օսկանյանի հայտարարությունը կամ իրավական անգրագիտության հետեւանք է կամ հարցի քաղաքականացում` նախաքննության վրա ճնշում գործադրելու նկատառումով: Tert.am-ի հետ զրույցում Հայկ Բաբուխանյանը տարակուսանք հայտնեց, թե որտեղ կհասներ, եթե գործով անցնող բոլոր վկաները սկսեին նման հայտարարություններ անել: ՙԻսկ քաղաքականացնել հարցը, տվյալ դեպքում շատ տգեղ է դիտվում Օսկանյանի, որպես պատգամավորի եւ քաղաքական գործչի կողմից՚,- նշեց Հայկ Բաբուխանյանը: Հայկ Բաբուխանյանը խիստ անթույլատրելի է համարում նաեւ` ՙիրողությունը խառնելը՚: Իսկ իրողությունն, ըստ Հայկ Բաբուխանյանի, այն է, որ Հայաստանում պատկան մարմինները փորձում են պայքարել ե°ւ կոռուպցիայի, ե°ւ միջազգային ֆինանսական մեքենայությունների դեմ, ե°ւ, ինչու ոչ, պաշտպանել ՙՍիվիլիթաս՚ հիմնադրամի իրավունքները, որոնք, որքան հասկանում է Հայկ Բաբուխանյանը` ՙոտնահարվել են պարոն Օսկանյանի կողմից՚: ԱԺ պատգամավորը հավելեց, թե քրեական գործի մանրամասների մասին տեղեկացել է ԱԱԾ հաղորդագրությունից ու դատախազ չէ, որպեսզի ինչ-ինչ մեղադրանքներ ներկայացնի, սակայն նրա համար ակնհայտ է այն, որ գումարը, որը պետք է փոխանցվեր ՙՍիվիլիթասին՚, չի հասել հիմնադրամ` ՙմնալով պարոն Օսկանյանի անձնական հաշվին՚: