Ժամանակին մենք ենթադրում էինք...
Արխիվ 12-16Ժամանակին մենք ենթադրում էինք, որ ներկայիս ԱԺ-ում Արշակ Սադոյանի որբացած ՙ4-րդ խոսափողը՚ բռնագրավելու է Նիկոլ Փաշինյանը:
Բայց պետք է խոստովանենք, որ այս պարագայում միանգամայն սխալ ենթադրություն էր, ու կյանքը զարմանալիորեն ավելի հարուստ է, քան ցանկացած ենթադրություն: Այսպես, ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ հայտարարել է, որ սեպտեմբերին մեկնարկելիք ԱԺ նստաշրջանում, ոչ ավել, ոչ պակաս, 50 օրենսդրական նախաձեռնություն է ներկայացնելու, եւ այդ գործընթացը նա արդեն սկսել է ՙՖեյսբուքում՚. ՙԿփորձեմ հասցնել այդ հարցերը բարձրացնելու: Վերնագրերը ձեւակերպել եմ այնպես, որպեսզի հասկանալի լինի ապագա օրենքի բովանդակությունը: Սա նախագիծ է: Կարելի է անել լրացումներ, նկատի ունեմ հրատապ հարցեր, որոնք կուզեի տեսնել առաջիկա աշնանային նստաշրջանում՚: Դե ինչ, երեւի թե Բագրատյանը ԱԺ-ում այլեւս զօր ու գիշեր պոկ չի գա խոսափողից, եւ Արշակ Սադոյանը պարզապես նախանձից կկանաչի: Բայց հետաքրքիր է, այդ ինչպես է պատահել, որ Բագրատյանի ապագա օրինագծերի վերնագրերում որեւէ տեղ չկա հիշատակում ՙորձ կովերի՚ մասին:
Շպիոն Օնիկի դափնիները վաղուց խլած ամերիկացի ՌԻՉԱՐԴ ԳԻՐԱԳՈՍՅԱՆԸ ապշեցուցիչ բան է հայտարարել. ՙԹուրքիան ուղերձ է հղել Ադրբեջանին, որ այն հարձակումները, որոնք իրականացվում են Հայաստանի նկատմամբ, սխալ քայլեր են: Թուրքիան չի ցանկանում, որ Ադրբեջանը պատերազմ սկսի տարածաշրջանում, քանի որ դա կսահմանափակի Թուրքիայի գործողությունները տարածաշրջանում՚: Կարդում ենք ու զարմանքից քարանում, լավ է` գոնե Գիրագոսյանի ուղեղը այնքան չի հալվել ամառային շոգից, որ պնդի, թե Ադրբեջանի հետ պատերազմի դեպքում Թուրքիան կկռվի Հայաստանի կողքին` ընդդեմ Ադրբեջանի: Չնայած` անգլոամերիկյան շրջանակների հետ շփվող ՙվերլուծաբաններից՚ ամեն մի աբսուրդ էլ կարելի է լսել. զորօրինակ` ոչ անհայտ Իգոր Մուրադյանը վերջերս մի ամբողջ հոդվածաշարով ջանում է ապացուցել, թե Սերժ Սարգսյանն արեւմտամետ է, իսկ ԼՏՊ-ն` թունդ ռուսամետ:
Հիշո±ւմ եք ԼՏՊ-ի իշխանության օրոք հսկայական աղմուկ էր եղել այն դեպքի շուրջ, որ մի պանրագործարան սեփականաշնորհվել է մեկ գլուխ պանրի գնով: Բայց, զարմանալիորեն, այդ գործարքը գերազանցողներ են գտնվել, եւ ընդամենը` 2010թ. հոկտեմբերի 5-ին: Այդ ժամանակ պայմանագիր է ձեւակերպվել, որով ամերիկյան կողմը Օսկանյանի քրգործում հիշատակված ՙՀանթսման Բիլդինգ Փրոդաքթսի՚ ձեռնարկության 100 տոկոս բաժնեմասերը ընդամենը 1000 դրամով վաճառել է Օսկանյանի զինակից ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ: Չէ, այդ ամերիկացիք իսկական հրաշք են, հատկապես այն դեպքում, եթե մորմոն են: Դե, եթե մորմոնները կարող են մեռելներին իրար հետ ամուսնացնել, ապա ինչո±ւ 1000 դրամով քաղաքական նպատակներ հետապնդող գործարք չկնքեն:
Ի դեպ, Ադրբեջանում հռչակված բուսաբույժ եւ հոգեբան ԹՈՒՆԶԱԼԱ ԲԱՅՐԱՄՈՎԱՆ ամենայն լրջությամբ հայտարարում է, որ Ադրբեջանի բնակչության ծանր հոգեվիճակի համար մեղավոր են հայերը, քանի որ Ադրբեջանի վրա մոգական հարձակում են գործում հայոց կախարդների ջոկատները: Նա նույնիսկ պնդում է, որ հենց մոգության արդյունք է Ադրբեջանում կատարվող սպանությունների առնվազն կեսը: Դե ինչ, մնում է ենթադրել, որ մեր ՊՆ-ն բոլորից թաքուն զորակոչի է ենթարկել գյուղերում եղած բոլոր գրբացներին եւ ջադու պառավներին, ու նրանց վերածել իսկական գաղտնի զենքի` ընդդեմ Ադրբեջանի: Ինչեւէ, երեւի թե ամբողջ Ադրբեջանին շուտով պետք կգա, Ռոբերտ Քոչարյանի հիշատակած, ՙուրիշ մասնագետը՚: Չնայած` չէ, սրանց գծով դեռ մասնագետ չկա, երեւի թե նոր-նոր անհրաժեշտ է ստեղծել անասնահոգեբույժների նոր ֆակուլտետ, որպեսզի գոնե 5 տարի անց կարողանանք մարդասիրաբար թեթեւացնենք սրանց վիճակը:
Եվ վերջապես մեզ անզարմանք չթողեց նախկին ոստիկանապետ, իսկ այժմ պարապ գործերի գծով խորհրդական ԱԼԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ: Պարզվում է` նա թերեւս, իրոք, վախ բռնողի կարիք ունի, քանի որ չի ուզում շփվել ոչ մեկի հետ. ՙՈչ մի պատճառ չկա, դուք տեսնում եք` ինչպիսի ժամանակներ են. օդի մեջ մարդու գլխին մի բան են սարքում, անպայման ուզում են մի բան մոգոնել, ավելորդ մի բան... Իրոք պատճառ չկա, որեւէ մեկից նեղացած չեմ, բոլորի նկատմամբ շատ ուշադիր եմ, շատ ջերմ եմ, այնպես չէ, որ որեւէ մեկից սառնություն եմ տեսնում կամ վիրավորված եմ, չէ, ընդհանուրով նորմալ է: Ոչ մեկի հետ խնդիր չունեմ, ուղղակի այս պահին ուզում եմ հանգստանալ՚: Դե ինչ, Ալիկ Սերգեյիչ, երեւի թե ժամանակն է ապաստան գտնել հարազատ Կանաչուտում: Այնտեղ հաստատ որեւէ մեկը չի գա եւ գլխիդ սարքի:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

