ՙԵՐԱԺԻՇՏԸ ՊԵՏՔ Է ԲԱԶՄԱԺԱՆՐ ԼԻՆԻ
Արխիվ 12-16ԵՐԱԺԻՇՏԸ ՊԵՏՔ Է ԲԱԶՄԱԺԱՆՐ ԼԻՆԻ
Երգիչ ԴԱՎԻԹ ԹՈՒՋԱՐՅԱՆԸ, գործընկերներ Նարեկ Բավեյանի, Արմոյի եւ Ջոնիի հետ, հուլիսին հյուրախաղերով ԱՄՆ-ի հայ համայնքի համար հանդես կգա Լոս Անջելեսի ՙԱլեքս՚ թատրոնում: Դավիթի փոխանցմամբ` չնայած դեռ կոնկրետ որոշված չէ, թե ինչ ծրագրով են հանդես գալու, բայց կարծում է, որ կընտրի այն երգերը, որոնք այս տարիների ընթացքում սիրված են եղել հանդիսատեսի կողմից:
-Այնտեղ մեծ մասը սիրում է այն ոճը, որը եկել է Ձախ Հարութից ու Արամ Ասատրյանից: Բնական է, հայ ենք ու այդ երգերը պիտի լսենք` ինչքան էլ որ եվրոպական մտածելակերպ ունենանք ու արտասահմանյան երաժշտություն լսենք: Ես աշխատում եմ երգել իմ սրտի թելադրանքով` այն, ինչը որ ինձ դուր է գալիս, հետո նոր մտածել, թե լսարանն ինչ է պահանջում: Իմ սրտին դուր եկածն էլ կարող եմ այնպես մատուցել, որ թե° լսարանին եւ թե° ինձ դուր գա:
Դա կախված է նրանից, թե ինչ կերպ ես մատուցում երգը, ում հետ ես աշխատում, ով է գործիքավորում, ով է երգահանը, եւ ովքեր են աշխատում երգի ստեղծման վրա:
- Երգերիդ մեծամասնությունը մայրդ` Գայանե Աստվածատրյանն է գրում, հիմա ի±նչ նոր երգեր ունես:
- Վերջերս մայրիկը երկու նոր երգ է գրել, որոնք շատ եմ հավանում: Երկու նոր երգ էլ կա, որոնցից մեկը Արսեն Գրիգորյանն (ռոմանսների) է նվիրել, իսկ մյուսը` ընկերս` Հայկոն: Հիմա աշխատում եմ նոր ձայնասկավառակիս վրա:
- Գրեթե մեկ տարի առաջ թողարկեցիր ձայնասկավառակդ, որի հեղինակային իրավունքները, բնականաբար, չպահպանվեցին: Հնարավո±ր է, որ նոր էլեկտրոնային շնորհանդես անես:
- ՙՊիրատներից՚ չես կարող խուսափել: Համենայնդեպս, այս անգամ գիտեմ, թե ինչ կերպ կթողարկվի: Ինչքան էլ հետեւես, միեւնույն է, այն գումարները, որ ծախսում ես ձայնասկավառակի վրա, Հայաստանում չես կարողանում հետ բերել վաճառքով: Չեմ կարծում, որ այս վիճակը դեռ երկար կշարունակվի: Բայց եթե լինի, ապա հնարավոր է, որ ինտերնետային շնորհանդեսն ավելի ակտուալ եւ ձեռնտու լինի: Այնուամենայնիվ, ձայնասկավառակն ինձ համար կարեւոր է այն առումով, որ իմ հանդիսատեսը երգս լսի եւ ունենա ձայնասկավառակը: Այսինքն` մեկ այլ բան է ինտերնետից ներբեռնել, բոլորովին այլ բան, երբ քո ձայնադարանում ունենում ես քո սիրած երգչի ձայնասկավառակն` իր նկարով, երգերի անուններով, ինքնագրով: Օրինակ, ես իմ սիրած երգիչների ձայնասկավառակներն ունեմ իմ ձայնադարանում:
- Իսկ ո±ւմ ձայնասկավառակներն են:
- Իմ ձայնադարանը հարուստ է շատ տարբեր ոճերով, սկսած ժողովրդականից` մինչեւ ռոք: Իմ կարծիքով` երաժիշտը պետք է բազմաժանր լինի, եթե անգամ երգում է մի ժանրում, պետք է ծանոթ լինի եւ սիրի տարբեր ժանրեր, սիրի այն ՙգիգանտ՚ երաժիտներին, որոնք աշխարհում ճանաչված եւ սիրված են:
- Այսօր ինչո±ւ Դավիթ Թուջարյանին չենք տեսնում տարբեր հեռուստատեսային նախագծերում: Օրինակ, որքան գիտեմ, ժամանակին նաեւ լրջորեն զբաղվել ես պարով:
- Այո°, զբաղվել եմ պարով, բայց կարծում եմ` հիմա դրա ժամանակը չէ: Ավելի շատ հիմա ժամանակս ուզում եմ տրամադրել նոր ձայնասկավառակիս, հյուրախաղերին, համերգներին, նոր երգերին ու տեսահոլովակներ նկարահանելուն:
- Հաճախ գործընկերներդ նմանատիպ նախագծերում եւ սերիալներում նկարահանվելը գովազդի մի տարբերակ են համարում:
- Ամեն մարդ ինքն է որոշում իր երաժշտական ուղին: Հետո` կան էտապներ, որոնք անցնելուց հետո երգչին բերում են ճանաչում: Սկսնակի համար հետաքրքիր է, որ իրեն ճանաչում են, բոլորի ուշադրության կենտրոնում է: Բայց տարիների ընթացքում այդ ճանաչվածությունը կարող է հոգնեցնել. իսկապես այդքան էներգիա, որ ուղղված է լինում դեպի հայտնի անձնավորությունը, հոգնեցնում է: Իմ, նաեւ շատ հայտնի մարդկանց մոտ անցել են այդ էտապները: Ինձ չեն գրավում այդ նախագծերը, որոնց ժամանակին վազելով գնացել եմ, քանի որ ինձ համար հետաքրքիր է եղել:
Զրույցը` ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

