ԿԱՍԿԱԾԵԼԻ ՀՐԴԵՀ
Արխիվ 12-16
Ինչպես տեղեկացանք, հունիսի 13-ի գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել Լոռիի մարզի Սպիտակ քաղաքում. այրվում էր Սպիտակի սոցիալական ծառայության տարածքային գործակալության համայնքային կենտրոնը:
Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ հունիսի 9-ին նույն կենտրոնը կրկին հրդեհվել էր: Ըստ լուրերի, այն ժամանակ այրվել էր արխիվի զգալի մասը: Դեպքից անմիջապես հետո ծառայությունն իր աշխատանքը ծավալել էր Սպիտակ քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցի հարակից տարածքում գտնվող շինությունում: Եվ հունիսի 13-ի գիշերը հենց այդ շինությունում է, ինչպես վերեւում նշեցինք, հրդեհ բռնկվել: Հրդեհի վայր է ժամանել Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության երեք մարտական հաշվարկ:
Ըստ Սպիտակի մեր աղբյուրների, այրվել է նախկին քոլեջի շենքը, որտեղ կար չորս աշխատասենյակ: Չորսն էլ այրվել են: Շենքն այրվում էր շուրջ 15 րոպե: Քաղաքում հրդեհի վերաբերյալ շրջանառվում են հետեւյալ վարկածները. ըստ մի վարկածի` հրդեհը բռնկվել է էլեկտրասարքերի ոչ սարքին վիճակում գտնվելու հետեւանքով: Մեկ այլ վարկածի համաձայն` հրդեհը նպատակային է եղել` ոչնչացնել ոչ ձեռնտու փաստաթղթեր:
Խոսակցությունները` խոսակցություններ, այնուամենայնիվ, ցանկացանք իմանալ ավելի ստույգ պատասխան եւ դիմեցինք Սպիտակի սոցիալական ծառայության տարածքային գործակալության համայնքային կենտրոնի պետ ՄԱՑԱԿ ՄԱԹՈՍՅԱՆԻՆ:
- Ի±նչ կորուստներ են եղել առաջին հրդեհի ժամանակ:
- Առաջին հրդեհը բռնկվել է ամսի 9-ի գիշերը` ժամը 22-00-ի սահմաններում: Հրդեհի հետեւանքով վնասվել են ամենօրյա աշխատանքային փաստաթղթեր:
- Իսկ արխիվային փաստաթղթեր ոչնչացե±լ են:
- Ո°չ, արխիվը չի վնասվել, արխիվն առանձին տեղ պաշտպանված է, ոչնչացվել են ընթացիկ գործերը:
- Երկրորդ հրդեհը ե±րբ է բռնկվել:
- 13-ի գիշերը` 23-30-ի սահմաններում: Կրկին ոչնչացել են ընթացիկ գործեր:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

