ԻՆՉԻ ՄԱՍԻՆ Է ԼՌՈՒՄ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16ԻՆՉԻ ՄԱՍԻՆ Է ԼՌՈՒՄ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ
Փողերը լվանալու դեմ Հայաստանում ծավալվող պայքարը, ըստ ՀՀ գլխավոր դատախազության, արժանանում են Միջազգային իրավական կառույցների բարձր գնահատականին: Ո±վ եւ ինչպե±ս է վերաբերվում արտաքին գնահատականներին` այնքան էլ էական չէր լինի հայ հանրության համար, եթե, ըստ իս, այդ գործընթացները, իսկ ավելի ստույգ` վերջերս դրանցում հայտնաբերված հետքերը չտանեին դեպի Եվրոպա եւ ԱՄՆ: Այս առումով անչափ հետաքրքիր է այն հարցը, թե չե±ն փոխվի արդյոք այդ գնահատականները: Ընթերցողի համար, կարծում եմ` արդեն հասկանալի դարձավ, որ տվյալ դեպքում ակնարկվում են ՙՍիվիլիթաս՚ հիմնադրամի եւ Վարդան Օսկանյանի շուրջ չդադարող սկանդալային բացահայտումները, ըստ որոնց, չի բացառվում, որ ոչ միայն ՙկեղտոտ՚ փողերի, այլեւ դրանց ՙլվացքամիջոցների՚ ծագումը ՙտեղական՚ չէ:
Որքանով էլ չքաղաքականացվեն ուշացած կամ ՙկանխարգելիչ՚ բացահայտումները, Հայաստանի քաղաքացու համար ակնհայտ է, որ իր հողում, ցավոք, խոշոր գումարները մաքուր լինել չեն կարող, հետեւաբար, դրանց ՙլվացքատները՚ վերացնելուն ուղղված ցանկացած գործընթաց նրա համար ողջունելի է…
Վերջերս ՀՀ գլխավոր դատախազությունը ՙուրախացրեց՚ իր ՙմաքրամաքուր՚ համաքաղաքացիներին, որ հարուցվել է հերթական քրեական գործը` փողերի լվացման եւ խարդախության դեպքերի առթիվ: Դրա նախաձեռնողը հենց ինքը` Գլխավոր դատախազությունն էր, իսկ իրականացնողները ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ ազգային անվտանգության մարմինները եւ Կիբերհանցագործությունների գործերով վարչությունը:
Ըստ նախապատրաստված նյութերի` ՙՇիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակչուհի Հ. Սարգսյանը 2008թ. նախնական համաձայնության է եկել Ռուսաստանի Դաշնության Յոշկար Օլա քաղաքում բնակվող իր ազգականների` ՌԴ քաղաքացիներ, ազգությամբ հայ երկու եղբայրների հետ` արտասահմանում բնակվող անծանոթ անձանցից խարդախությամբ հափշտակված, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու մասին. այն է` գումարներն իր եւ այլ անձանց անուններով Հայաստան փոխանցելու, կանխիկացնելու, դրանցից 10%-ը որպես մասնաբաժին պահելու եւ տարբերություն կազմող կանխիկացված գումարները եղբայրների բանկային գործարքներով փոխանցելու վերաբերյալ:
Իր մտադրությունն իրագործելու, այդ թվում` դրամական միջոցների ստացումն ապահովելու համար Հ. Սարգսյանը Գյումրիում կանխիկացված գումարի 5%-ը որպես փայաբաժին նրանց թողնելու պայմանով թվով 4 անձանց հետ հափշտակված գումարները վերջիններիս տվյալներով ստանալու եւ կանխիկացնելու վերաբերյալ նախնական համաձայնություն է ձեռք բերել՚:
Ինչպե երեւում է, հանցավոր համաձայնությունը կնքվել էր բավականի տրիվիալ ձեւով, ինչը չես ասի հանցագործության իրականացման մասին: Վերջինս լի է սիրային ռոմանտիկ նրբերանգներով…
Եղբայրները, ծանոթությունների կայք-էջերի միջոցով, Հ. Սարգսյանի եւ այլոց անվան տակ, 2008-2009թթ. ընթացքում, էլեկտրոնային նամակագրական սիրային կապ էին հաստատել Շվեդիայից, Նիդեռլանդներից, Բելգիայից, Մեծ Բրիտանիայից, Ավստրիայից, ԻԻՀ-ից, ԱՄԷ-ից թվով 14 անձանց հետ, խոստացել էին ամուսնանալ…: Իսկ ՙերջանկացնելու՚ միակ միջոցը, հասկանալի է, պետք էդառնար այդ երկրներ այցելելու համար անհրաժեշտ փողը: Ինչ չի անի հային սիրահարված սիրտը, մանավանդ որ, պահանջվող գումարն էլ մեծ չէր` 1000 դոլարի սահմաններում: Արդյունքում, 40-ից ավելի դեպքերով հայաստանյան մի շարք բանկերին ՙհարսների ու փեսաների՚ անվամբ փոխանցվել էր ընդհանուր հաշվով 50.000 ԱՄՆ դոլար:
Դրանից հետո սկսվել էր փողերի լվացումը, ինչը, ըստ իրավապահների, իրականացվել էր այսպես. ՙՀ. Սարգսյանը եւ մյուսները ստացված 50.000 ԱՄՆ դոլարը կանխիկացրել, դրա 10%-ը որպես մասնաբաժին պահել են իրենց, իսկ տարբերություն կազմող գումարը արագ դրամական փոխանցման համակարգերի միջոցով եւ միջազգային բանկային փոխանցումներով Հ. Սարգսյանի անվամբ ուղարկել են ինչպես երկու եղբայրների, այնպես էլ վերջիններիս մատնանշած այլ անձանց հաշվեհամարներին` այդկերպ թաքցնելով եւ խեղաթյուրելով հանցավոր գործունեության արդյունքում ձեռք բերված գումարի իրական բնույթն ու ծագման աղբյուրը՚…
… ՙՍիվիլիթաս՚-ի դեպքում սիրաշահված միայնակ սրտեր չկան: Շրջանառվող վարկածների հաստատման դեպքում քրեական գործում որպես ոչ երկրորդական դերակատարներ` կարող են ներգրավվել ոչ միայն ՙտեղական՚, այլեւ օտար ՙաստղեր՚: Հետեւաբար, հանրությունը շահագրգռված է նաեւ այս գործով տեղեկանալ Գլխավոր դատախազության դիրքորոշմանը, որի` իրավական տեսակետից միգուցեւ բացատրելի լռությունը, այնուամենայնիվ, ներկայանում է խորհրդավոր…
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

