ՙԲՀԿ-Ն ՎԵՐՋՆԱԳԻՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԱԱԾ-ԻՆ
Արխիվ 12-16ԲՀԿ-Ն ՎԵՐՋՆԱԳԻՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԱԱԾ-ԻՆ
ԲՀԿ-ի շուրջ ստեղծված տարաբնույթ իրադարձությունները շարունակվում են: Երեկ, լրատվամիջոցներում կար հրապարակում այն մասին, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը բանավոր կերպով խոստացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որ 2013 թվականին տեղի ունեցող նախագահական ընտրություններին կսատարի նախագահին:
Իսկ ԲՀԿ ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ հրաժարվում է ցուցմունք տալ ԱԱԾ-ում, քանի որ վերջինիս հարցաքննում են, որպես կասկածյալ: Այս հարցերի հետ կապված դիմեցինք ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ եւ ԲՀԿ հասարակայնության հետ կապերի պատասխանատու ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻՆ:
-2013 թվականի հետ կապված ոչ մի դեպքում չի փոխվել ու չի փոխվելու մեր հայտարարությունը, որը անբեկանելի է: Մենք ունենք որոշում, թե ոչ` դա մեր խնդիրն է եւ համապատասխան պահին մենք դրա մասին կհայտարարենք, իսկ մնացած ասեկոսեներին բան չեմ կարող ասել, քանի որ ես ԲՀԿ հասարակայնության հետ կապերի պատասխանատուն եմ ,այլ ոչ թե լրատվամիջոցների, չնայած որ հարգում եմ լրագրողներին:
Ինչ վերաբերվում է պարոն Օսկանյանի ցուցմունք չտալուն, ապա նշեմ, որ ունեմ լուրջ մտահոգություններ, որովհետեւ ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ, սեւով սպիտակի վրա գրված է, որ հարկային ստուգումները նշանակվել է քրեական գործի շրջանակներում եւ հիմա ուզում եմ հարց հնչեցնել, թե ի±նչ է նշանակում, որ վարչական գործողությունների տիրույթում գտնվող հարցի շուրջ ոչ թե վարչական ադմինիստրատիվ վարույթ է հարուցվում, այլ քրեական գործ: Այսինքն դեռեւս չկա ֆինանսատնտեսական ստուգում, չկա հանցակազմ, հիմնավոր կասկածներ ու անմիջապես հարուցվում է քրեական գործ, որից հետո նոր նշանակվում է ստուգումներ: Գումարած դրան, այն ամենը ինչ դրվում է շրջանառության մեջ, պետական իրավապահների, այլ անհատների եւ կառույցների ու որոշ անպատասխանատու եւ քիչ պատասխանատու լրատվամիջոցների կողմից եւս առաջացնում են լուրջ մտահոգություն:
- Դուք արդեն հայտնել եք Ձեր մտահոգությունը ԱԱԾ-ի կողմից իրականացվող քննության մասին: Արդյոք կուսակցությունը չի± պատրաստվում արդեն հանդես գալ հայտարարությամբ:
- Անպայման հանդես ենք գալու, եւ ցանկացած անիրավաչափ գործողությունների դեմ մենք արձագանքելու ենք: ԲՀԿ-ն այսօր ասում է, որ մեզ համար զարմանալի եւ ընդունելի չէ այն հանգամանքը, որ վարչական տիրույթում գտնվող իրադարձության առթիվ նախ հարուցվում է քրեական գործ, որից հետո նոր նշանակում են հարկային ստուգումներ: Հետո, պարոն Օսկանյանին մեղադրանք ներկայացված չէ, եւ բացի վկա լինելուց ներգրավված չէ այդ գործի շրջանակներում եւ լիարժեք իրավունք ունի օգտվելու իր սահմանադրական իրավունքից եւ հրաժարվել ցուցմունքներ տալուց: Եթե հանկարծ նրա հանդեպ կիրառվեն որեւէ պարտադրական գործողություններ, այդ ժամանակ մեր կուսակցությունը հանդես կգա այնպիսի արձագանքով եւ գործողություններով, որ ինչպես ասվում է ռուսական ասացվածքում` ՙմալո նե պոկաժետցա՚:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

