ՙՄԻՆՉ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ԿՐՔԵՐ ԵՆ ԲՈՐԲՈՔՎՈՒՄ, ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՂԹՈՒՄ ԵՆ
Արխիվ 12-16ՙՄԻՆՉ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ԿՐՔԵՐ ԵՆ ԲՈՐԲՈՔՎՈՒՄ,
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՂԹՈՒՄ ԵՆ
Հունիսի 8-ին Լեհաստանում եւ Ուկրաինայում մեկնարկած Եվրոպայի 2012 թվականի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ փուլն օրեցօր արագություն է հավաքում:
A խմբում կայացած Հունաստան-Չեխիա եւ Ռուսաստան-Լեհաստան հանդիպումները որոշակի պարզություն մտցրեցին մրցաշարային աղյուսակում: Բայց ամեն ինչ կվճռեն հունիսի 16-ին կայանալիք Չեխիա-Լեհաստան եւ Հունաստան-Ռուսաստան հանդիպումները: Վերջին տուրի բոլոր խաղերն սկսվելու են 22:45-ին, որպեսզի թիմերը չիմանան մրցակիցների արդյունքները: Մինչ Ռուսաստան-Լեհաստան հանդիպման սկիզբը, ինչպես հաղորդել է ՙԻնտերֆաքս՚-ը, մի քանի տասնյակ երկրպագուներ հարձակվել են ռուսաստանցի երկրպագուների շարասյան վրա, որոնք երթի են դուրս եկել Վարշավայի փողոցներով: Հարձակվողներին ցրել է ոստիկանությունը, սակայն մեկ մարդ, ով հայտնվել է Լեհաստանի քաղաքացիների խմբի կենտրոնում, լուրջ վնասվածքներ է ստացել: Ինքնուրույն գետնից բարձրանալ նա չի կարողացել: Երկուսը գլխի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, բայց պարզ չէ, թե նրանք որ երկրի քաղաքացի են: Ազգային մարզադաշտի մոտ լեհ երկրպագուները ոստիկանների ուղղությամբ ֆայերներ եւ շշեր են նետել: Ոստիկանությունը պատասխանել է նախազգուշական կրակոցներով: Դրանից հետո ոստիկանությունը հետ է մղել ռուսական շարասյան ճանապարհը արգելափակած լեհերի խումբը:
Մինչ Լեհաստանում կրքեր են բորբոքվում, երեկ Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը Երեւանի Հանրապետական մարզադաշտում 4:1 խոշոր հաշվով առավելության հասավ Անդորրայի թիմի նկատմամբ: Գոլերը հեղինակեցին Հովհաննես Հովհաննիսյանը, Տարոն Ոսկանյանը, Արտակ Եդիգարյանը, Կամո Հովհաննիսյանը, հյուրերից միակ գոլի հեղինակը Ադամ Սմիթն էր: Հայաստանի հավաքականը 6 խաղից հետո 11 միավորով երկրորդ տեղում է, առաջատարը Չեխիան է, որը 6 խաղից հետո ունի 16 միավոր: 6 հանդիպում անցկացրած Ուելսն ունի 10, Չեռնոգորիան` 9 միավոր:
ՙԵվրո-2013՚-ի ընտրական փուլում հայ երիտասարդները դեռ պետք է հյուրընկալվեն Մոնտենեգրոյի ու Ուելսի հավաքականներին:
Պատրաստեց Ռ. ԹԱԹՈՅԱՆԸ

