ՙՉԵԽ ՄԻԼԻՈՆԱՏԵՐԸ` ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Արխիվ 12-16ՙՉԵԽ ՄԻԼԻՈՆԱՏԵՐԸ` ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Օրերս ՙԶվարթնոց՚ օդանավակայանի գծային բաժնում գողություն է կատարել Երեւան-Վիեննա չվերթի 52-ամյա ուղեւոր Յան Շիպը, որը Չեխիայի Հանրապետությունում գործող հիդրոտուրբինների արտադրությամբ զբաղվող խոշոր ընկերություններից մեկի գլխավոր տնօրենն է:
Զավեշտալին այն է, որ վերջինս խանութից գողացել է ո°չ ավել, ո°չ պակաս լոգանքի պարագաներ: Չեխիայի անբախտ մեծահարուստը բերման է ենթարկվել, իսկ գողոնն առգրավվել է: Առաջին հայացքից լուրջ թվացող այս գողությունը մտահոգել է շատերին, թե ինչո±ւ ոստիկանությունը անհասկանալի պատճառներով այս դեպքին հրապարակայնություն չի տվել: Իսկ դրա պատասխանը ստացանք ՀՀ ոստիկանության մամուլի փոխխոսնակ ԱՐՄԵՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՑ. ՙԵղածը լուրջ բան չէր, չորս հազար դրամի պատմություն էր, արդեն նրան ճանապարհել ենք Չեխիա՚:
Փաստորեն, Չեխիայում բավական հարգի են հայկական լոգանքի պարագաները, դե ինչ, խոպանչիներ առաջ դեպի Չեխիա: Դե, ականջդ կանչի, հյուրանոցի համարից խալաթ թռցրած ԱԺ նախկին խոսնակ Արմեն Խաչատրյան:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
ԿՐԿՆԱԿԻ ՊԱՏԻԺ
50-ին մոտ Վալերիի համար հունիսի 11-ը դաժան օր էր: Բաբաջանյան փողոցի թիվ 18 շենքում գտնվող ՙՍթար՚ սուպերմարկետում խմիչքների ցուցատախտակի վրայից նա վերցրել էր ՙԿրեմլին՚ մի շիշ կոնյակ, այն տեղավորել էր պոլիէթիլենային տոպրակի մեջ եւ չվճարելով փորձել էր դուրս գալ խանութից: Միամիտ քաղաքացին տեղյակ չէր, որ նրա գործողություններին սուպերմարկետի սրահը հսկող տեսադիտման համակարգի միջոցով ուշադիր հետեւում էր աշխատակիցը: Արդյունքում Վալերիին դռան մոտից ուղեկցել էին խանութի անվտանգության առանձնասենյակ, իսկ կոնյակը… Ավարից զրկված Վալերին քիչ անց փոխանցվել էր ոստիկաններին, կոնյակը` նույնպես, որպես հանցագործության ապացույց:
ԻՆՉ ՈՐՍՈՐԴ, ՈՐ ՓԱՄՓՈՒՇՏ ՉՈՒՆԵՆԱ
Հունիսի 11-ին, աշխատանքային օրվա վերջում, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները այցելել էին Կողբ գյուղի մի բնակչի տուն ստուգելու, թե ինչպես է նա պահում իր օրինական որսորդական զենքը: Պարզվեց, որ լավ է պահում, մի բան էլ ավել… Զենքի պահպանման պահարանի ստուգման ժամանակ հայտնաբերել էին ՙԱԿՄ՚ տիպի ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 20 փամփուշտ:

