ՙՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ՚ ԼՎԱՑՔԻ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Արխիվ 12-16ՙՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ՚ ԼՎԱՑՔԻ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Եվ այսպես, ԱԱԾ-ն հրապարակեց, թե ինչ ծագում ունեցող ու ինչքան փողի լվացման առնչությամբ է հարցաքննվել Վարդան Օսկանյանը:
ՙՀանթսման Բիլդինգ Փրոդաքս՚ ՍՊԸ-ն 2 միլիոն դոլարով վաճառվել է, դա նախատեսված էր ամբողջովին ծախսել բարեգործական նպատակներով, սակայն 1 միլիոն 135 հազար դոլարը փոխանցվել է ՙՍիվիլիթասի՚ ղեկավար Վարդան Օսկանյանի եւ նույն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Տիգրան Կարապետյանի հաշվեհամարներին: Դե, գումարած էլ այնպիսի ՙմանրուքներ՚, ինչպիսին է փողերը անձնական նպատակներով ծախսելը, հարկեր չմուծելը, հաշվետվություններ չներկայացնելը...
ԻՆՉԻՑ ԵՆ ԼԵՂԱՃԱՔ ԵՂԵԼ ՙՆԱՐՆՋԱԳՈՒՅՆՆԵՐԸ՚
Վարդան Օսկանյանը ԱԱԾ-ի այդ հաղորդագրությանն արձագանքեց բավականին նյարդային. ՙԿրկնում եմ` դա միանշանակ քաղաքական պատվեր է եւ ուզում եմ ասել հետեւյալը` ՙփողերի լվացում - Օսկանյան - Հանթսման՚ բառերը մեկ նախադասության մեջ չեն կարող լինել՚: Ահա ՙբանալի՚ բառը` Հանթսման: Դա մորմոնների աղանդի հայտնի պարագլուխներից մեկի ազգանունն է, եւ այդ անձնավորությունը ժամանակին նաեւ այլ ՙնարնջագույն՚ նախագծեր է ֆինանսավորել: Եվ հենց այդ կապակցումն է այդքան ազդել եւ խուճապի մատնել Օսկանյանին, քանի որ բացահայտվում է, որ ՙՍիվիլիթասի՚ գործունեությունը հիմնված է աղանդի կողմից հակաօրինական ճանապարհով հակապետական գործունեությունը ֆինանսավորելու վրա: Իսկ այն, որ Օսկանյանը խոսում է, թե փողերի լվացման մասին խոսք լինել չի կարող, քանզի դրանք գլխանց կեղտոտ չեն եղել, փոխանցվել են բանկի միջոցով` նվիրատուի (այսինքն` աղանդի պարագլխի) ցանկությամբ եւ այլն, կարող են միանգամայն ծիծաղելի համարվել, զի Օսկանյանի հայրենիք ԱՄՆ-ում ապօրինի որեւէ էտապ անցած փողերն արդեն իսկ համարվում են կեղտոտ, իսկ հարկերից խուսափելը` ծանրագույն հանցագործություն, որի համար 15 տարի էլ կարող են տալ:
Հասկանալի է նաեւ, թե ինչու քոչարյանամերձ վերլուծաբաններն ու քարոզչամիջոցները ԱԱԾ-ի կողմից հարուցված քրգործի առնչությամբ անասելի աղմուկ են բարձրացրել:Նույն Հանթսմանը բավականին մտերիմ կապեր ունի Քոչարյանի հետ, եւ կան նաեւ այդ մտերմությունը փաստող ՙպատմական՚ լուսանկարներ: Գումարած դրան` Օսկանյանի չեզոքացումը էապես սահմանափակում է Քոչարյանի` ստվերից խաղալու հնարավորությունները:
Եվ այդ ճամբարում նյարդային վիճակը երեւում է նաեւ այն բանաձեւումներից, որոնք այդտեղ օգտագործվում են: Այսպես, քոչարյանական ճամբարին ակնհայտորեն համակրող քաղաքագետ Երվանդ Բոզոյանը պնդում է. ՙՍա արվել է այն բանի համար, որ ԲՀԿ-ն, ըստ իշխանությունների, չանցնի այն Ռուբիկոնը, որը կարող է վտանգել գործող իշխանությանը՚: Իսկ քաղաքական ուժերի ու գործիչների վերաբերյալ էլ հետաքրքիր ազգանունով սույն քաղաքագետը ոչ պակաս հետաքրքիր չափանիշ առաջարկեց. ՙԻնձ համար լակմուսի թղթի նման պարզ կդառնա, թե ով է ռեալ քաղաքական ուժ եւ ով է պարում իշխանության դուդուկի տակ՚: Այսինքն` եթե միանշանակորեն չես դատապարտում Օսկանյանին դիպչելը, ապա ավտոմատիկաբար պիտակվում ես որպես իշխանության դուդուկի տակ պարող:
Բայց, եթե ընդդիմադիր դաշտի վարքագիծը դիտարկենք հենց բոզոյանական ՙլակմուսի թղթի՚ տեսակետից, ապա կստացվի, որ ամբողջ ընդդիմադիր դաշտն է ՙիշխանության դուդուկի տակ պարող՚: Այսպես, ՙԺառանգությունը՚, ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն` որպես այդպիսիք, պաշտոնապես չեն էլ արտահայտվել, եւ միայն առանձին գործիչներ բավականին անորոշ ձեւով ինչ-որ բան են ասել: Ստյոպիկ Սաֆարյանը չբացառեց, որ դա քաղաքական ենթատեքստ կարող է ունենալ, Լեւոն Զուրաբյանը նշեց, որ ներկա պայմաններում դա կարող է նաեւ քաղաքական հետապնդում լինել, Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, թե չի հավատում, որ Վարդան Օսկանյանը քրեական հանցագործ է... ՙԱյլընտրանքային ուժ՚ ԲՀԿ-ի դաշտում էլ ՙլակմուսի թղթով՚ գրեթե ոչ ոք չի անցնում. ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը նշում է, որ ԲՀԿ-ն մտահոգված է եւ հետեւում է գործընթացին, եւ նույնիսկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի մոտեցումը ամբողջովին չի համապատասխանում այդ ՙլակմուսի թղթի՚ չափանիշներին. ՙՄենք մեծապես մտահոգված ենք այս միջադեպով: ԲՀԿ-ում եւս բազմաթիվ հարցեր կան, թե ինչո±ւ հանկարծ նման միջադեպ է ծագում այն ժամանակ, երբ Վարդան Օսկանյանը ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվելու հայտ է ներկայացնում: ԲՀԿ-ն ամենայն մանրամասնությամբ հետամուտ է լինելու այդ գործի բոլոր դրվագներին, եւ, բնականաբար, առաջիկայում մենք շատ համապարփակ գնահատականով հանդես կգանք: Մենք որեւէ հիմք չունենք կասկածելու մեր գործընկերոջ` Վարդան Օսկանյանի հայտարարությանն առ այն, որ ՙՍիվիլիթաս՚-ը գործել է բացառապես օրենքի սահմաններում եւ, իհարկե, օրենքի հետ որեւէ խնդիր չի ունեցել՚:
Կարճ ասած` դիփ ՙդուդուկի տակ՚ պարող են, մեջները չկա ՙիսկական՚ քաղաքական ուժ կամ գործիչ, որ հայտարարի, որ այդ ամենը սրիկայություն է, մաքրամաքուր Օսկանյանը` քաղաքական հալածյալ է, ու ՀՀԿ-ին պետք է դատապարտել աշխարհիս բոլոր մեղքերը գործած լինելու համար: Դե, ինչ արած, ե°ւ ՀՀՇ-ականները, ե°ւ Րաֆֆու ՙսարեր շուռ տվողները՚, ե°ւ դաշնակները, ե°ւ անգամ ԲՀԿ-ի ներկայացուցիչները, եւ նույնիսկ ՙշուռ տված՚ գրանտածիծները գերադասում են առաջնորդվել քաղաքական եւ խմբակային, որոշ դեպքերում` նաեւ անձնական էգոիզմով, եւ այդ հարցում չդրսեւորել այնպիսի մոտեցումներ, որոնք կցանկանար տեսնել ստվերում տազ արած Ռոբերտ Սեդրակիչը, ով, սակայն, անձամբ չի ուզում երեւալ:
ՙՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ՚ ԻՄԻՏԱՑԻԱ, ԹԵ ԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Չէ, տիկին Քլինթոնի ցուցադրական խրախուսական մոտեցումները առանձնապես չեն օգնել տարատեսակ ՙնարնջագույնների՚` լինեն դրանք քաղաքական գործիչներ, թե գրանտածիծներ: Միայն օսկանյանական ՙՍիվիլիթասը՚ չէ, որ ընկել է ՙդրբի տակ՚, մեղադրյալի կարգավիճակում է հայտնվել եւ Հելսինկյան ասոցիացիայի կողմից ընտրություններին դիտորդության ուղարկված եւ նախընտրական շրջանում ծեծկռտուքի մեջ հայտնված Արման Վեզիրյանը: Հիշեցնենք, որ Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար Միկա Դանիելյանը չկայացած ՙբազմազանության՚ երկնավարդագույն երանգ ունեցող շքերթի ամենաակտիվ եւ ագրեսիվ մասնակիցներից էր: Անձամբ Քլինթոնի բարեհաճությանն արժանանալը չօգնեց նաեւ տխրահռչակ Ծոմակին` վերջինս հարկադրված եղավ փակել իր ՙգոմիկանոցը՚: Ինչ վերաբերում է տարբեր սաքունց-մաքունցներին, ապա սոցիալական ցանցերում ու բլոգներում ադրբեջանական դիվերսիաներից հետո նրանց այնպես են ՙլղճում՚ շարքային հայերը, որ կազմակերպված քարոզչական հակահարվածի կարիք էլ չի զգացվում:
Իսկ հիմա տեսնենք, թե ինչով է ՙշնչում՚ ՀՀՇ-ն, որի առաջնորդ ԼՏՊ-ն համարվում է նախագահական ընտրություններում ՙնարնջագույն՚ միասնական թեկնածուի ամենալուրջ հավակնորդներից մեկը: Ըստ Լեւոն Զուրաբյանի. ՙՄենք նման կարեւորագույն որոշում ընդունելու ենք այն ժամանակ, երբ նախատեսված է: Լեւոն Տեր-Պետրոսյանը եղել է եւ մնում է ՀԱԿ-ի անվիճելի լիդերը: Եթե հարցը դնենք այնպես, թե ով կարող է հաղթել բռնապետությանը, ապա պետք է փնտրել հետեւյալում, ով կարող է իր շուրջ համախմբել քաղաքացիներին, հ/կ-ներին, քաղաքական ուժերին: Եվ այդ հարցում Լեւոն Տեր-Պետրոսյանն այլընտրանք չունի՚: Բայց, երբ լրագրողները հետաքրքրվեցին ՀԱԿ առաջնորդի առողջական վիճակով, Զուրաբյանը արձագանքեց բավականին անսպասելի. ՙՎիճակը հատկապես լավ է այգեգործության ժամանակաշրջանում, որովհետեւ նա հրաշալի այգեգործ է եւ հիմա զբաղված է այդ աշխատանքով, որից մեծ բավականություն է ստանում: Դա շատ լավ է ազդում նրա ֆիզիկական վիճակի վրա: Սակայն հույսեր չփայփայեք, որ նա չի գալու հանրահավաքին: Գալու է եւ ունենալու է լուրջ քաղաքական ելույթ՚: Հետաքրքիր պասաժ էր, զի ոչ ոքի մտքով չէր անցնում, որ ԼՏՊ-ն կարող է հանրահավաքին ելույթ չունենալ ու հանկարծ այդպիսի արձագանք` ՙՀույսեր չփայփայեք՚: Այսինքն` ԼՏՊ-ի պահով, իրոք, գոյություն ունի ավելի լուրջ խնդիր, քան պատկերացնում են հանրությունն ու լրագրողները: Դե, իսկ Զուրաբյանի խոստումը, որ ՀԱԿ-ը ՙխորհրդարանական պայքարը հանրահավաքային պայքարի հետ՚ է զուգորդելու, ինքնին առանձնապես ոչինչ չասող բան է. ինչքան կկարողանան` հանրահավաք կանցկացնեն, չնայած նույնիսկ նախընտրական եւ հետընտրական շրջանում լավ էլ տեսել ենք սրանց հանրահավաքների իրական քաշն ու գինը: Դե, իսկ այն, որ ՀԱԿ-ը դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին, արդեն ոչ ոքի հետաքրքիր չէ: Որքան եւ հետաքրքիր չէ ՀՅԴ-ի եւ ՙԺառանգության՚ քվեարկությունը:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա այս պահին, մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանի փոխանցմամբ, հայտնի է ընդամենը մի բան, որ խմբակցությունն իրականացնելու է միասնական քվեարկություն, սակայն դեռ պարզ չէ` դա կողմ է լինելու, թե` դեմ: Չնայած, անկախ ԲՀԿ-ի քվեարկությունից, կառավարության ծրագիրն ընդունվելու է, ու ԲՀԿ-ի քվեարկությունն ընդամենը ցուցանիշ է լինելու, թե ինչպես է դիրքավորվելու Օսկանյանի վնասազերծումից հետո այդ կուսակցությունը: Եվ արդեն հիմա քիչ չեն կանխատեսումները, որ շատ հնարավոր է ԲՀԿ-ն չկամենա էլ այդ քվեարկությամբ հակադրվել ՀՀԿ-ին: Իսկ այդ հարցի պատասխանին հաշվված օրեր են մնացել:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

