ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՌՅԱԿՆ Է ՖՐԱՆՍԻԱ, ԻՍՊԱՆԻԱ, ԻՏԱԼԻԱ
Արխիվ 12-16![]()
ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՌՅԱԿՆ Է ՖՐԱՆՍԻԱ, ԻՍՊԱՆԻԱ, ԻՏԱԼԻԱ
Այսօր Երեւանում կայանալու է 2013թ. ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական առաջնության Հայաստան-Անդորրա ընտրական խաղը, որում Հայաստանի հավաքականն ունի միայն մեկ նպատակ` հաղթել: Երեկ կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարեց Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ ՌԱՖԱՅԵԼ ՆԱԶԱՐՅԱՆԸ:Գլխավոր մարզիչը նշեց, որ Անդորրայում կայացած խաղը ամենադժգույն խաղերից մեկն էր. ՙՇատ դժվարությամբ տրվեց մեզ հաղթանակը: Վաղը մեզ սպասվում է շատ բարդ հանդիպում՚: Երիտասարդական հավաքականը խաղալու է նույն սխեմայով, որն ընտրել է ազգային հավաքականը:
ՙՄեր հավաքականի ֆուտբոլիստների մեծ մասը խաղում է Հայաստանի առաջնությունում: Լեգեոներներից մի քանիսն իրենց առաջնությունները շուտ են վերջացրել: Դա նշանակում է, որ նրանք գուցե այդքան էլ լավ մարզավիճակում չլինեն: Բայց ընդհանուր առմամբ թիմի մարզավիճակն այժմ կայուն եմ գնահատում: Տեղացի ֆուտբոլիստներն ավելի թարմ վիճակում են՚:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը շատ լավ մեկնարկեց Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարում, սակայն նախորդ երկու հանդիպումների ժամանակ արդյունքները չգոհացրեցին:
Մարզումներն անցել են իրենց հունով: Այս պահի դրությամբ ֆուտբոլիստները ոչ մի խնդիր չունեն, վնասվածքներ չունեն: ՙԱյս պահին դեռեւս որոշված չէ վաղվա խաղում մեր կազմը: Ընդհանուր 25 ֆուտբոլիստ են, բայց պետք է ընտրվի 15-ը՚,- նշեց գլխավոր մարզիչը:
Իսկ հաղթանակին կնպաստի բարձր կենտրոնացվածությունը, տրամադրվածությունը եւ թիմի արագությունը: Ընտրական մրցաշարի 3-րդ խմբում Հայաստանի հավաքականը 5 խաղից հետո 8 միավորով 4-րդ տեղում է, սակայն Անդորրային հաղթելու դեպքում կբարձրանա երկրորդ տեղ:
Մենք եւս մի քանի հարց ուղղեցինք գլխավոր մարզչին:
- Հրավիրված ֆուտբոլիստները ի±նչ մարզավիճակում են:
- Մեծ մասը հանդես է գալիս մեր առաջնությունում, եւ նրանք լավ մարզավիճակում են, միայն Մասիս Ոսկանյանը եւ Գեւորգ Բադալյանն են, որ լեգեոներ են եւ մի փոքր զիջում են տեղացիներին:
- Կա±ն ֆուտբոլիստներ, ովքեր կարող են համալրել հավաքականը:
- Մենք միշտ հետեւում ենք եւ կազմը ընտրում ենք այնպես, որ 12-ից 14 ֆուտբոլիստ իրավունք ունենան հանդես գալ նաեւ մյուս փուլում:
- Մինչեւ 19 տարեկանների հավաքականից խաղացողների ընդգրկե±լ եք:
- Չորս-հինգ հոգի այս պահին կան:
- Իսկ, օրինակ, պաշտպան Թաթոյանը կընդգրկվի± հավաքականում:
- Այս հավաքին չկա, բայց ապագայում` հնարավոր է:
- Իսկ ընկերական հանդիպումներ չե±ն պլանավորվում:
- Կցանկանայինք մինչեւ Ուելսի հետ հաջորդ խաղը մեկ ընկերական հանդիպում անցկացնել:
Ինչպես ֆուտբոլասերը տեղյակ է, հունիսի 8-ին Ուկրաինայում եւ Լեհաստանում մեկնարկեց 2012 թվականի Եվրոպայի առաջնությունը: Երեւի առայժմ ամենամեծ անակնկալը կարելի է համարել առաջնության ֆավորիտներից Հոլանդիայի հավաքականի պարտությունը Դանիայի հավաքականից` 0:1: Եվ մենք Ռ. Նազարյանին դրա վերաբերյալ նույնպես հարցեր ուղղեցինք:
- 2014 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի Հայաստանի մրցակիցներ Իտալիայի եւ Չեխիայի հավաքականների խաղից ի±նչ տպավորություն ստացաք: Իհարկե, Իտալիան ամեն դեպքում շատ ավելի հզոր է:
- Մի խաղով դժվար է կարծիք կազմել, բայց Դուք ճիշտ եք նկատել, որ Իտալիան շատ ավելի հզոր թիմ է: Չեմ ցանկանում դեռեւս գնահատական տալ չեխերի խաղին, իսկ Իտալիան երեկ ինձ շատ դուր եկավ, բայց ամենակազմակերպվածը Դանիան էր: Ընդհանուր առմամբ, դեռեւս ամենահաջողվածը Իտալիա-Իսպանիա խաղն էր:
- Իսկ որ թիմերին եք ֆավորիտ համարում: Ո±րն է, ըստ Ձեզ, լավագույն եռյակը:
- Ֆրանսիա, Իսպանիա, Իտալիա:
Այսօր կկայանան A խմբի Հունաստան-Չեխիա եւ Լեհաստան-Ռուսաստան, իսկ վաղը` B խմբի Դանիա-Պորտուգալիա եւ Հոլանդիա-Գերմանիա, հունիսի 14-ին C խմբում կկայանան Իտալիա-Խորվաթիա եւ Իսպանիա-Իռլանդիա, հունիսի 15-ին D խմբում` Ուկրաինա-Ֆրանսիա եւ Շվեդիա-Անգլիա հանդիպումները, հիշեցնենք, որ առաջին հանդիպումները կայանալու են ժամը 20-ին, երկրորդ հանդիպումները` 22:45-ին: Իսկ ահա երրորդ տուրի բոլոր հանդիպումները կայանալու են 22:45-ին:
Պատրաստեց Ռ. ԹԱԹՈՅԱՆԸ

