ԱՄՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՆՊԱՏԱԿԸ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ
Արխիվ 12-16![]()
ԱՄՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՆՊԱՏԱԿԸ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ
Հունիսի 7-ին` ժամը 21:45-ի սահմաններում, Հայաստանի երկնքում երեւացած ՙթռչող ափսեն՚ տեսել են մի շարք այլ երկրներում եւս` սկսած Ռուսաստանի հարավային շրջաններից, վերջացրած Իսրայելով ու Թուրքիայով: Ամենաուշագրավը շատ չանցած ի հայտ եկած այն տեղեկատվությունն էր, որ նույն օրը ուղիղ ժամը 21:39-ին ՌԴ Աստրախանի տարածաշրջանում գտնվող ռազմակայաններից մեկից արձակվել է ՙՏոպոլ-M՚ միջմայրցամաքային հրթիռ:ՙՏՈՊՈԼ-M՚-Ը ԻՆՉ ՊԱԿԱՍ ՙԹՌՉՈՂ ԱՓՍԵ՚ Է
Օրինակ` Իսրայելում երկնքում փայլատակող այդ լույսը, ըստ իսրայելյան որոշ աղբյուրների, նույնիսկ խուճապնման իրավիճակ առաջացրեց: Ահա թե ինչ էֆեկտ է առաջացնում ՙՏոպոլ-M՚-ը, եթե նույնիսկ այն արձակված է ուսումնական ծրագրերի շրջանակներում, ինչպես որ հավաստիացնում են ռուսական ռազմական աղբյուրները: Բայց եթե անգամ ընդունենք քիչ հավանական թվացողը, այսինքն` թե ռուսներն ամենեւին էլ նպատակ չեն ունեցել ինչ-որ մեկին այս հրթիռով ինչ-որ բան ցույց տալ, մեկ է, այն իրավիճակը, որն առաջացավ Իսրայելում, Թուրքիայում եւ որն առավել սրվեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ խոսքը ոչ թե ՉԹՕ-ի, այլ ՙՏոպոլ-M՚-ի մասին է, մեկ է, իր գործը, կարծում ենք, որ կատարեց: Ամեն դեպքում Մերձավոր Արեւելքում, Թուրքիայում մարդիկ զանգվածաբար տեսան ու հասկացան, որ ծայրահեղ իրավիճակներում չափազանց խոցելի են: Դա արդեն կարող է բավականին զսպել այն ռազմական կրքերը, որոնք գնալով թեժանում են Մերձավոր Արեւելքում:
Իսկ որ տարածաշրջանում մի կողմից կրքերը շարունակվում են թեժանալ եւ մյուս կողմից էլ Ռուսաստանը հերթական անգամ պաշտոնապես հայտարարեց, թե չի էլ մտածում Սիրիային ու Իրանին հանձնել Արեւմուտքի հոշոտմանը, փաստ է: Զորօրինակ` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ով վաղը մեկնում է Իրան, օրերսիր մի հայտարարությամբ հերթական անգամ զգուշացրեց, թե Սիրիան կանգնած է քաղաքացիական պատերազմի շեմին, որը հրահրվում է արտաքին ուժերի կողմից. ՙՏվյալները շատ են, որ Սիրիայի ընդդիմությանը զենք եւ մարտունակությանը նպաստող այլ միջոցներ է մատակարարվում՚: Իհարկե, տվյալ դեպքում ՙարտաքին ուժերի՚ տակ նախ հասկացվում է Վաշինգտոնը, եւ, թերեւս, հենց ԱՄՆ-ի հասցեին ուղղված զգուշացում պետք է համարել Լավրովի այն միտքը, թե այս ամենը հղի է ՙիրավիճակի ապակայունացման վտանգով ոչ միայն տարածաշրջանում, այլեւ ողջ աշխարհում՚: Այսինքն` որ եթե հանկարծ Սիրիայում իրավիճակը պայթի, դա հարվածելու է ՙողջ աշխարհին՚: Իսկ ՉԹՕ-ի նմանեցված ՙՏոպոլ-M՚-ն էլ իր հերթին է բավականին պերճախոս...
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ
Ամեն դեպքում այս օրերին մտահոգիչ զարգացումներ են նկատվում են Սիրիա-Իրան հատված: Այն բանից հետո, երբ բավականին կասկածելի ծագման կոտորածներ կազմակերպվեցին Հուլա բնակավայրում ու արեւմտյան տարբեր աղբյուրներ փորձեցին դրա ողջ պատասխանատվությունը բարդել Ասադի վարչակազմի վրա, նկատելի դարձավ, որ նման պրովոկացիոն փորձերը դեռ շարունակվելու են: Եվ ավելին, սիրիական լրատվական աղբյուրները ներկայացրեցին դեպի Թուրքիա կատարված հեռախոսազանգի գաղտնալսում, ըստ որի` Հուլա եւ այլ բնակավայրերում խաղաղ բնակչության կոտորածների կազմակերպիչների հետքերը տանում են դեպի Թուրքիա: Այդ ձայնագրությունում նույնիսկ նման խոսք է հնչում. ՙԹֆիլ բնակավայրից գերվածներին մորթեք եւ համացանցում տեղադրեք նրանց նկարները: Թող մեր տղաները տեղեկատվական հաղորդում կազմակերպեն, որից պարզ դառնա, որ այդ հանցագործությունը կատարել են պետության աջակիցները: Սպանվածներին մի շարքով դրեք, հանեք նրանց շորերը եւ գոռացեք, որ մորթ է տեղի ունեցել...՚:
Հասկանալի էիմաստը. կազմակերպել զանգվածային սպանություններ, պատասխանատվությունը բարդել Բաշար Ասադի աջակիցների վրա, դրա հիման վրա աշխարհով մեկ աղմուկ-աղաղակ բարձրացնել ու այդ ֆոնին առաջ տանել Սիրիային ռազմական հարված հասցնելու գաղափարը: Չնայած, որ հատկապես Ռուսաստանի ու Չինաստանի բավականին կոշտ միջամտության արդյունքում այս ծրագրերը գնալով ձախողվում են, տեսանելի է: Սակայն միայն այս ձախողումը չէ, որ ներկայումս մտահոգում է Անկարային:
ՃՆՇՈՒՄՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎՐԱ
Նկատենք, որ հենց Սիրիայի շուրջ այս բոլոր իրադարձություններին զուգահեռ` մոտավորապես նույն տիպի պրովոկացիոն գործողություններ էլ ծավալվեցին հայ-ադրբեջանական սահմանին: Ընդ որում, մի շարք անուղղակի փաստեր խոսում են այն մասին, որ այս դեպքում էլ կարծես թե հետքերը տանում են դեպի Թուրքիա, այլ փաստեր էլ մատնանշում են դեպի Իսրայել: Սակայն այդ բախումների հետ կապված մեկ էական հանգամանք, որ այս միջադեպերը կապված են Հիլարի Քլինթոնի տարածաշրջան կատարած այցի հետ, ընդունում են անգամ ադրբեջանական վերլուծաբանները: Օրինակ` Ադրբեջանի երկրի քաղաքական նորարարությունների ու տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մուբարիզ Ահմեդօղլուն այն միտքն է առաջ տանում, թե պետքարտուղար Հիլարի Քլինթոնի վերջին հայաստանյան այցի հիմնական նպատակն էր Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորը դեպի Արեւմուտք տեղափոխելու ցանկությունը. ՙՄիացյալ Նահանգներն այժմ տարածաշրջանում հենվում է Հայաստանի վրա... ՚: Այսինքն` ըստ Ահմեդօղլու` տարածաշրջանում ԱՄՆ-ը ձգտում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, եւ այդ կերպ Իրանի վրա ճնշումը ամբողջական լծակներ ստանալ: Իսկ միջոցը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն է:
Ասել, թե Ահմեդօղլին ինչ-որ նորություն է ներկայացնում, սխալ կլիներ: Բայց երբ այս պարզ ճշմարտությունները ներկայացվում են արդեն Բաքվում, տպավորությունը մի փոքր այլ կերպ է հնչում: Իսկ սա սահմանային դիվերսիաների հետ կապվում է այնքանով, որ այս պահին գնալով աճում է ԱՄՆ-ի ճնշումը Թուրքիայի վրա` հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված Անկարայի հայտնի դիրքորոշումը փոխելու հարցում: Այս ճնշումներից դուրս գալու տարբերակներից մեկն էլ սահմանային հիշատակված միջադեպերն էին, որոնց հետ կապված տիկին Քլինթոնի` Թուրքիա կատարած այցելության ժամանակ ներկայացվեց պատճառաբանում, թե տեսեք` ինչ վիճակ է տիրում հայ-թուրքական սահմանին, այսինքն` նախ պետք է մտածել այդ խնդրի կարգավորման մասին, որից հետո նոր միայն` հայ-թուրքական հարաբերությունների. այն, ինչ ասում են թուրքերն արձանագրությունների ստորագրման պահից ի վեր: Պարզ է, որ այս արդարացումներն ամենեւին էլ չեն նպաստում ո°չ հայ-թուրքական հաշտեցման ամերիկյան ծրագրերին, ո°չ էլ այդ կերպ Իրանը Ռուսաստանից կտրելու ու պատերազմի հարցում կանաչ լույս վառելու Իսրայելյան ձգտումներին: Նկատենք, որ այս տրամաբանությունն ավելի շատ հուշում է, որ ադրբեջանական դիվերսիաների թիկունքում ոչ թե իսրայելյան, այլ հենց թուրքական հետք պետք է փնտրել: Բայց ամեն դեպքում թուրքական այդ արդարացումներից հետո որոշեց խնդրին միջամտել Իսրայելը, որն այսօր խորհրդարանում քննության է առնելու Հայոց ցեղասպանության հարցը: Մյուս կողմից էլ կիրակի օրը Սիրիայի հիմնական ընդդիմադիր կառույցի` Ազգային խորհուրդի նոր առաջնորդ ընտրվեց Աբդուլբասթ Սեյդան: Հաշվի առնելով նրա քրդական ծագումը` դժվար չէ կռահել, որ սա էլ իր հերթին է Թուրքիային ուղղված ճնշման բավականին լուրջ քայլ:
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՇԱՆՏԱԺԸ ՙԱՇԽԱՏԵԼ՚ Է
Թե այս ամենը հայ-թուրքական հարաբերությունների հարցում ի±նչ ազդեցություն կունենա Անկարայի դիրքորոշման վրա, ժամանակը ցույց կտա: Բայց նկատենք, որ այս ուղղությամբ ամերիկյան դիվանագիտական մեքենան վերջին ժամանակներս բավականին մեծ թափ է վերցրել: Հիշեցնենք միայն, որ ՙգնդակը Թուրքիայի կիսադաշտում է՚ քլինթոնյան վերջին հայտարարության ֆոնին բավականին ակտիվացել է ԱՄՆ հայաստանյան դեսպանատունը եւս: Կարելի է օրինակ բերել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի կողմից թուրքական ՙԶամանին՚ տված հարցազրույցի այն ակնարկը, թե 2015թ.-ին 1915թ.-ի իրադարձությունների հարյուրամյակը Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու հնարավորություն կդառնա, եւ դա կարեւոր տարի կլինի երկու երկրների համար. ՙԱռաջին կարեւոր եւ հիմնական քայլը արձանագրությունների վավերացումն ու կիրառումն է: ԱՄՆ-ում հուսով են, որ կողմերը կվավերացնեն եւ կկիրառեն արդեն ստորագրված արձանագրությունները... ԱՄՆ առաջնային նպատակը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաշտեցման հասնելն է՚:
Եվ դրանից զատ դեսպանը հասկացնել է տվել, որ այդ արձանագրությունների հետ կապված թուրքական հայտնի նախապայմանները կարող են նաեւ ԱՄՆ-ի կողմից կարեւորվել. ՙԼեռնային Ղարաբաղը իսկապես կարեւոր հարց է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Վերջին բախումները հայ-ադրբեջանական սահմանին ցույց են տալիս, որ ղարաբաղյան հակամարտությունը շատ կարեւոր հարց է եւ որ ստատուս քվոն ընդունելի չէ կողմերի համար՚: Եվ դրանից տպավորությունն այն է, որ տիկին Քլինթոնի` Թուրքիայում ներկայացված վերը նշված պատճառաբանությունները` թե տեսեք, հայ-ադրբեջանական սահմաններին կրակում են, սկսել է աշխատել: Իսկ այս իրավիճակում, թերեւս, տրամաբանական էր, որ արդեն ԼՂՀ-ի ԱԺ-ից հնչեց հայտարարություն-կոչ, թե հակառակորդի դիվերսիոն գործողությունները ՙհետապնդում են բանակցային գործընթացը ձախողելու եւ տարածաշրջանային անկայունություն հրահրելու նպատակ՚: Հետեւաբար էլ. ՙՄիջազգային հանրությունը պետք է անհապաղ դիմի կանխարգելիչ քայլերի` զսպելու Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը` ճանաչելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը՚:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

