ՙԺԱՄԱՆԱԿՆ, Է ՈՐ ՀԱՊԿ-Ն ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԵՍ ԳԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ
Արխիվ 12-16![]()
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՆԴԵՍ ԳԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ
ՙՍԻՄ-ը վրդովված է ԱՄՆ-ի պահվածքից: ԱՄՆ-ը պետքարտուղարը դրամաշնորհներ է անում այն մարդկանց, ովքեր հայ հասարակության մեջ չեն ընկալվում, եւ իրենց պահվածքով հասարակության հանդեպ վիրավորական դրսեւորումներ են ունենում: Քաջալերվում են այդ մարդկանց գործողությունները` փորձելով դա ներկայացնել որպես Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանություն՚,- ՙՓաստարկ՚ ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ:
Նա կոչ արեց ԱՄՆ-ին եւ Բրիտանիային չխառնվել Հայաստանի ներքին գործերին եւ չխախտել հասարակության ազատ ապրելու իրավունքը. ՙԻնչ վերաբերում է փոքրամասնությունների իրավունքներին` սեռական, կրոնական, ապա ոչ ոք չի պատրաստվում Հայաստանում ոտնահարել նրանց իրավունքները: Պարզապես նրանք են դրսեւորում ագրեսիվ պահվածք, իսկ ագրեսիվ փոքրամասնությունների գործողությունները պետք է կասեցվեն: ԱՄՆ-ից խնդրում ենք եւ պահանջում, որ իրենց անբարոյականությունը, որը քայքայում է իրենց ներսից, չբերեն, եւ չփորձեն ոչնչացնել մեր ազգային ինքնությունը՚:
Ըստ Բաբուխանյանի` քանի դեռ ԱՄՆ-ը եւ Արեւմուտքը քաջալերում են Թուրքիային` չճանաչելով Ցեղասպանությունը, քաջալերում են Ադրբեջանին` չճնաչելով ԼՂ անկախությունը, Ադրբեջանում հայերի ցեղասպանությունը 88-90 թթ., Ադրբեջանը եւ Թուրքիան շարունակելու են ագրեսիվ գործողությունները. ՙԴա կլինի շրջափակումը, որը նույնպես հավասարեցված է պատերազմական գործողությունների: Նրանք կշարունակեն դիվերսիոն խմբերի պատերազմը, ինֆորմացիոն պատերազմը, ռասիստական հիսթերիան եւ այլն՚: Պատգամավորի խոսքերով` պատերազմ չի լինի, քանի որ Ադրբեջանը լավ գիտակցում է, որ Հայաստանն ունի հնարավորություն դիմակայելու այդ դիվերսիոն հարձակումներին, եւ Ադրբեջանը տալու է տասնապատիկ ավելի զոհեր. ՙՀայաստանը իրավունք եւ հնարավորություն ունի ճեղքելու շրջափակումը Նախիջեւանի ուղղությամբ: Ադրբեջանը հասկանում է, որ պատերազմի միջոցով ոչնչի չի հասնի: Դա պարզապես Թուրքիայի կողմից կազմակերպված պրովոկացիաներ են, որոնց նպատակն է ԱՄՆ-ին ցույց տալ, որ Թուրքիան է փորձում գլխավոր դերակատարում ունենալ Անդրկովկասում՚:
Բայց հայ-ադրբեջանական հնարավոր պատերազմի դեպքում, պատգամավորը վստահ է, որ Հայաստանը միայն շահելու է. ՙՄենք կազատագրենք Նախիջեւանը, եւ դա թույլ կտա մեզ բացել երկաթգիծ դեպի Իրան ու զերծ կմնանք հսկայական ծախսերից, որը պետք է անենք, որ կառուցենք Հայաստան-Իրան երկաթգիծը` այն բարդագույն ռելիեֆով, որը կա Սյունիքում: Այն դեպքում, երբ գիծը կա, եւ այդ գիծն անցնում է Հայաստանից բռնազավթված Նախիջեւանի տարածքով՚:
Պատգամավորի համոզմամբ ՙԵրեւի ժամանակն է որ ՀԱՊԿ-ն ու Հայաստանում Ռուսաստանի ռազմակայանի ղեկավարությունը հանդես գան համապատասխան հայտարարությամբ, որովհետեւ ՀԱՊԿ-ի անդամ երկիր Հայաստանի սահմանները ենթարկվում են հարձակումների, ունենք զոհեր, եւ ՀԱՊԿ-ն ունի այստեղ դերակատարություն, նաեւ Ռուսատանի ռազմակայանը, որը վերջին պայմանագրով պարտավոր է ապահովել Հայաստանի անվտանգությունը` ցանկացած երկրի հարձակողական գոծողությունների ժամանակ՚:
Հայկ Բաբուխանյանին վրդովեցնում է նաեւ այն, որ որոշ գործիչներ` Լեւոն Զուրաբյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը, օգտագործում են վերջին ողբերգական դեպքերը իրենց ներքաղաքական խնդիրները լուծելու համար: ՙՉէի ցանկանա, որ ընդդիմությունն իրեն պահեր որպես օտար ուժերի գործակալ եւ որպես օտար պետության մասնիկ՚,- հավելեց նա:
Հարցազրույցն ամբողջությամբ` ՙՀետաքննության՚ վաղվա համարում:

