ԵՌՅԱԿԸ ԸՆԴԳԾՎԱԾ Է` ԻՍՊԱՆԻԱ, ԳԵՐՄԱՆԻԱ, ՀՈԼԱՆԴԻԱ
Արխիվ 12-16![]()
ԵՌՅԱԿԸ ԸՆԴԳԾՎԱԾ Է` ԻՍՊԱՆԻԱ, ԳԵՐՄԱՆԻԱ, ՀՈԼԱՆԴԻԱ
Եվ այսպես, այսօր Լեհաստանում եւ Ուկրաինայում մեկնարկում է ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության եզրափակիչ փուլը:Հունիսի 8-ին կկայանան Լեհաստան-Հունաստան եւ Ռուսաստան-Չեխիա հանդիպումները (հիշեցնենք, որ առաջին հանդիպումները կայանալու են ժամը 20-ին, երկրորդ հանդիպումները` ժամը 22:45-ին): Հունիսի 9-ին կհանդիպեն Հոլանդիա-Դանիա, Գերմանիա-Պորտուգալիա զույգերը: Հունիսի 10-ին կկայանան Իսպանիա-Իտալիա, Իռլանդիա-Խորվաթիա խաղերը: Հունիսի 11-ին կմրցեն Ֆրանսիա-Անգլիա եւ Ուկրաինա-Շվեդիա զույգերը:
Ուշադիր կհետեւենք Եվրոպայի առաջնության ընթացքին, կներկայացնենք մասնագետների կարծիքներ, իսկ այսօրվա մեր զրուցակիցը ՙՖուտբոլ 365՚ թերթի գլխավոր խմբագիր ԳԵՎՈՐԳ ԲՈՒՌՆՈՒՉՅԱՆՆ Է:
-Չեմպիոնների լիգայում, կարելի է ասել, հաղթեց պաշտպանական` ՙՉելսիի՚ խաղաոճը: Ըստ Ձեզ` նույնը կարո±ղ է տեղի ունենալ Եվրոպայի առաջնությունում:
- Չեմ կարծում. ամեն դեպքում սա 16 թիմի մրցաշար է, կարճաժամկետ է: Կարող է պաշտպանական ֆուտբոլը հաղթել, բայց նորմալ գրոհային ֆուտբոլի կողմնակիցներն էլ բավականին առաջ կգնան: Ու դժվար է կանխատեսել, թե վերջում ինչ կլինի:
- Ո±ր թիմերին կարելի է ֆավորիտ համարել:
- Վերջին չորս տարվա զարգացումները ցույց են տալիս, որ եռյակը մի տեսակ ընդգծված է` Իսպանիա, Գերմանիա, Հոլանդիա: Այդ պայքարին կարող է միանալ Ֆրանսիան, եւ Պորտուգալիան էլ վատ հավաքական չունի, բայց, այսպես ասած, մահվան խմբում է ընդգրկված: Եթե այլ խմբում լիներ, կարելի էր իրեն էլ դասել ֆավորիտների թվին:
- Հայաստանի հավաքականի վերջին ընկերական հանդիպումները ի±նչ ցույց տվեցին:
- Առաջին անգամ կարելի է ասել, որ արդեն Հայաստանի հավաքականը կարողանում է մրցակցին հաղթել կարգով: Ղազախստանի հետ խաղում հանգիստ 3 գոլ խփեցինք, որից հետո մարզիչն անցավ փորձարկումների: Իսկ հույների հետ խաղում պրոբլեմներ ունեցանք առաջին խաղակեսում, բայց չմոռանանք` գործ ունեինք ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 14-րդ տեղում ընթացող թիմի հետ, որը վերջին 25 խաղում կրել է ընդամենը 1 պարտություն:
- Հունիսի 6-ին հրապարակված ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է 4 աստիճանով: Մայիսի 31-ին հայ ֆուտբոլիստներն ընկերական խաղում 0:1 հաշվով զիջեցին Հունաստանին (ՖԻՖԱ-ի աղյուսակում 15-րդ տեղում է), իսկ հունիսի 5-ին 3:0 հաշվով պարտության մատնեցին Ղազախստանին (ՖԻՖԱ-ի աղյուսակում 141-րդ տեղում է):
- Դա ընդհանրապես մի քիչ բարդ հաշվարկի մեխանիզմ ունի, բայց, ի տարբերություն նախորդ տարիների, երբ հաշվարկվում էր նախորդ երկար տարիների արդյունքների հիման վրա, 2008 թվականից արդեն հաշվարկվում է նոր մեխանիզմով. հաշվի են առնվում վերջին երկու տարվա արդյունքները, եւ մենք բավականին հաջող արդյունքներ ունենք: Եթե հաղթեինք հույներին, կհայտնվեինք երրորդ տասնյակում, պարտվեցինք եւ իջանք 51-րդ հորիզոնական: Հաջորդ հաշվարկի ժամանակ մեր 579 միավորը կդառնա 560, եւ 3-4 տեղով կիջնենք: Ղազախստանին հաղթելուց հետո մենք -19 միավոր ունեցանք, իսկ պարտվելու դեպքում 6-րդ տասնյակից էլ դուրս կմնայինք: Ընտրական մրցաշարերի ժամանակ ցույց տված արդյունքները չորս անգամ գերազանցում են ընկերական խաղերին ցույց տված արդյունքներին: Դրան ընդհանրապես ուշադրություն դարձնել պետք չէ. ընդամենը երկու տարին մեկ անգամ այդ գործակիցները հաշվի են առնվում աշխարհի եւ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարերից առաջ կազմվող զամբյուղները կազմելիս: Եվ շատ լավ է, որ մեր հավաքականի գլխավոր մարզիչն էլ այդ գործակիցներին մեծ ուշադրություն չի դարձնում: Մինչդեռ մեզ մոտ, չգիտես ինչու, ժամանակին դա ցավագին էր ընդունվում:
Պատրաստեց Ռ. ԹԱԹՈՅԱՆԸ

