ՆԵՐՔԻՆ ԽԱՂԵՐ` ԴԻՎԵՐՍԻԱՆԵՐԻ ՖՈՆԻ ՎՐԱ
Արխիվ 12-16![]()
ՆԵՐՔԻՆ ԽԱՂԵՐ` ԴԻՎԵՐՍԻԱՆԵՐԻ ՖՈՆԻ ՎՐԱ
Հետաքրքրական է, որ անգամ ադրբեջանական դիվերսիաները խոչընդոտ չեղան, որպեսզի գրանտակերները տարատեսակ հայ-թուրքական կամուրջներ իրականացնեն, լրագրողական մրցանակներ շնորհեն եւ այլն:
Եվ ահա հնչեց Դավութօղլուի լպիրշ հայտարարությունը, թե` ՙԵրբ Հայաստանը դուրս կգա օկուպացված տարածքներից, նրա հետ եւս հնարավոր կլինի հարաբերություններ հաստատել՚: ԹՈՒՐՔԸ ՄՆՈՒՄ Է ԹՈՒՐՔ, ԲԱՅՑ ՈՄԱՆՔ ԴԱ ԱՆՏԵՍՈՒՄ ԵՆ
Բնականաբար, քաղաքական ուժերը Հայաստանում արձագանքել են ինչպես Ադրբեջանի դիվերսիաների, այնպես էլ Թուրքիայի լկտի կեցվածքին: Ի պատասխան Դավութօղլուի լկտիությանը` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց. ՙԹուրքիան համառորեն շարունակում է արհամարհել իր իսկ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները եւ խեղաթյուրել իրականությունը: Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ այսօր Թուրքիա եւ եվրաինտեգրում հասկացությունները հոմանիշներ լինել չեն կարող: Ի գիտություն, թե Հայաստանից արեւմուտք եւ թե Արցախից արեւելք ընկած երկրների ղեկավարների` եւս մեկ անգամ փաստեմ, որ, այո, կան օկուպացված տարածքներ, եւ այդ օկուպացված տարածքներից պետք է դուրս գան հենց թուրքերն ու ադրբեջանցիները: Թարմացնելով Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի հիշողությունը` տեղեկացնեմ, որ իր երկիրն օկուպացրել է Եվրամիության նախագահությունը ստանձնող Կիպրոսի Հանրապետության հյուսիսային մասը` իսկ Ադրբեջանը Արցախի հանրապետության տարածք հանդիսացող Շահումյանը, Գետաշենը, Մարտունաշենը…
Անընդունելի եմ համարում Թուրքիայի` վերջնագրերով խոսելու գործելաոճը եւ եւս մեկ անգամ վերահաստատում, որ մենք վճռական ենք մեր համազգային նպատակներին հասնելու ուղղությամբ՚:
Իսկ դիվերսիաներին ՀՀԿ-ն արձագանքեց բարձրագույն մակարդակով` ՀՀ նախագահի այն զգուշացումով, որ ադրբեջանական սադրանքները պատժվելու են մեր զինված ուժերի կողմից: Եղան նաեւ ազգային պահպանողական դաշտում տեղավորվող այլ արձագանքներ:Այսպես, ՙՀայոց արծիվներ՚ կազմակերպության ղեկավար Խաչիկ Ասրյանը հայտարարել է, որ դիմում է ՀՀ նախագահին` թույլտվություն ստանալու, որպեսզի իր կազմակերպության շուրջ երկու հազար անդամներ մասնակցեն մարտական գործողություններին: Նա նաեւ նշել է, որ եթե բանը հասնի պատերազմի, ապա այս անգամ հայրենասիրական վերելքի ալիքը լինելու է նույնիսկ ավելի հուժկու, քան 1988-ին:
Ի դեպ, ուշագրավ է եւ երիտասարդական արձագանքը: ՙՀայազն՚ երիտասարդական միությունը բողոքի երթ կազմակերպեց եւ նամակներ հանձնեց ԱԳՆ եւ ՀՀ նախագահի նստավայր` պահանջելով դադարեցնել բոլոր տեսակի բանակցություններն Ադրբեջանի հետ, Արցախը հռչակել Հայաստանի մարզ եւ մեր կորուստների դիմաց պատասխան գործողություններով հակառակորդից խլել առնվազն տասնապատիկ կորուստներ: Ի դեպ, ինչ վերաբերում է այդ վերջին կետին, արդեն շրջանառվում է ադրբեջանական կողմի տված 25 զոհերի մասին տեղեկատվությունը, իսկ քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանի տվյալներով` հակառակորդն ունեցել է 47-ից ոչ պակաս զոհ:
Հասարակական հարթության նախաձեռնությունների թվում է եւ ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի հայտարարությունը, զինվորականների միջավայրում կան եւ անձնական նախաձեռնություններ: Այսպես, պահեստի կապիտան Արթուր Եղիազարյանը պաշտոնապես դիմել է ՊՆ-ին, որպեսզի լարվածության շրջանում մարտական դիրքերում զորակոչիկները փոխարինվեն փորձառու պահեստազորայիններով, եւ պատրաստակամություն հայտնեց առաջինը գնալ մարտական դիրքեր, ու ՊՆ-ից ստացվեց պատասխան, որ երկրի պաշտպանությունն ապահովելու համար առայժմ կամավորների անհրաժեշտություն չի զգացվում:
Ընդհանրապես, ռազմական լարվածությունը սահմանում բոլորին մեկ անգամ եւս հիշեցրեց թուրքի իրական էությունը, ինչը հանգեցրեց նրան, որ կոսմոպոլիտիզմի, ՙխաղաղարարության՚ ու այլ տեսակի անընդունելի գաղափարների քարոզիչները հիմնականում մտել են ծակուծուկերը: Ծակուծուկերն են մտել նաեւ բանակը փնովողների մեծ մասը, քանզի ռազմական գերատեսչության հստակ աշխատանքը տեսանելի եղավ բոլորին, եւ անգամ սոցիալական ցանցերում մեծավմասամբ հենց այլ օգտատերերը սկսել են հաջողությամբ լռեցնել տարատեսակ թափթփուկներին:
Բայց ՙնարնջագույն՚ շրջանակները բավականին կասկածելի ելույթներով դեռ հանդես գալիս են: Մասնավորապես` Լեւոն Զուրաբյանը բարբաջում է Ադրբեջանի ՙաճող գերազանցության՚ մասին, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը տարածեց մի այնպիսի հայտարարություն, որը արժանի է, Ռոբերտ Քոչարյանի ասած, ՙուրիշ մասնագետի՚: Ահա որոշ ՙմտքի գոհարներ՚ ՙԺառանգության՚ առաջնորդից. ՙՀակառակորդը պատասխան պե°տք է ստանա` ոչ թե իր խեղճուկրակ գյուղացի զինվորների մատաղով, այլ իր ողջ իշխանակարգով: Նա պիտի° հարգի մեր ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը` Հայաստանով ու Արցախով: Իսկ դրա համար` մեր պետությունն ու իր իշխանությունը պիտի դառնան իրավակարգ, բարեխիղճ, պարկեշտ, մարդու ազատությունն ու ընտրությունը հարգող, իսկ ամենակարեւորը` հաշվետու յուրաքանչյուր քաղաքացի-զինվորի կյանքի համար՚: Դե, ավելի մեծ տխմարություն երեւի հնարավոր չէր մոգոնել, քան ադրբեջանական սադրանքները եւ դիվերսիաները պայմանավորելը ընտրություններով, ու փաստացի Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ է անում հակառակորդին պատասխան տալ` առանց հասարակ ասկյարների ոչնչացման: Դե, իսկ վերջում էլ հնչում է մարազմատիկ ուղերձ. ՙՙԺառանգություն՚ կուսակցությունը մեր ողջ ազգ-երկրին բախտորոշ համախմբման կոչ է անում` պատրաստելու համար նախահարձակ թշնամուն եւ անիրավ ժամիշխանին վերջնական ի°ր պատասխանը: Ուրիշ ոչ մեկը եւ` այլեւս երբեք՚:
Բայց բացի կլինիկական դեպքերից, առկա են եւ ավելի զգուշավոր արտահայտություններ: Այսպես, Վարդան Սիվիլիթասովիչը սկսել է խոսել ՙհամարժեք պատասխանի՚ անհրաժեշտության մասին, բայց այնպիսի ենթատեքստով, կարծես մեր զինված ուժերի պատասխանը չափազանցված համարի: Բայց, ի տարբերություն ԲՀԿ-ի օսկանյանական թեւի, ԲՀԿ-ի հիմնական մասը այլ ուղղությամբ են գնում, ու մասնավորապես Գագիկ Ծառուկյանը հանձնարարել է պատգամավորներին` մեկնել հարձակումների թիրախ դարձած գյուղերը եւ ուսումնասիրել բնակիչների վիճակը:
Անշուշտ, թուրքի թեման դեռ շատ է շրջանառվելու Հայաստանի ներքաղաքական կյանքում, ու ոչ քիչ թվով քաղաքական ուժեր դա դարձնելու են նախագահական ընտրություններին ընդառաջ քարոզչության բաղկացուցիչ մաս:
ԱՅԼ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Անշուշտ, խոսակցությունները, ենթադրությունները, ասեկոսեները կառավարության ապագա կազմի մասին դեռեւս բավականին տարածված են, զի որպես նախարար առայժմ հաստատվել են միայն Սեյրան Օհանյանը (ով, ի դեպ, անձամբ է մեկնել դիվերսիաների թիրախ դարձած շրջանները), Էդուարդ Նալբանդյանը եւ Արմեն Երիցյանը:
Իսկ ինչ վերաբերում է մյուսներին, ապա, զորօրինակ, բավականին տարակուսելի են արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանի գործողությունները: Եհովականները դիմել են եվրադատարան, որպեսզի նույնիսկ այլընտրանքային քաղաքացիական ծառայության կայքով չառնչվեն անգամ զինկոմիսարիատի հետ, իսկ Հրայր Թովմասյանը կոշտ դիրքորոշմամբ հանդես գալու փոխարեն դեռ մի բան էլ պատրաստակամ է դրանց հետ բանակցելու: Բայց, կարծես թե, այդ աստիճանի անխոհեմություն անողներ նախարարների պաշտոնակատարների մեջ էլ չկան:
Իսկ նախագահական ընտրություններին նախապատրաստվելու համատեքստում բավականին հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում ամբողջ ՙնարնջագույն՚ դաշտում: Այսպես, պարզվում է, որ ՙԺառանգությունում՚ այնքան էլ համաձայն չեն իրենց թուլակամ առաջնորդի այն կարծիքին, որ պետք չէ մասնակցել նախագահական ընտրություններին: Եվ ՙԺառանգություն՚ կուսակցության վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանը մասնավորապես հայտարարել է. ՙԿուսակցությունը կառաջադրի նախագահական ընտրություններին այն մարդու թեկնածությունը, ում կտեսնի այդ դերում, մի կողմից էլ` տվյալ մարդը պետք է պաստրաստ լինի առաջադրվելու՚:
Ու պարզվում է, որ ՙժառանգականներից՚ շատերի տեսակետը արտահայտող Ա. Մարտիրոսյանը, արդեն գնալով Լեւոն Զուրաբյանի հետքերով, հետամուտ է լինում միասնական թեկնածուի ամերիկյան նախագծի իրագործմանը. ՙՄենք կողմնակից ենք, որ առավել լայն կոնսոլիդացում լինի ներքաղաքական դաշտում՚: Ու հայացքը էլի դեպի ԲՀԿ է. ՙԵթե, օրինակ, ԲՀԿ-ն հայտ ներկայացնի` պաշտպանելու իր հնարավոր այլընտրանքային թեկնածուին, մենք կքննարկենք հարցը եւ պատասխան կտանք՚: Դե, նույնաբովանդակ հույսեր ԲՀԿ-ի հետ կապում է եւ ՀԱԿ-ը: Այսինքն` այդ երկու ՙնարնջագույն՚ ուժերի բաղձանքն ու ձգտումն այն է, որ ԲՀԿ-ն առաջադրի հենց ՙնարնջագույն՚ թեկնածու, որպեսզի միասին պաշտպանեն այդ թեկնածուին: Նույն հակումը, ի դեպ, ունեն եւ ՙԱզատ դեմոկրատները՚, այդ ուղղությամբ իր քայլերն է ուղղում եւ ՀԱԿ-ի համամասնական ցուցակի հետ գլուխ չդրած Դավիթ Շահնազարյանը, կարծես թե ԲՀԿ-ական ՙնարնջագույն՚ թեկնածուի տարբերակին վատ չի վերաբերվում եւ Արամ Զ. Սարգսյանը:
Բայց արդյոք ԲՀԿ-ն իրոք առաջ կքաշի ՙայլընտրանքային՚ թեկնածու: Բայց նաեւ երեւում է, որ ԲՀԿ-ն, որպես այդպիսին, փորձ է կատարում իր քայլերն ուղղել դեպի Արեւմուտք, ու կուսակցության առաջնորդն էլ մասնակցել է Հիլլարի Քլինթոնի կազմակերպած ընդունելությանը, ուր ՙոչ ֆորմալ՚ ձեւով շփվում էր տարբեր ՙնարնջագույն՚ կադրերի հետ, բայց ԱՄՆ պետքարտուղարի հետ այդպես էլ զրույց չստացվեց: Ու կան ենթադրություններ, որ առայժմ հենց ամերիկացիներն են վերապահումով վերաբերվում այդպիսի շփումներին, քանի որ, բնականաբար, չեն կարող մոռանալ եւ ԲՀԿ-ի ու վերջինիս առաջնորդի շփումներն ու մտերմությունը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:
Ինչեւէ, մոտակա նախագահական ընտրությունների գլխավոր ինտրիգը այն է, թե ինչ կստացվի ՙԲՀԿ-ի այլընտրանքային թեկնածու՚ գաղափարից, առայժմ պարզ չէ: Ի վերջո, Օսկանյանն այդ դերի համար չափազանց թույլ է, ԲՀԿ առաջնորդին ինչ-ինչ ՙնարնջագույն՚ դերերում պատկերացնելը բավականին դժվար է, Ռոբերտ Քոչարյանն էլ առայժմ ստվերից դուրս եկողը չէ, չնայած բավականին հետաքրքիր եւ զվարճալի կլիներ դիտարկել, թե ինչպես պետք է ՀԱԿ-ն ու ՙԺառանգությունը՚ պաշտպանեն Ռոբերտ Սեդրակիչին, որին առնվազն ՀԱԿ-ը ժամանակին ուզում էր Հաագայի դատարան տանել:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

