ՙՙԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ՕՐԵՆՍԴԻՐԻՆ ՍՏԵՂԾԵԼ ԿՐՈՆԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ՚
Արխիվ 12-16ՙԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ՕՐԵՆՍԴԻՐԻՆ ՍՏԵՂԾԵԼ ԿՐՈՆԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ՚
Երեկ ՍԻՄ ՙԱզդակ՚ ակումբում տեղի ունեցավ ասուլիս, որի թեման էրª ՙՙԽորան՚ աղանդից տուժվածները՚:
Ասուլիսին ներկա էին Նոր Նորքի սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր սպասավոր Տեր Կարապետ քահանա Կարապետյանը, ՙՄիացյալ երիտասարդական լիգա՚ կազմակերպության համանախագահ Սեւակ Հովհաննիսյանը: Նշենք, որ ասուլիսին պետք է ներկա գտնվեին նաեւ վերը նշված աղանդից տուժածները, որոնք սակայն դժբախտ պատահարի պատճառով չներկայացան ասուլիսին:
Սակայն ներկաներից Սեւակ Հովհաննիսյանը, ով վերջին շրջանում ինչ-որ մարդկանց կողմից ենթարկվում է հետապնդման ու սպառնալիքների, նշեց հետեւյալը. ՙՆախ ցանկանում եմ նշել, որ այն մարդը, ով տուժել է ՙԽորանի՚ կողմից եւ պետք է այստեղ գտնվեր ասուլիսին, Արտաշատի բնակիչ է եւ ոմն Լուսինե Սարդարյանի սկեսրայրն է: Լուսինեն այն մարդն է, ով ապրում է Իսպանիայում եւ ՙԽորանի՚ անունից անընդհատ սպառնալիքներ է հնչեցնում, թե° իմ, եւ թե° Հայաստանի մասին: Իսկ վերջերս էլ նա նամակ էր ինձ ուղարկել ֆեյսբուքով` ասելով, որ ես վտանգի մեջ եմ, եւ լավ կլինի, որ լքեմ Հայաստանը: Այնինչ հիմա, նույն այդ Լուսինեի նախկին սկեսուրն ու սկեսրայրը պատրաստ են պատմելու, թե ինչով է զբաղվում ՙԽորանը՚ եւ առհասարակ իրենք: Այս պահին Լ. Սարդարյանի ամուսինը` Ժորա Ավետիսյանը, ձերբակալված է Իսպանիայում, իր իսկ նախկին կնոջ ձեռքով եւ ՙԽորանի՚ դրդմամբ: Ցանկանում եմ նաեւ փոխանցել տուժածների այն խոսքերը, որ այդ Լուսինե Սարդարյանը անընդհատ ծեծի է ենթարկում իր անչափահաս երեխաներին, որպեսզի նրանք եւս հաճախեն ՙԽորանի՚ հավաքներին: Այս անձնավորությունը գտնվելով անհավասարակշիռ վիճակում, ճիշտ կլիներ, որ պատկան մարմինները ուշադրություն դարձնեն եւ ինչ-որ բան անեն երեխաների անվտանգությունը ապահովելու համար՚:
ՙԻրավունքի՚ երեկվա համարում մենք հրապարակել էինք նաեւ Ս. Հովհաննիսյանի էլեկտրոնային հասցեին ուղարկված մի նամակ, որտեղ ոմն Հրաչիկ Խաչատրյան երիտասարդին առաջարկում է մեծ գումարներª ՙԽորանի՚ մասին այլեւս չխոսելու եւ չհրապարակելու դիմաց: Ինչպես նաեւ նամակում նշված է, թե իրականում ում դեմ է պետք պայքարել` նշելով ներկա իշխանավորներից մի քանիսի անունները, այդ թվում նաեւ ՀՀ նախագահին, իսկ վերջում հորդորում է, որպեսզի գահընկեց անեն Սերժ Սարգսյանին ու սատար կանգնեն Լեւոն Տեր-Պետրոսյանին, որից հետո կդադարեցնեն իրենց հետապնդումները:Այս կապակցությամբ այն հարցին, թե ի±նչ է պատրաստվում անել ՄԵԼ կազմակերպության համանախագահը, նա նշեց. ՙԵս կշարունակեմ հրապարակել նրանց գործունեության մասին եւ բացահայտել, թե ով է Հրաչիկ Խաչատրյանը, ով ինձ նման նամակներ է ուղարկում՚:
Այս կապակցությամբ Տեր ԿԱՐԱՊԵՏ քահանա ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ասաց հետեւյալը.
- ՙԽորանի՚ գործունեությունը հստակ աղանդ է, եւ այն կրոնական կազմակերպությունները, որոնք գրանցվում են Հայաստանում, պետք է դրանց դեմ պայքարը լինի օրինական ճանապարհներով, այն առումով, որ երբ գրանցում են նման կազմակերպություններին, պետք լավ մտածեն, հետո նոր գրանցեն: Կարծում եմ, որ նման դեպքերից խուսափելու համար անհրաժեշտ է օրենքները խստացնել ծայրահեղ ձեւով, որովհետեւ թատերաբեմ դարձած Հայաստանի Հանրապետությունում զանազան կրոնական ուղղությունների առկայության դեպքում ուղիղ հարված է հասցվում պետության անվտանգությանը, հիմքերին: Ինչ վերաբերվում է Ս. Հովհաննիսյանի հետապնդումներին ու սպառնալիքներին, դրանով պետք է զբաղվեն պատկան մարմինները եւ, իհարկե, մենքª հայ եկեղեցին: Ֆրանսիայի նման պետությունը արդեն իսկ արգելում է Եհովայի վկաների գործունեությունը իրենց երկրում, որոնք պարզապես թուլացնում էին իրենց պետության հիմքերը: Իսկ հայ եկեղեցին ասել է ու կասի, որ աղանդները ուղղակի հարվածում են հայոց պետականությանը, իսկ օրինական պայքարին պետք է հասնենք ազգովի, որովհետեւ եկեղեցի ասելով հասկանում ենք ազգ, հասարակություն, անհատ եւ այլն: Երբ Վարդանանց պատերազմի ժամանակ փորձում էին սրով ու հրով վերացնել ազգը աշխարհի երեսից, այսօր դրա փոխարեն Սուրբ գիրքը դարձրել են իրենց համար զենք: Պետությունը դա մի օրգանիզմ է, որը աղանդավորական գործունեությունից հիվանդանում է: Ինչպես գիտենք, վերջին օրերին Ադրբեջանի կողմից տեղի ունեցավ դիվերսիոն հարձակում, եւ եթե մեզ մոտ շատերը սկսեն զենք չվերցնել, ո±վ է պաշտպանելու մեր սահմանները: Հայտնի է, որ աղանդները չեն ծնվել Հայաստանում, դրանք ներխուժել են դրսից եւ գրանտակեր կազմակերպությունները հենց այնպես գումարներ չեն տալիս, եթե դա նպատակամղված չէ ինչ-որ բաներ փոխելու համար: Իսկ հայը, ըստ մեր պատմության, երբ հեռացել է եկեղեցուց, կորցրել է ազգային ինքնությունը: Հետաքրքիրն այն է, որ, երբ աղանդը գալիս է մարդու իրավունքները խախտելու, այս դեպքում մարդու իրավունքների պաշտպանները ձայն չեն հանում, իսկ երբ մենք ենք ցանկանում ինչ-որ կերպ սահմանափակումներ իրականացնել նրանց հանդեպ, պաշտպանները սնկի նման աճում են եւ փորձում են պաշտպանել աղանդի շահերը: Իմ կարծիքով, իրավունքի տեսանկյունից բոլոր տեսակի աղանդները խոցելի են, որովհետեւ նրանք գալիս են քանդելու եւ քայքայելու հայ ընտանիքը, հայ հավատքը, պետականությունը:
Վերջերս ՙԻրավունքի՚ հետ զրույցի ժամանակ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը ասաց, որ եթե զգում եք, որ քարոզ անողները ձեզ շատ են անհանգստացնում դիմեք ոստիկանությանը: ՙՈրքանո±վ է սա քրիստոնեական եւ ի±նչ եք կարծում` կօգնի± ոստիկանության դիմելը, թեª ոչ՚,- հարցին հոգեւոր հայրը պատասխանեց. ՙԱմբողջ աշխարհում գոյություն ունի կրոնական ոստիկան, իսկ մեզ մոտ չկա նման բան: Ես կոչ եմ անում օրենսդիրներին, որպեսզի ստեղծեն այդ ինստիտուտը, ովքեր կզբաղվեն այդ գործով: Այսինքն դրսում մարդաորսի ձեռքը բռնի եւ ենթարկի պատասխանատվության: Իսկ եթե հիմա դիմեն մեր ոստիկանությանը` չեմ կարծում, որ կկարողանան համապատասխան քայլեր ձեռնարկել, քանի որ չեն տիրապետում խնդրին՚:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

