ՙՙՙԻՆՉ ԵՆ ԵՆԹԱԴՐՈՒՄ ՆՈՐ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԸ. ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է ՀՀ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ
Արխիվ 12-16ԻՆՉ ԵՆ ԵՆԹԱԴՐՈՒՄ ՆՈՐ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԸ.
ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է ՀՀ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ
Հունիսի 2-ից ուժի մեջ մտան ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման դեպքում տուգանքների նոր դրույքաչափեր: Այդ փոփոխությունները հանրության մոտ տարաբնույթ գնահատականների տեղիք են տվել: Կարծիքների մի մասն արդարացի է համարում տուգանքների դրույքաչափերի բարձրացումն այն հիմնավորմամբ, որ դա, միանշանակ, կնպաստի երթեւեկության անվտանգության խնդրին: Դժգոհողներն էլ առաջ են բերում այն հակափաստարկը, թե մարդիկ առանց այդ էլ մի կերպ են յոլա գնում ու հիմա ինչպե±ս են տուգանքներ վճարելու: Իսկ ինչպե±ս են պատկան մարմինները գնահատում այս իրավիճակը: Այս մասին զրուցեցինք ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ, գնդապետ ԱՐՍԵՆ ԳԱԼՍՏՅԱՆԻ հետ:
-Նախ թույլ տվեք նկատել, որ խոսքն ամենեւին էլ միայն տուգանքների դրույքաչափերի բարձրացման մասին չէ: Որոշ խախտումների համար, որոնք հաճախակի են արձանագրվում ու համեմատաբար ավելի մեծ վտանգ են ներկայացնում, տուգանքների դրույքաչափերը բարձրացել են: Կան նաեւ մի շարք այլ խախտումներ, որոնց վտանգավորության աստիճանը մեծ չէ, լուրջ հետեւանքներ չեն ունենում, ու նման խախտումների համար դրույքաչափերը նվազել են:
Իսկ, ընդհանուր առմամբ, այս փոփոխությունները նպատակաուղղված են երթեւեկությունը կարգավորելու, կանոնակարգելու, վթարների, դրանց հետեւանքով զոհերի եւ վիրավորների թիվը նվազեցնելուն: Այն դեպքերում, երբ որոշակի խախտումների համար ունենք տուգանքների չափի բարձրացում, հիմնականում առաջնորդվել ենք նախորդ տարիների վթարների վիճակը գնահատելով:
- Այնուամենայնիվ, այս նոր դրույքաչափերի դեմ բողոքողները շատ տրամաբանական նման մեկ փաստարկ են բերում. խնդիրը ոչ այնքան տուգանքների բարձր լինելն է, այլ այն, որ մարդկանց եկամուտն է շատ ցածր: Եվ իրոք, նույնիսկ պաշտոնական տվյալներով, մեր երկրում միջին աշխատավարձը 100-110 հազար դրամի կարգի է: Նույնիսկ պարտաճանաչ վարորդը ամսվա մեջ, ակամա, թերեւս մեկ խախտում թույլ կտա: Իսկ դա նշանակում է, որ նա իր 100-110 հազար դրամ աշխատավարձից պետք է մի 10-20 հազար դրամ տուգանք վճարի:
- Այդ ոչ դիտավորյալ ու ձեր ասածի պես` ակամա խախտումների տուգանքները մեզ մոտ ցածր են: Հիմնականում բարձրացվել են այն տուգանքները, որոնց խախտումները դիտավորությամբ են կատարվում, վթարների հավանականության աստիճանն են բարձրացնում, եւ այլն: Եվ այո°, մենք պահանջում ենք վարորդներից, որ ամսվա մեջ այդպիսի նույնիսկ մեկ խախտում թույլ չտան, քանի որ այն կարող է ունենալ շատ ծանր հետեւանքներ, ընդհուպ` մինչեւ հանգեցնել մարդկանց մահվան: Ու նման խախտման դեպքում, այո°, վարորդը թող նաեւ գիտակցի, որ դա անպայման իր վրա ֆինանսական ծանր հետեւանք է ունենալու, ու խախտում թույլ չտա:
- Սակայն կան նաեւ իրավիճակներ, երբ վարորդը խախտման է գնում իրոք ակամա: Ասենք` ճանապարհի վատ վիճակի, այլ վարորդների թույլ տված սխալի պատճառով: Բայց մեկ է, խախտումը` խախտում է, ու քաղաքացին պետք է հատուցի իր աղքատիկ աշխատավարձի հաշվին:
- Եթե իրոք կատարվում է մանր խախտում, որն առաջացել է երթեւեկության բարդությունից կամ ինչ-ինչ այլ պատճառներից, այսինքն` վարորդի մեղավորությունը քիչ է, եւ իրավիճակն է պարտադրել նրան, ապա նման բոլոր դեպքերի հետ կապված ես պահանջ եմ ներկայացրել մեր ճանապարհային ոստիկաններին` հանգամանորեն ուսումնասիրել ու հնարավորինս ներողամիտ գտնվել: Ամեն դեպքում, եթե խախտումը դիտավորությամբ արված չէ, մեր ոստիկանները դա կհասկանան: Առավել եւս, եթե ճանապարհային իրավիճակն է պարտադրել վարորդին գնալ խախտման:
- Թանկացումների այս նոր փաթեթում մի քանի դրվագ շատ է զայրացրել վարորդների մի որոշակի խմբի: Օրինակ` մեքենա վարելիս ծխելու համար տուգանելը: Տարիներ շարունակ մարդիկ ծխել են, ու կարծես թե դա առանձնապես խնդիր չի առաջացրել: Բայց հիմա վերցնել ու միանգամից ծխելու համար տուգանելը մի տեսակ ծայրահեղություն չէ±:
- Նախ թույլ տվեք Ճանապարհային ոստիկանության անունից եւս հորդորել, որ ծխելը, լինի դա մեքենա վարելիս թե մեկ այլ տեղ, վնասակար է հենց ծխողի համար:
Իսկ ահա, մեքենա վարելու ընթացքում ծխելը, այո°, շատ հաճախ առաջացնում է վթարային իրավիճակ: Նկարագրեմ նման մի պատկեր. արագընթաց ճանապարհին մեքենան երթեւեկում է բավականին մեծ արագությամբ, եւ վարորդը փորձում է ծխախոտի մնացորդը պատուհանից դուրս նետել: Շատերն են հավանաբար բախվել այդ իրավիճակին, երբ քամու հոսանքի պատճառով վառվող ծխախոտը պտտվում ու ընկնում է մեքենայի մեջ: Եվ, որպես կանոն, վարորդը միանգամից փորձում է գտնել ու դուրս նետել ծխախոտի մնացորդը: Մինչդեռ, հիշեցնում եմ, նա ընթանում է բավականին մեծ արագությամբ, ու արդեն դժվար չէ պատկերացնել, թե դա ի±նչ հետեւանք կարող է ունենալ: Պատկերացնենք նաեւ, որ այդ պահին վարորդը մենակ չէր մեքենայի մեջ, այսինքն` այդ ծխախոտի պատճառով մի քանի մարդ ենթարկվում են բավական լուրջ վտանգի:
- Բայց մեքենայի մեջ մոխրաման կա, եւ պարտադիր չէ, որ վարորդը ծխախոտը դուրս նետի: Առավել եւս, որ ավտոմեքենայից ինչ-որ բան դուրս նետելու համար տուգանք առանց այդ էլ կա:
- Իսկ ինչո±ւ հաշվի չառնել, որ ծխախոտի ծուխը, մոխիրը արագության ժամանակ կարող են լցվել վարորդի աչքերը:
Բայց ընդհանուր նայենք. մի ձեռքով ծխում ես, մյուս ձեռքով հեռախոսով ես զրուցում, եւ այլն: Եվ այդ դեպքում ինչպե±ս ես մեքենան վարելու: Հետեւաբար, այս արգելքը համարում եմ արդարացված, եւ դա բխում է միայն վարորդի շահերից:
- Բողոքների մի խումբն էլ վերաբերում է մգեցված ապակիներին: Այստեղ կան միանգամից երեք կարգավիճակի ավտոմեքենաներ. այնպիսիք, որոնց ապակիները գործարանային մգեցում ունեն, այնպիսիք, որոնք այդպես ներկրվել են, այսինքն` պետությունը թույլատրել է, որ այդ կերպ հատեն Հայաստանի մաքսային սահմանը, եւ վերջապես այնպիսիք, որոնք այստեղ են մգեցվել: Այդ երեք դրվագներով ի±նչ մոտեցումներ են գործում:
- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ թույլատրված է, որպեսզի դիմապակին ունենա մինչեւ 70 տոկոսանոց թափանցելիություն: Եթե չի համապատասխանում այդ նորմին, ապա միանշանակ պետք է դիմապակին փոխվի: Եթե ներկրվում է ավտոմեքենան, ապա այն պետք է համապատասխանեցվի մեր երկրի պահանջներին:
- Իսկ եթե այդ ապակին գործարանային արտադրությամբ է:
- Ես դեռ չեմ հանդիպել գործարանային արտադրության մեքենայի, որը չհամապատասխանի այդ չափանիշին:
Բայց ասեմ նաեւ, որ այս հարցում փոփոխություն չի եղել. ինչպես գործող նորմը, այնպես էլ դրա խախտման դեպքում սահմանված տուգանքի դրույքաչափը մնացել է նույնը` ինչ որ կար: Ճիշտ է, այս հարցում մի տեսակ խոսակցություններ են սկսվել, սակայն դրանք բացարձակապես անհիմն են, քանի որ, ինչպես նշեցի, բան չի փոխվել:
Ինչ վերաբերում է կողային եւ ետեւի դիմապակիներին, ապա կառավարության որոշմամբ թույլատրված է ե°ւ դրանց գունամշակումը, ե°ւ վարագուրապատումը:
- Իսկ վարորդը ինչպե±ս կարող է իմանալ, թե իր մեքենայի ապակու մգեցվածության աստիճանը նորմայի մե±ջ է:
- Բնականաբար, համապատասխան սարքի միջոցով է կատարվում այդ չափումը:
- Քննարկվում է նաեւ ամրագոտիների հարցը: Այս անգամ պահանջվում է նաեւ, որ ավտոմեքենայի ետեւի ուղեւորները եւս երթեւեկեն ամրագոտիները գցած: Բայց կան ավտոմեքենաներ, որոնց համար ետեւի ամրագոտիներ առհասարակ չեն եղել:
- Եթե գործարանային թողարկմամբ սահմանված չէ ետեւի ամրագոտի, բնականաբար, այդ դեպքերում ամրագոտի չգցելը որպես խախտում չի արձանագրվելու:
- Այս փոփոխությունների հետ կապված դեռ կան բազում հարցեր, որոնք երեւի ժամանակի ընթացքում կմեկնաբանվեն: Սակայն արդեն կխնդրեի դուրս գալ այս թեմայից եւ, ընդհանուր առմամբ, նկարագրել, թե ներկայումս ի±նչ է տիրում մեր ճանապարհներին:
- Վթարների քանակը, ցավոք, ներկայումս մի փոքր աճել է: Բնականաբար, դա պայմանավորված է նրանով, որ մեր հանրապետությունում գնալով ավելի ու ավելի է աճում արագընթաց ավտոմեքենաների թիվը:Եվ առհասարակ, տրանսպորտային միջոցների քանակն է տարեցտարի մեծանում: Թեեւ նույնիսկ մեկ մարդու կորուստը շատ ցավալի է, սակայն դրական է այն, որ տարվա սկզբից մինչ այս պահն ունեցել ենք երեք զոհ պակաս, քան անցած տարվա նույն ժամանակաշրջանում: Եվ այս բոլոր միջոցառումները, որոնք արվում են, նպատակ են հետապնդում առավելագույնս նվազեցնել ինչպես վթարների, այնպես էլ դրանց պատճառով զոհերի եւ վիրավորների թիվը:
Ընդգծեմ, որ այս փոփոխություններով հատկապես խստացվել է ոգելից խմիչք օգտագործած վիճակում մեքենա վարելու դեպքում պատասխանատվությունը. նախկինում առաջին տուգանքը սահմանված էր 50 հազար դրամ, իսկ ներկայումս` 100 հազար: Դա արվել է հաշվի առնելով, որ այս խախտումը մեր պատահարների պատճառների մեջ առաջին չարիքներից մեկն է:
- Մահերով վթարների պատճառը հիմնականում խմի±չքն է:
- Այո°, խմածությունն էլ այստեղ լուրջ պատճառ է: Սակայն առաջին տեղում կարելի է առաձնացնել արագության գերազանցումը:
- Եթե չեմ սխալվում` կա խմիչք օգտագործելու թույլատրելի սահման:
- Այո°, այստեղ էլ ենք խստացրել. եթե առաջ թույլատրվում էր արյան մեջ 0,4 տոկոս սպիրտային բաղադրություն, հիմա այդ նորմը 0,2 տոկոսն է:
- Վերջին ժամանակներս նկատվում են նաեւ մոտոցիկլետների եւ նույնիսկ հեծանիվների հետ կապված վթարներ, այն էլ` ծանր հետեւանքներով: Եվ նկատենք, որ գնալով ավելի ու ավելի շատ հեծանվորդներ, մոտոցիկլետավարներ են հայտնվում մեր փողոցներում: Ի±նչ եք մտածում այս ուղղությամբ:
- Հեծանվորդներն իրավունք չունեն երթեւեկել ավտոտրանսպորտի համար սահմանված երթեւեկելի մասով, իսկ մոտոցիկլետների հետ կապված մենք միջոցառումներ մշակում ենք, եւ մոտ օրերս անպայման դրանք կդրվեն կիրառման մեջ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

