ՙԱՆՀԱՄԵՄԱՏԵԼԻ ԽԱՂԵՐ ԷԻՆ...՚
Արխիվ 12-16![]()
ՙԱՆՀԱՄԵՄԱՏԵԼԻ ԽԱՂԵՐ ԷԻՆ...՚
Ֆուտբոլասերները երեկ երեկոյան, համոզված եմ, հաճույքով դիտեցին ՙՀանրապետական՚ մարզադաշտում կայացած Հայաստանի եւ Ղազախստանի հավաքականների ընկերական հանդիպումը: Ինչպես խոստացել էր հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, խաղի ընթացքում նա կատարեց որոշ փորձարկումներ: Դրանք առավել զգալի էին երկրորդ խաղակեսում, երբ արդեն մերոնք հաղթում էին 3:0 հաշվով: Երկու գոլի հեղինակ էր դարձել Դոնեցկի ՙՄետալուրգի՚ կազմում հանդես եկող Գեւորգ Ղազարյանը, ով ամբողջ խաղի ընթացքում աչքի ընկավ ակտիվությամբ, գրագետ խաղով, իսկ նրա հեղինակած առաջին գոլին կարող են նախանձել համաշխարհային ֆուտբոլի աստղերից շատերը:
Երրորդ գոլի հեղինակը ՙԿրասնոդարի՚ կազմում հանդես եկող Յուրա Մովսիսյանն էր: Ցավոք, այս էլ երկրորդ հանդիպումն է, որ, ունենալով աչքի ընկնելու բազմաթիվ պահեր, այդպես էլ մեր հավաքականի առաջատարներից Հենրիխ Մխիթարյանը գոլ չհեղինակեց: Ինչպես նշեց ֆուտբոլային մեկնաբանը, ընկերական հանդիպումների ժամանակ վրիպումները սարսափելի չեն, կարեւորը պաշտոնական հանդիպումներում աչքի ընկնելն է: Հանդիպումից հետո զրուցեցինք հայտնի մարզական մեկնաբան ՍՈՒՐԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ:
-Ի±նչ տպավորություն ստացաք այս հանդիպումից: Կարելի± է այս հանդիպումը համեմատել Հունաստան-Հայաստան հանդիպման հետ:
- Զուտ խաղի իմաստով անհամեմատելի խաղեր էին. առաջին մրցավեճում մեր հավաքականը լրիվ անճանաչելի էր, եւ ինչ-որ տեղ իրոք մտահոգություն առաջացրեց, որ մի±թե մերոնք մոռացել են այն հարձակողական ֆուտբոլը: Բայց ղազախների հետ մրցավեճում տեսանք, որ մեր թիմը նախկին հարձակողական ոճի թիմն է ու կարողացավ հանդիպման ընթացքում ե°ւ երեք գոլ խփել, ե°ւ բազմաթիվ գոլային պահեր ստեղծել: Մեր հավաքականը թիմային արագությամբ, նաեւ անհատական որակներով բացահայտորեն գերազանցում էր Ղազախստանի հավաքականին եւ ցանկության դեպքում կարող էր հաղթել ավելի խոշոր հաշվով:
- Իհարկե, Հունաստանի հավաքականն ավելի ուժեղ է, բայց ղազախներն էլ այնքան թույլ չեն, եւ նրանց նույնիսկ հաջողվել է հաղթել մեր հավաքականին:
- Ընդհանրապես եվրոպական հավաքականներն այսօր թույլ չեն: Ճիշտ է, հիմա ղազախական ֆուտբոլը ինչ-որ տեղ, կարելի է ասել, ինքնամփոփված վիճակում է: Ինչքան ես գիտեմ, այդ երկրի հավաքականում, նույնիսկ խորհրդային տարիներին` ՙԿայրաթում՚ այլ հանրապետություններից հրավիրված ֆուտբոլիստներ էին լինում: Հատկապես հավաքականում լինում էին Ռուսաստանում հանդես եկող ֆուտբոլիստներ: Բայց այսօր զարմացա, որ կար ընդամենը մեկ լեգեոներ, որ խաղում է Գերմանիայի 2-րդ բունդեսլիգայում, բայց խաղային անհրաժեշտ որակները չուներ: Հիմա Ղազախստանը հանդես է գալիս միայն տեղի ֆուտբոլիստներով, եւ, ինչպես նշեց նրանց գլխավոր մարզիչը, Ղազախստանի առաջնության արագությունն այն չէ, ինչպիսին որ Հայաստանի հավաքականինն է: Նա նաեւ հավելեց, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների մեծամասնությունը հանդես է գալիս հեղինակավոր եվրոպական թիմերում: Իրոք խաղամակարդակի տարբերություն էր առաջին հերթին թիմային արագության եւ խաղային որակների առումներով:
Ռ. ԹԱԹՈՅԱՆ

